Մատչելիության հղումներ

ԱԺ-ն այսօր կքննարկի Սահմանադրության փոփոխության և ՍԴ-ին առնչվող օրենքների նախագծերը


Ազգային ժողովի նիստ, արխիվ

Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստի օրակարգում են Սահմանադրությունում փոփոխության մասին նախագիծը՝ առաջին ընթերցմամբ, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը՝ առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցերը:

Առաջինով Սահմանադրական դատարանի նախագահը և այն վեց դատավորները, որոնք ընտրվել են նախքան 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը, կդադարեն պաշտոնավարել: Իսկ փաթեթում ընդգրկված մյուս նախագիծը, որը հեղինակն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն է, թույլ է տալիս այդ գործընթացն իրականացնել՝ շրջանցելով Սահմանադրական դատարանը:

Օրակարգը հաստատվեց երեկ երեկոյան հրավիրված ԱԺ խորհրդի նիստում: Դեմ քվեարկեցին միայն խորհրդում ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները՝ ընդհանուր թվով 5 ձայն:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նախագծերը հակասահմանադրական որակեց։ «Հրատապ, առանց միջազգային փորձաքնննության, առանց Հայաստանի պարտավորությունները ստուգելու, առերևույթ հակասահմանադրական նախագծեր են շրջանառված։ Դրան բացատրություն տրվեց, որ քաղաքական որոշում է սա», - նշեց Մարուքյանը։

Նիստը հրավիրվել է հատուկ ընթացակարգով, հետևաբար՝ հարցի քննարկում չի անցնի նաև համապատասխան հանձնաժողովում: Խորհրդի անդամ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ասաց՝ լրագրողների հետ խոսել չի նախատեսում, և հարցերի չպատասխանեց։

Իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ևս հակված չէր հարցերի պատասխանել, միայն առաջարկեց սպասել արտահերթ նիստի քննարկումներին։

Նախագիծը համահեղինակել են «Իմ քայլ»-ի 37 պատգմավորներ: Ընդդիմադիր Էդմոն Մարուքյանը պատահական չի համարում, որ այս աննախադեպ մեծ թվով հեղինակների շարքում չկան «Իմ քայլ»-ի իրավաբան-մասնագետ պատգավորները:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասում է՝ պարզապես վերջին երկու օրը Հայաստանում չի եղել։ «Կստորագրեի՞ք նման փաստաթղթի տակ» հարցը մեկ անգամ շրջանցելուց հետո, պատասխանում է. - «Ենթադրում եմ, որ այո, որովհետև սա ևս մեկ անգամ վկայում է նրա մասին, որ Կառավարությունը, Ազգային ժողովը փորձում է սահմանադրական հունի ներքո լուծել ցանկացած հարց, որը առաջանում է երկրի սահմանադրաիրավական օրակարգում»։

Երեկ խորհրդի նիստի ավարտից հետո ԱԺ նախագահը հանդիպում է ունեցել նաև Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ: Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը հեռացավ առանց որևէ հարցի պատասխանելու:



XS
SM
MD
LG