Մատչելիության հղումներ

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը վստահ է, որ նախագահը կստորագրի հանրաքվեի մասին որոշումը


ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց, արխիվ

Համապետական հանրաքվեն, որով կորոշվի Սահմանադրական դատարանի նախագահի և ևս վեց դատավորների հետագա պաշտոնավարման հարցը, ամենայն հավանականությամբ, կլինի մարտի վերջից մինչև ապրիլի 5-ը ժամանակահատվածում։ Օրը կորոշի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ այն բանից հետո, երբ երկրի նախագահը կստորագրի երեկ Ազգային ժողովում քվեների 88 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունված՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշման նախագիծը։

Խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը դրական պատասխանեց հարցին՝ վստահություն ունե՞ն, որ նախագահը կստորագրի նախագիծը։ «Ունենք այնպիսի տպավորություն, որ նախագահը համերաշխ է այն մոտեցման հետ, որն ունի «Իմ քայլը» խմբակցությունը», - ասաց նա։

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հանդիպել նախագահ Արմեն Սարգսյանի հետ և քննարկել Սահմանադրական դատարանի ճգնաժամի հարցը։

«Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման հարցով քննարկումներ ենք ունեցել հանրապետության նախագահի հետ և համոզվել, որ նա համաձայն է տվյալ իրավիճակը հանրաքվեով լուծելու առաջարկվող բանաձևի հետ, ինչի մասին կարծում եմ ինքը կհայտարարի», - երեկ Ազգային ժողովում ասաց վարչապետը։

Մակունցը հայտարարեց՝ հանրաքվե անցկացնելու ԱԺ որոշումը չի ուղարկվելու Սահմանադրական դատարան, իսկ ԵԽԽՎ համազեկուցողների կոչը՝ նախագիծը կարծիք ստանալու համար ուղարկել Վենետիկի հանձնաժողով, խորհրդարանական մեծամասնությունը քննադատություն չի համարում։

«Որևէ քննադատություն չկա, կա առաջարկ, հնչեցված առաջարկ, իսկ հրատապությունը պայմանավորված էր մի շարք հանգամանքներով։ Գիտեք, որ աշխատանքային խումբը արդեն ձևավորված է սահմանադրական փոփոխությունները քննարկելու առումով, և մենք այդ համատեքստում նույնպես կարևորում ենք այս գործընթացը», - ասաց Լիլիթ Մակունցը։

«Ձեր քաղաքական ուժը նույնիսկ Ընտրական օրենսգիրքն էր պահանջում, նախկին իշխանությունների օրոք, ուղարկել Վենետիկի հանձնաժողով։ Ինչո՞ւ այս անգամ այդ տարբերակով չգնացիք՝ հանրաքվեի դրվող հարցը չուղարկվեց միջազգային կառույցներին», - «Ազատության» այս հարցին «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն արձագանքեց. - «Որովհետև նախորդ բոլոր ընտրությունները եղել են մեծագույն կասկածի տակ՝ լեգիտիմության առումով։ Այստեղ, այս պարագայում, 2018 թվականի ընտրությունները որևէ կերպ չեն վիճարկվել որևէ ինստիտուտում»։

Հանրաքվեի դրվող հարցին զուգահեռ, դեռ մի քանի շաբաթ ուժի մեջ է ՍԴ անդամների կամավոր կենսաթոշակի անցնելու օրենքը: Երեկ իր ելույթում վարչապետը դիմեց ՍԴ անդամներին՝ ասելով. - «Դուք ինքներդ՝ ՍԴ անդամներդ, կարող եք լուծել այդ ճգնաժամը՝ մեծ ծառայություն մատուցելով պետությանը և ժողովրդին, գնահատելի ծառայություն մատուցելով»։

«Ահա, ուրեմն, Սահմանադրական դատարանի հարգելի անդամներ, դուք կարող եք հրաժարական ներկայացնել մինչև Հանրապետության նախագահի կողմից տվյալ որոշման ստորագրումը և դրանով մեծ ծառայություն մատուցած կլինեք Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին: Ասեմ նաև, որ պատրաստ եմ հանդիպել բոլորիդ հետ՝ առանց բացառության, առանձին-առանձին, կամ բոլորով՝ այս հարցը, նրա մանրամասները քննարկելու համար: Կարող եմ խնդրել ձեզ անել այդ քայլը՝ անձամբ, ձեր աչքերի մեջ նայելով, և կարող եմ ժողովրդի անունից արժանին մատուցել այս իրավիճակը հանգուցալուծելուն ձեր աջակցությանը», - հայտարարեց Փաշինյանը։

Եթե հանրաքվեի դրվող հարցին կողմ արտահայտվեն, կամ եթե մինչ այդ կամավոր կենսաթոշակի հնարավորությունից օգտելով դատավորները հրաժարական տան, ՍԴ-ում միանգամից 7 դատավորի տեղ կազատվի: «Իմ քայլ»-ում ունե՞ն դատավորի թեկնածուներ գործընթացն արագ կազմակերպելու և հավանական ճգնաժամից խուսափելու համար, «Ազատություն»-ը հետաքրքրվեց Մակունցից։

«Վարչապետը իր խոսքում նշեց, որ քննարկման արդյունքում նրանք ներկայացրել են միանշանակ դիրքորոշում հանրաքվեի կարևորության համար, և դա ինձ վստահություն է ներշնչում», - հարցին արձագանքեց խորհրդարանական մեծամասնության ղեկավարը։

XS
SM
MD
LG