Մատչելիության հղումներ

Բելառուսի նախագահը չի բացառում, որ 2020-ը փորձությունների տարի լինի


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, դեկտեմբեր, 2019թ.

Ռուսաստանի հետ փակուղի մտած բանակցությունների ֆոնին Բելառուսի նախագահը չի բացառում` «2020 թվականը կարող է փորձությունների տարի լինել»: Այս մասին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց հինգշաբթի օրը Մինսկում հրավիրված խորհրդակցության ժամանակ` դիմելով մի շարք շրջանային վարչակազմերի ղեկավարներին:

«Դա բարդ, շատ բարդ տարի է լինելու: Եվ եթե կարողանանք այն արժանավայել կերպով անցկացնել, կնշանակի, որ մենք ինչ-որ բանի, այնուհանդերձ, ընդունակ ենք: Մարտահրավերներն այժմ շատ են, և թե ինչ է մեզ սպասում ապագայում, որևէ մեկը ասել չի կարող», - նշում էր Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահի այս հայտարարությունը հնչեց Ռուսաստանի հետ ամբողջ դեկտեմբեր ամսվա ընթացքում շարունակված և այդպես էլ որևէ արդյունքի չհանգեցրած բանակցություններից մի քանի օր անց: Սոչիում, ապա Սանկտ Պետերբուրգում կայացած այդ բանակցությունների ընթացքում պարզ դարձավ, որ պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը Բելառուսի հանդեպ զգալիորեն կարծրացել է: Ռուսաստանի իշխանությունները պահանջում էին նոր լիցք հաղորդել երկու երկրների ինտեգրացիոն գործընթացներին՝ միայն այդ դեպքում խոստանալով պահպանել Բելառուսի համար տարիներ շարունակ գործած արտոնյալ տնտեսական պայմանները:Մոսկվան մասնավորաբար պահանջում է կառավարման մի շարք ոլորտներում վերազգային մարմիններ ստեղծել: Մինսկում, սակայն, լուրջ մտավախություն ունեն, որ այդ քայլը կարող է հանգեցնել բելառուսական պետականության կորստի:

Դատելով Լուկաշենկոյի երեկվա հայտարարություններից` Մինսկում որպես ինքնիշխանության համար գլխավոր ճակատամարտ ընկալում են հաջորդ տարի անցկացվելիք նախագահական ընտրությունները:

«Մենք ոչ մի դեպքում չպետք է թուլանանք: Հիմնական զարգացումները դեռ առջևում են: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաջորդ տարին բարդ է լինելու նաև ընտրական գործընթացների տեսանկյունից, ես ձեզ խնդրում եմ` լրջորեն աշխատեք մարդկանց հետ: Հարկավոր է համբերատար լինել, գնալ մարդկանց մոտ և աշխատել նրանց հետ», - դիմելով ենթականերին՝ ասում էր Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոյի խոսքով, ի դեպ, Բելառուսի համար հնարավոր խնդիրների գլխավոր աղբյուր կարող է դառնալ երկրի տնտեսությունը: Բելառուսի նախագահը, այդուհանդերձ, չէր հստակեցնում` արդյոք խոսքը ճգնաժամի՞, թե՞ արտաքին տնտեսական ճնշման մասին է:

«Գլխավոր սպառնալիքը, եթե այն կա, տնտեսական է: Իսկ տնտեսությունը կախված է մեզնից` ղեկավարներից: Կկարողանանք արդյունավետ կերպով ղեկավարել գործընթացները` երկիրը չի քանդվի», - հայտարարում էր Լուկաշենկոն:

XS
SM
MD
LG