Մատչելիության հղումներ

Մակունց. Պիտի գտնենք այն ճանապարհը, որով ԱԺ-ն կառաջարկի ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծումը


Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց

Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի առաջարկած փոփոխությունները խորհրդարանում ընդունվելու դեպքում ավելի կխորացնեն իշխանության կողմից բարձրաձայնվող Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը:

Նախաձեռնության հեղինակը առաջարկում է պարտադիր չդարձնել թե՛ հանրաքվեի դրվող, թե՛ Ազգային ժողովում ընդունվող Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ՍԴ ներկայացնելը՝ դրա սահմանադրականությունը որոշելու համար:

Այժմյան կարգավորումներով մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ամբողջությամբ ընդունվելը, Ազգային ժողովն ընդունած որոշմամբ այն ուղարկում է Սահմանադրական դատարան։ Պատգամավորն առաջարկում է լրացում՝ որոշումը չընդունվելու դեպքում հարցը քվեարկության է դրվում առանց ՍԴ որոշման։

Հովակիմյանը նաև առաջարկում է, որ Ազգային ժողովի ընդունած Սահմանադրության փոփոխությունները ԱԺ նախագահն այլևս չուղարկի Հանրապետության նախագահին՝ ստորագրման, այլ անձամբ հրապարակի:

Մյուս փոփոխությունը վերաբերում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությանը. որ հարցը կարող է քննարկվել ոչ թե Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում (դրանք երկու շաբաթը մեկ են անցկացվում), այլ նաև արտահերթում։

Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյան

Ընդդիմադիր Մարուքյանը համոզված է, որ այս փոփոխություններն առաջարկվում են իշխանության հայտարարած առաջիկա սահմանադրական փոփոխությունների ժամանակ ՍԴ-ն շրջանցելու նպատակով. - «Ակնհայտ է, որ սա արվում է, որ էդ որոշումը ներկայացվի, իշխող մեծամասնությունը դեմ քվեարկի կամ չմասնակցի քվեարկությանը, տապալի քվեարկությունը, և նախագիծը ուղիղ գնա դեպի փոփոխություններ։ Սրա համար է արվում՝ Սահմանադրական դատարանը շրջանցելու։ Բայց իրենց ասելու են՝ Սահմանադրական դատարանը գրավված է և այլն, և այլն, դրա համար է արվում... Բայց մենք սրանով նաև խախտում ենք Սահմանադրական դատարանի իշխանության սահմանը։ Եվ մենք քանի որ չենք նայում խնդիրները անձերով, մենք նայում ենք ինստիտուտներով, մենք մտնում ենք այդ ինստիտուտի տարածք, ըստ էության, ապականում ենք այդ ինստիտուտի լիազորությունների ամբողջ շղթան, որը կապված է սահմանադրական փոփոխությունների որևէ նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը ստուգելու հետ։ Քանի որ իրենք տեսնում են, որ սահմանադրական այնպիսի փոփոխությունների նախագիծ կարող են առաջարկել, որը ակնհայտ խնդիրներ առաջացնի Սահմանադրության հետ, ուզում են շրջանցել Սահմանադրական դատարանը։ Շատ պարզ է»։

Մայր օրենքը Սահմանադրության փոփոխության երկու ճանապարհ է նախատեսում՝ հանրաքվեի միջոցով և ԱԺ-ի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով՝ նայած, թե որ հոդվածներում են կատարվում այդ փոփոխությունները։

Նախաձեռնության հեղինակն իր առաջարկը հիմնավորել է այսպես. Սահմանադրության ընդունմանը, փոփոխությանն ու հանրաքվեին վերաբերող հարցերը կարգավորող գլխում չկա Սահմանադրական դատարան դիմելու միջոցով Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը ստուգելու պարտադիր պահանջ: Բայց ՍԴ լիազորություններին վերաբերող հոդվածում կա ձևակերպում՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունումը Սահմանադրական դատարանը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը: Հեղինակը պնդում է, որ միայն այդ ձևակերպումը չի նշանակում, թե ՍԴ դիմելը պարտադիր է՝ նույն Սահմանադրությունից մեջբերում անելով, թե Սահմանադրական դատարանը հարցին անդրադառնում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում:

