Փաստաբանների պալատը ահազանգում է փաստաբանների կապի և տեղեկատվական այլ միջոցների անվտանգության խախտման դեպքերի մասին:
Ըստ պալատի՝ 2019-ի նոյեմբերից մինչև հունվարն ընկած ժամանակահատվածում հինգ այսպիսի դեպք է արձանագրվել։
Մեկը վերաբերում է փաստաբան Էդգար Թումասյանի և իր վստահորդների միջև հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններին, որոնք ի վերջո հայտնվել էին քննիչի մոտ, իսկ վերջինս հրաժարվել էր դրանք ոչնչացնել։
«Օպերատիվ հետախուզական միջոցառումների մասին» օրենքը, որը մի քանի օր առաջ փոփոխության ենթարկվեց՝ ԱԱԾ-ից զատ, ոստիկանությանն էլ հնարավորություն տալով սեփական միջոցներով գաղտնալսում իրականացնել, պահանջում է անհապաղ ոչնչացնել գաղտնալսվողի փաստաբանի հետ ունեցած խոսակցությունների, նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների նյութերը։
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Վարդան Կարապետյանը գաղտնալսել է փաստաբաններ Աշխեն Դաշյանի և Կարեն Ղազարյանի ու նրանց վստահորդ Արթուր Աղաջանյանի հեռախոսային խոսակցությունները, որոնք այնուհետև կցվել են քրեական գործին։
Պալատի ներկայացրած մյուս դեպքը վերաբերում է երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանին։ Նա պնդում է, որ իր աշխատանքային էլեկտրոնային փոստը, իրենից անկախ պատճառներով անհասանելի է դարձել. - «Ենթադրությունս սկզբում էն էր, որ հաքերները կոտրել են և շուտով հաղորդագրություն կստանամ այլ միջոցներով, որ ենթադրենք էսքան գումարը էսինք հաշվին փոխանցելու դեպքում հաշիվս կբացվի։ Բայց էդպիսի առաջարկ չեղավ»։
Ալումյանը անհավանական է համարում, որ որևէ ցանցահեն, անշահախնդիր, միայն հետաքրքրության համար կարող է էլեկտրոնային փոստ կոտրել. - «Հաքերի տարբերակը գրեթե բացառում եմ։ Մնում է մտածել՝ բա էլ ո՞վ։ Մյուս տարբերակն այն է, որ հատուկ ծառայություններն են դա արել»։
Փաստաբանի խոսքով, Էլեկտրոնային փոստի նամակագրության գերակշիռ մասը Ռոբերտ Քոչարյանի գործին է վերաբերում, ներքին քննարկումներ, փաստաթղթերի նախագծեր. - «Նա, ով որ դա արել է, հիմա շատ մեծ չափով իմ փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկություններին հիմա ծանոթ է»։
Պալատը պնդում է, որ փաստաբանների խոսակցությունների գաղտնիությունը երաշխավորված է օրենսդրությամբ, այս հարցը կարգավորվում է նաև միջազգային փաստաթղթերով։
ՄԻԵԴ-ը հիմնվելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային մի շարք որոշումներ է կայացրել, որոնց համաձայն փաստաբանական գաղտնիքը ենթակա է հատուկ պաշտպանության։
2000 թվականի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի «Իրավաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» հանձնարարականի համաձայն, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները, որպեսզի փաստաբանները կարողանան իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնել առանց խտրականության և առանց խոչընդոտների, ինչպես հանրության, այնպես էլ իշխանությունների կողմից:
Փաստաբանների պալատը պետական իրավասու մարմիններից պահանջում է պատասխանատվության ենթարկել փաստաբանների և վստահորդների միջև հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը կազմակերպած և քրեական գործի նյութերին կցելու որոշում կայացրած քննիչներին, ոչնչացնել այդ նյութերը և հանձնարարել բոլոր քննիչներին այսուհետ բացառել նման իրավիճակները։