Մատչելիության հղումներ

Արդարադատության նախարարը չի բացառում՝ սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՍԴ-ն ամբողջովին կփոխվի


Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան

Սահմանադրական դատարանի շուրջ և ողջ դատական համակարգում ստեղծված ճգնաժամը կարող է և պետք է լուծվի սահմանադրական փոփոխությունների արդյունքում՝ այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Միաժամանակ նախարարը չբացառեց, որ փոփոխությունների արդյունքում կձևավորվի ամբողջովին նոր սահմանադրական դատարան. - «Ես էլ եմ կարծում, որ Սահմանադրական դատարանի ճգնաժամը հնարավորինս շուտ պետք է հանգուցալուծվի։ Ինչ վերաբերում է վաղ կենսաթոշակին, ժամանակ կա՝ եթե չեմ սխալվում, մինչև փետրվարի 27-ը, և որևէ մեկը չի կարող գնահատել աշխատեց, թե չաշխատեց, քանի դեռ վերջին օրը չի եկել, և մենք չենք արձանագրել, որ որևէ մեկը չդիմեց։ Բայց դրանից ոչ մի տրագեդիա չի լինի, եթե որևէ մեկը վաղ կենսաթոշակի չդիմի, որևէ տրագեդիա չի լինի, եթե որևէ մեկը դիմի։ Ես ասել եմ, որ դատական համակարգում առկա ընդհանուր ճգնաժամը և մասնավորապես Սահմանադրական դատարանի ճգնաժամը կարող է լուծվել և պետք է լուծվի սահմանադրական փոփոխություններով։ Որովհետև հիմա, կարծում եմ, ինչ լուծում էլ գտնենք, այդ լուծումը ամբողջությամբ, հարյուր տոկոսով չի կարող հիմք հանդիսանալ հասարակության վստահությունը վերականգնելու ամբողջ դատական համակարգի նկատմամբ»։

Այս երկուշաբթի ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե անառարկելի փաստ գոյություն ունի, որ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունն Ազգային ժողովում տեղի է ունեցել կեղծիքով՝ շարունակելով, թե հեղափոխությունից անմիջապես հետո իր գլխավորած իշխանության օրակարգում Հրայր Թովմասյանի հրաժարականի հարցը չհայտնվեց, որովհետև նորաստեղծ կառավարության օրակարգը խիստ հագեցած էր առաջնահերթ հարցերով, բացի այդ մոտեցումը պետք է լիներ իրավական տեսանկյունից։

Ըստ վարչապետի, երբ Հրայր Թովմասյանի համար ակնհայտ է դարձել, որ իշխանությունը չի համաձայնելու կոծկել իր կողմից արած կեղծիքները, նա սկսել է քաղաքական դաշտում պաշտպանություն փնտրել, այդ թվում հանրապետությունից դուրս՝ ներքաշվելով հիբրիդային հեղաշրջման տրամաբանության մեջ։

Վարչապետի հայտարարությանը հաջորդեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությունը, թե չի նահանջելու, կպայքարի մինչև վերջ, այդ ճանապարհն է ընտրել, ու որևէ մեկն իրեն չի կարող կանգնեցնել։ 168.am-ի հետ հարցազրույցում Թովմասյանը ընդգծել էր. «Ինչը մեզ չի սպանում, մեզ ուժեղացնում է, այսօր ես ինքս ինձ չեմ հարգի, եթե այդ բոլոր պատճառներով հետնահանջ կատարեմ այն խնդիրներից, այն գործից, որն ինձ է վերապահված, դուք ինձ չեք հարգի, և ընդհանրապես ոչ ոք ինձ չի հարգի, ես դա կհամարեմ իմ արժանապատվության նվաստացում»։

Երեկ հայտնի դարձան Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների թեկնածուների գրեթե ողջ կազմի անունները։ Արդարադատության նախկին նախարար, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նախկին անդամ Արփինե Հովհաննիսյանը, ով թավշյա հեղափոխությունից հետո կասեցրեց իր անդամակցությունը կուսակցությանը, նույնպես հայտ էր ներկայացրել հանձնաժողովում աշխատելու, սակայն չի ընդգրկվել։

Ռուստամ Բադասյանն այսօր ներկայացրեց նման որոշման պատճառը. - «Մեր պաշտոնական փաստաթղթում՝ Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության, նշվում է, որ քննադատություն է հնչում 2015 թվականի փոփոխությունների և դրան հաջորդած պրոցեսների հետ կապված։ Բնականաբար, մենք այդ հանգամանքը չէինք կարող դրական առումով գնահատել։ Ոչ թե ով 15-ին մասնակցել է, չէր կարող մասնակցել, այլ ինքնին այդ հանգամանքը չեր կարող դրական համարվել այս փուլի ընտրություններում։ Բայց ես ի գիտություն եմ ընդունում, որ տիկին Հովհաննիսյանը ուզում էր անկեղծ մղումներով օգնել մեզ։ Մենք այդ օգնությունից չենք հրաժարվի, սա ոչ առաջին, ոչ վերջին ֆորմատն է»։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե փաստորեն աննուղղակի ձևով խոստովանում է, որ Արփինե Հովհաննիսյանը չընդգրկելը քաղաքական որոշում է եղել, Բադասյանն արձագանքեց. - «Քաղաքական որոշում է կայացվել, որ մեզ պետք են իրավաբան գիտնականներ, և ըստ դրա քաղաքական որոշում է կայացվել դիմումի ուսումնասիրության ընթացքում՝ հաշվի առնելով իմ նշած դրական և բացասական հանգամանքները, և այդ չափանիշների հիման վրա հենց այդ վեց իրավաբան գիտնականներն են ընտրվել»։

Ֆեյսբուքի իր էջում Բադասյանին այսօր արձագանքել է Արփինե Հովհաննիսյանը. «Ի սկզբանե նշել էի, որ հանձնաժողովում ընդգրկվելու հիմքը համագործակցելու մղումն էր՝ չնայած տարբեր ժամանակներում ու տարբեր առիթներով իշխանություններին ուղղված իմ քննադատություններին։ Այսօր արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պարզաբանել է, թե ինչ պատճառներով ես չեմ ընդգրկվել հանձնաժողովի մեջ՝ այն է՝ «դա եղել է քաղաքական որոշման արդյունք»։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Բադասյանին անկեղծ պատասխանի համար, որը լիովին արտահայտում է սահմանադրական հանձնաժողովի ձևավորման հիմքում ընկած չափանիշները: Ավելին անգամ դժվար էր պատկերացնել։ Սա ակնհայտ խտրականություն է՝ պայմանավորված քաղաքական հայացքներով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG