Մատչելիության հղումներ

Նախագահը ստորագրել է ՍԴ անդամների վաղ կենսաթոշակային համակարգի օրենսդրական փաթեթը


Սահմանադրական դատարանի շենքը Երևանում, արխիվ

Նախագահը ստորագրեց Սահմանադրական դատարանի (ՍԴ) անդամներին վաղ կենսաթոշակի հնարավորություն տվող օրենսդրական փաթեթը։

Եթե օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում 2018-ի ապրիլի 9-ից առաջ նշանակված Սահմանադրական դատարանի յոթ անդամները, նրանց թվում՝ դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, հրաժարական տան, մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան աշխատավարձի ու հավելավճարների չափով կենսաթոշակ։

Խորհրդարանական ընդդիմադիրների խիստ քննադատությանն արժանացած, արտախորհրդարանականների կողմից էլ ՍԴ անդամների նկատմամբ ճնշում որակված նախաձեռնությունը խորհրդարանում ընդունվեց բացառապես իշխանական «Իմ քայլի» ձայներով:

Իշխանությունից հակադարձում են՝ երբ պահպանված է կամավորության սկզբունքը, ի՞նչ ճնշման մասին է խոսքը։ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն այսօր ողջունեց նախագահի քայլը, կարծում է՝ սա ևս մեկ հնարավորություն է Սահմանադրության շրջանակներում լուծել ՍԴ ճգնաժամը:

«Սա, ըստ էության, կամավոր ընթացակարգ է, որին դատավորները կարող են դիմել, կարող են չդիմել։ Այս ճգնաժամը ոչ այնքան Ազգային ժողովին է հետաքրքրում, որքան Սահմանադրական դատարանին։ Ի վերջո Սահմանադրական դատարանի հեղինակության և վստահության հարցն է, և այս ճգնաժամի լուծման հարցում առաջին շահագրգռված կողմը պետք է լինի հենց Սահմանադրական դատարանը։ Ընդ որում նշեմ, որ նաև դրական եզրակացություններ ստացել է այս ինստիտուտը նաև Վենետիկի հանձնաժողովի կողմից, այսինքն՝ մենք չենք նախաձեռնել որևիցե քայլ, որը դուրս է եվրոպական ստանդարտներից, իրավունքի գերակայության ոլորտում», - ասաց Վլադիմիր Վարդանյանը։

Խորհրդարանական ընդդիմադիրները մինչդեռ ՍԴ-ում ճգնաժամ չեն տեսնում: Հաշվել էին՝ 7-ի հրաժարականի դեպքում պետությունը նրանց 600 միլիոն դրամ պետք է վճարի, ծախսը անաշխատ եկամուտ էին որակում:

«Մնում ենք մեր կարծիքին, այո, դա համարվել և համարվում է անաշխատ եկամուտ, անիմաստ հարկատույի փողի կրկնակի ծախս, որովհետև այն դատավորը, որը որ դիմում կգրի կգնա, նրա փոխարեն կնշանակվի նոր դատավոր և համ էդ դատավորը կստանա գումար, համ էլ էն դատավորը, որը գնացել է վաղ կենսաթոշակի։ Այսինքն՝ պետությունը կրկնակի ծախս է էստեղ անելու», - ասաց «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Օրենքի սահմանադրականության հարցով ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանը» ՍԴ դիմելու ծրագրեր չունի:

«Սահմանադրական դատարան դիմել չարժե, մենք ինքներս չենք նախաձեռնի, ինչո՞ւ, որովհետև Սահմանադրական դատարանի դատավորները շահագրգիռ են այս օրենքի հետ կապված, և այստեղ օրենքը կամավոր գործելու իմաստով թողնվում է իրենց խղճի վրա», - նշեց Մարուքյանը։

ՍԴ անդամներին վաղ կենսաթոշակի հնարավորություն տվող օրենսդրական փաթեթը թերևս այն եզակիներից է, երբ ստորագրելուց բացի նախագահը հարկ է համարել նաև մեկնաբանել իր քայլը: Արմեն Սարգսյանի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել, թե նախագահը ստորագրել է օրենքը՝ կարևորելով «Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապահովումն ու առաջնորդվելով բացառապես համապետական շահերով»: Արմեն Սարգսյանը համարում է, որ օրենքի գործողության ընթացքում Սահմանադրական դատարանի անդամները, ինչպես իր եզրակացության մեջ նշել է Վենետիկի հանձնաժողովը, «առանց որևէ անհարկի քաղաքական կամ անձնական ճնշման, բացառապես կամավորության սկզբունքով կարտահայտեն իրենց վերաբերմունքը՝ ընդունելով կամ չընդունելով կենսաթոշակի հնարավորությունը»:

Իհարկե, որոշում կայացնելու համար մինչև գարուն ժամանակ ունեն, բայց ՍԴ անդամներից ոչ մեկը մինչ այս պահը հրապարակային չի հայտարարել վաղ կենսաթոշակի գնալու մտադրության մասին:

«Եթե դատավորը գրում է դիմում և գնում է վաղ կենսաթոշակի, ուրեմն էդ դատավորը գտնում է, որ ինքը իր տեղում չէ», - հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը։

«Իմ քայլից» Վլադիմիր Վարդանյանը կարծում է՝ եթե ՍԴ անդամները օգտվեն վաղ կենսաթոշակի հնարավորությունից, կապահովեն, որ ՍԴ-ին վերաբերող Սահմանադրության գործող նորմերը 15-17 տարի հետո չկիրառվեն:

«Սահմանադրական դատարանը, որի կազմավորման և ձևավորման կագը նախատեսված է Սահմանադրությամբ, ձևավորվի ոչ թե 2035 կամ 37 թվականին, այլ շատ ավելի վաղ։ Դուք խոսում եք դատական իշխանության մասին, առնվազն այդ դատարանը, որը նախատեսված է Սահմանադրության մեջ, ենթադրում է, որ դատարանի դատավորներից երեքը պետք է լինեն ընդհանուր դատական համակարգից նշանակված, ինչը այսօրվա դրությամբ այդպես չէ», - ասաց Վարդանյանը։

XS
SM
MD
LG