Մատչելիության հղումներ

Փետրվարի 7-ին կկայանա Պուտին-Լուկաշենկո հերթական հանդիպումը


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այցելում է Դոբրուշի թղթի գործարան, 4-ը փետրվարի, 2020թ.
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այցելում է Դոբրուշի թղթի գործարան, 4-ը փետրվարի, 2020թ.

Փետրվարի 7-ին կկայանա Ռուսաստանի և Բելառուսի նախագահների հանդիպումը։ Այդ մասին այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Դոբրուշի թղթի գործարան այցի ժամանակ։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես հաստատել է տեղեկությունը։

«Ամենայն հավանականությամբ՝ փետրվարի 7-ին մենք կհանդիպենք նախագահ Պուտինի հետ։ Ինչպես ես հասկանում եմ և բաց խոսում եմ դրա մասին, եկել է ճշմարտության պահը։ Մենք ստեղծեցինք այդ լավ հարաբերությունները Բելառուսի և Ռուսաստանի միջև, մենք այդ հարաբերությունների ճարտարապետներն ենք, արդյո՞ք պետք է դրանք կոտրենք մեր քաղաքական կարիերայի վերջում։ Մենք հավերժ չենք, ի՞նչ ենք թողնելու՝ սա է հարցը», - ասել է Բելառուսի նախագահը։

Լուկաշենկոն, ի դեպ, արդեն հայտարարել է, թե հերթական անգամ մասնակցելու է նախագահական ընտրություններին, որոնք Բելառուսում նախատեսված են այս տարի։

Հիշեցնենք՝ շաբաթ օրը Մինսկում էր Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն, և նրա այցը աննկատ չի անցել Մոսկվայի համար։

Լուկաշենկոն այսօր հերթական անգամ շեշտել է, որ Բելառուսը ցանկանում է լավ հարաբերություններ կառուցել եղբայրական ռուս ժողովրդի հետ, սակայն հավելել է, թե Մոսկվան խոստացել էր Բելառուս ներմուծել էներգակիրներ Ռուսաստանի ներքին գներով և խաբել է։

«Բելառուսը ցանկանում է ջերմ, բարի և ընկերական հարաբերություններ եղբայրական ռուս ժողովրդի հետ։ Եթե նրանք՝ ռուսները, չեն ցանկանում, թող մեզ ասեն, որ չեն ուզում, և չգոռան՝ այ, Փոմփեոն է եկել, Թրամփը վաղը կգա, ի՞նչ են անելու», - ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հավելելով, թե Բելառուսն ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականությունը։

Կրեմլը այս հայտարարություններին դեռ չի արձագանքել։

Հիշեցնենք՝ Մայք Փոմփեոն հետխորհրդային չորս երկրներ կատարած շրջագայության ժամանակ փետրվարի 1-ին այցելել էր Բելառուս։ Սա Միացյալ Նահանգների պետքարտուղարի առաջին այցն էր այդ երկիր 1990-ականների սկզբից ի վեր։ Այցն անցնում էր Ռուսաստանի և Բելառուսի միջև հարաբերությունների հերթական ճգնաժամի ֆոնին։ Երկու երկրները դեռևս չեն կարողացել համաձայնեցնել Բելառուսին նավթի մատակարարման պայմանները, չեն կարողացել նաև համաձայնության գալ Ռուսաստան-Բելառուս միութենական պետության դե ֆակտո ստեղծման ճանապարհային քարտեզի շուրջ։

XS
SM
MD
LG