Ըստ Մարուքյանի, իրենց նախնական տրամադրվածությունը բացասական է, բայց ասաց, որ սպասում են քննարկումներին. եթե կարող են, թող համոզեն: Նա կարծում է, որ նաև միջազգային պարտավորությունների լույսի ներքո խնդիրներ կարող են առաջանալ. - «Որովհետև արդեն իսկ ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը այնքան էլ մեզ համար շահեկան չէր։ Դրա մեջ հստակ ուղերձներ կան իշխանությանը, որ մի մտեք դատական իշխանության տիրույթ և մի խախտեք հակակշիռները»։

Առաջարկների հեղինակը՝ Վահագն Հովակիմյանը հրաժարվեց մեկնաբանություններից:

Բովանդակային քննարկումների մեջ չցանկացավ մտնել նաև «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մանկունցը՝ հայտարարելով, որ փոփոխությունների առաջարկը պետք է դիտարկվի ամբողջականության մեջ:

Իշխանական խմբակցության ղեկավարի խոսքով, փոփոխությունները, ամենայն հավանականությամբ, ամսի 6-ին արտահերթ նիստով կքննարկվեն: Համապատասխան թվով պատգամավորների առաջարկն արդեն իսկ կա։ Ի դեպ ուշագրավ է, որ Մակունցը նաև ասաց, որ արտահերթի ժամանակ կքննարկվի Սահմանադրական դատարանի ճգնաժամի հանգուցալուծման հարցը։ Փակագծեր հրաժարվեց բացել, նիստի օրակարգն էլ մինչ այս պահը հայտնի չէ:

Իշխանությունը հայտարարում է, թե Սահմանադրական դատարանի ճգնաժամը պետք է լուծվի հնարավորինս արագ: ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն անգամ ժամկետներ էր նշել՝ առաջիկա մեկ-երկու ամսում։

«Ազատության» հետ զրույցում Լիլիթ Մակունցն ասաց. - ««Իմ քայլը» խմբակցությունը գտնում է, որ անհրաժեշտություն կա արտահերթ նիստ հրավիրելու Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծումը քննարկելու հարցով։ Եվ այս պահին, իհարկե՝ այն նախագծի շուրջ, որը ներկայացնում է Վահագն Հովակիմյանը»։

«Ազատություն». - Պնդում եք, որ այս փոփոխությունների փաթեթը Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման բանալի՞ն է։

Մակունց. - «Դուք փորձում եք, որ ես այնուամենայնիվ բովանդակային մեկնաբանություններ հնչեցնեմ արտահերթ նիստի օրակարգի վերաբերյալ, որը ես այնուամենայնիվ կպնդեմ, որ չեմ անի։ Մենք պիտի գտնենք հանգուցալուծումը այս հարցի։ Մենք պիտի գտնենք այն ճանապարհը, որով Ազգային ժողովը կառաջարկի Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծումը»։

«Ազատություն». - Միջազգային գործընկերների առումով խնդիրներ կարո՞ղ են լինել։ Օրինակ, դա գնահատվի Սահմանադրական դատարանի վրա ճնշում։

Մակունց. - Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ին, ապա վերջին հայտարարությունը եթե մենք ուշադիր ընթերցենք, կտեսնենք, որ այդ հայտարարության մեջ նույնպես արձանագրվում է, որ, այո, Հայաստանի Հանրապետությունում կան խնդիրներ այդ առումով, և սահմանադրական փոփոխություններից հետո բխող խնդիրներ առկա են։ Այնպես որ, միջազգային հանրությունը, կարծում եմ, նույնպես այս առումով իր արձանագրումն արել է։ Այլ բան է, իհարկե, որ մենք զգուշավորություն պետք է դրսևորենք, ինչը արել ենք այս ընթացքում»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG