Մատչելիության հղումներ

Բելառուսը պատրաստվում է նավթ գնել Ռուսաստանից բացի այլ երկրներից ևս՝ միջազգային գներով


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպում է նավթային ոլորտի փորձագետների հետ, Մինսկ, 21-ը հունվարի, 2020թ.

Բելառուսը հայտարարել է, թե պատրաստվում է Ռուսաստանից գնել ներքին սպառման համար անհրաժեշտ նավթի միայն 30-40 տոկոսը, մյուս մասը ներկրել այլ երկրներից:

«Արևելքի մեր եղբայրները վախեցնում են, թե դա շատ թանկ կնստի մեզ վրա, որպեսզի փորձենք, մենք որոշել ենք գնել Ադրբեջանից, Էմիրություններից, Նորվեգիայից, Միացյալ Նահանգներից՝ միջազգային գներով», - հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ոլորտի փորձագետների հետ հանդիպման ժամանակ:

Նա պնդել է, թե Մինսկը ցանկանում է վառելիք գնել նաև ԵԱՏՄ անդամ Ղազախստանից, Մոսկվան, սակայն, խոչընդոտում է: «Տարօրինակ է՝ մեր դաշնակիցը համաձայնություն չի տալիս, որ նավթ գնենք մեկ այլ դաշնակցից։ Ինչ արած, սա է իրավիճակը, և մենք պետք է դրա հետ հաշվի նստենք», - ասել է Բելառուսի նախագահը:

Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, թե Ռուսաստանը Բելառուսի համար անընդունելի պայմաններ է առաջարկում և այս կերպ ճնշում գործադրում՝ երկու պետությունները միավորելու պահանջով:

XS
SM
MD
LG