Մատչելիության հղումներ

Վենետիկի հանձնաժողովի նախագահը զսպվածության կոչ է անում ՍԴ-ի շուրջ կոնֆլիկտի կողմերին


Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիո, արխիվային լուսանկար

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն կիսում է ԵԽԽՎ մոնիտորինգի համազեկուցողների մտահոգությունները կառավարություն-ՍԴ լարվածության վերաբերյալ: Այս մասին նա նշել է իր հայտարարության մեջ:

«Ես շարունակում եմ մտահոգված մնալ Հայաստանի Սահմանադրական դատարանին վերաբերող բացահայտ կոնֆլիկտով: Կիսում եմ ԵԽԽՎ մոնիտորինգի համազեկուցողների մտահոգություններն այդ առնչությամբ», - ասված է հայտարարության մեջ:

Ջիանի Բուքիքիոն նախ հիշեցրել է 2019 թվականին Վենետիկի հանձնաժողովի կողմից ընդունված հանձնարարակաները, որ «ցանկացած վաղ կենսաթոշակի սխեմա պետք է իսկապես լինի կամավոր, բացառվի որևէ անպատեհ քաղաքական կամ անձնական ճնշում դատավորների վրա, և պետք է այնպես մշակվի, որպեսզի չազդի ընթացիկ գործերի արդյունքների վրա»:

«Վերջին հանրային հայտարարությունները և գործողությունները չեն համապատասխանում այս չափանիշներին և չեն նպաստելու իրավիճակը հանգուցալուծելուն: Ժողովրդավարական մշակույթը և հասունությունը պահանջում են, որ պետական ինստիտուտները դրսևորեն ինստիտուցիոնալ զսպվածություն, բարի կամք, փոխադարձ հարգանք: Ես կրկին կողմերին կոչ եմ անում զսպվածություն հանդես բերել և հանգուցալուծել այս անհանգստացնող իրավիճակը, որպեսզի հնարավոր լինի Հայաստանի Սահմանադրության նորմալ կիրառումը», - հորդորել է Վենետիկի հանձնաժողովի նախագահը:

Հիշեցնենք, ԵԽԽՎ Հայաստանի մշտադիտարկման համազեկուցողները նկատել էին․ - «Մենք արդեն շեշտել ենք, որ քաղաքական խաղացողները պետք է զերծ մնան գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես դատական համակարգի վրա ճնշման գործադրում: Բացի այդ, մենք կոչ ենք անում բոլոր կողմերին նվազեցնել լարվածությունը:

Վերջապես, այս լարվածությունը չպետք է ստվերի Հայաստանում իրականացվող բարեփոխումների անհրաժեշտությունը` լինեն դրանք նախապատրաստական փուլում գտնվող բարեփոխումները, թե բարեփոխումներ, որոնք արդեն մեկնարկել են Եվրոպայի խորհրդի համար հետաքրքրություն ներկայացնող շատ ոլորտներում»։

XS
SM
MD
LG