Մատչելիության հղումներ

Սաքունցը գաղտնալսման վերաբերյալ առաջարկվող փոփոխության մեջ մարդու իրավունքների խախտման նոր ռիսկեր է տեսնում


Իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Ազատության» տաղավարում, արխիվ

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով էական չէ՝ Ոստիկանությունն է գաղտնալսում քաղաքացիներին, թե Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), նրա գնահատմամբ՝ օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքն ի սկզբանե մարդու իրավունքների տեսանկյունից ռիսկային է: Սաքունցն ասում է՝ գործող օրենքը չունի այնպիսի ընթացակարգ, որը հնարավորություն կտա մարդուն իր իրավունքների հնարավոր խախտումները կանխել և բողոք ներկայացնել այդ խախտումների դեպքում:

«Օպերատիվ հետախուզական որևէ միջոցառման մասին տվյալներ, մինչ այժմ, Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացու չեն ծանոթացրել, երբ նրա նկատմամբ որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավելու որոշումը կարճվել է, և ըստ օրենքի՝ պետք է նրան ծանոթացնեն նրա նկատմամբ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների մասին տեղեկությունը, որպեսզի նա, եթե գնահատում է, որ այդ միջոցառումների իրականացմամբ խախտվել է իր իրավունքը, կարողանա բողոքարկել», - «Ազատության» հետ զրույցում նշեց իրավապաշտպանը:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի մշակած նախագիծն առաջարկում է փոփոխել այս օրենքը՝ Ազգային անվտանգության ծառայությունից զատ, գաղտնալսելու հնարավորություն տալ նաև Ոստիկանությանը:

Ներկայիս կարգավորումներով՝ գաղտնալսելու համար Ոստիկանությունը միջնորդությամբ դիմում է ԱԱԾ-ին: Նախագծում նշված է՝ «կխնայվի ԱԱԾ-ին դիմելու, տեխնիկական աջակցություն ստանալու և կազմակերպչական հարցերի համար ծախսվող ժամանակը, հատկապես անհետաձգելի դեպքերում կբարձրանա հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունավետությունը, ինչը կնպաստի հանցագործությունների առավել արագ և օպերատիվ բացահայտմանը, կերաշխավորվի մարդու անձնական կյանքին միջամտության որոշակիությունը»։

Օրենքի համաձայն՝ քաղաքացիներին գաղտնալսելու համար դատարանի համապատասխան որոշումն է պետք: Այս մասով որևէ փոփոխություն պատգամավորի առաջարկը չի ենթադրում։

Արթուր Սաքունցի կարծիքով՝ Ոստիկանությունը պետք է ունենա գաղտնալսելու հնարավորություն: «Նորից եմ կրկնում՝ խնդիրը ամենևին նրանում չէ, թե քանի մարմին կլինի, կամ քանի մարմին կունենա նման լիազորություն, խնդիրն այն է, թե արդյոք ապահովված է օրենքով մարդու իրավունքների խախտումների կանխումը և նաև իրավունքների վերականգնման արդյունավետ մեխանիզմը: Ասում ենք՝ ոչ, ապահովված չէ, հետևաբար՝ նման փոփոխությունը ինքը կավելացնի անպայման, անխուսափելիորեն կավելացնի մարդու իրավունքների խախտման ռիսկերը», - ընդգծեց իրավապաշտպանը:

Երեկ իշխանական խմբակցության պատգամավորի առաջարկը քննարկվեց Ազգային ժողովում, առաջարկվող փոփոխություններին դեմ է Կառավարությունը։ Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը պարզաբանեց․ - «Արդյո՞ք մենք երաշխավորում ենք այս փուլում՝ առանց բարեփոխված Ոստիկանություն ունենալու, չգիտեմ, ինֆորմացիայի արտահոսքը և նման այլ ռիսկերը արդյո՞ք մենք գնահատում ենք, թե՞ ոչ: Այն, որ Կառավարությունը այս պահին դեմ է նախագծի ընդունմանը, պայմանավորված է հենց այդ հանգամանքով, որ դեռևս չի վերջնականացվել Ոստիկանության ռազմավարության, Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության ծրագիրը»:

«Ազատության» եթերում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով իրենց պատգամավորի առաջարկին, կարծիք հայտնեց, թե Ոստիկանությունը պետք է լրացուցիչ գործիքակազմ ունենա աշխատանքներն ավելի պրոֆեսիոնալ իրականացնելու համար: Մակունցի խոսքով՝ Արդարադատության նախարարության և այլ դիտարկումները պետք է հաշվի առնել, բայց, կարծում է, «այս ճանապարհը ճիշտ ճանապարհն է»:

XS
SM
MD
LG