Մատչելիության հղումներ

Գաղտնալսել են փաստաբան Թումասյանի ու նրա վստահորդ մեղադրյալի միջև խոսակցությունները


Փաստաբան Էդգար Թումասյան, 21-ը հունվարի, 2020թ.
Փաստաբան Էդգար Թումասյան, 21-ը հունվարի, 2020թ.

Առևանգման հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակում գաղտնալսել են փաստաբան Էդգար Թումասյանի ու նրա վստահորդ մեղադրյալի միջև խոսակցությունները, փաստաբանը քննիչից պահանջել է ոչնչացնել նյութերը, վերջինս մերժել է միջնորդությունը:

«Օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում արգելվում է այդ միջոցառումներն իրականացնել, երբ անձը հաղորդակցվում է իր փաստաբանի հետ: Քննիչը նշել է հետևյալը, որ փաստել էր, որ իրոք մեր կասկածները տեղին են, և առկա է փաստաբանի և վստահորդի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում, սակայն դրանք ապացուցողական նշանակություն չունեն», - ասաց փաստաբան Թումասյանը:

Օպերատիվ հետախուզական միջոցառումների մասին օրենքը, որն այսօր փոփոխության ենթարկվեց՝ ԱԱԾ-ից զատ, ոստիկանությանն էլ հնարավորություն տալով սեփական միջոցներով գաղտնալսում իրականացնել, պահանջում է անհապաղ ոչնչացնել գաղտնալսվողի փաստաբանի հետ ունեցած խոսակցությունների, նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների նյութերը:

Փաստաբանը քննիչի մերժումը բողոքարկել է դատախազին՝ նշելով՝ անկախ բովանդակությունից դրանք ենթակա են անհապաղ ոչնչացման:
Թումասյանը դիմել է Փաստաբանների պալատին ու Մարդու իրավունքների պաշտպանին։ Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել. կառույցը պնդում է՝ տեղի է ունեցել փաստաբանի և վստահորդի միջև հեռախոսային խոսակցության ապօրինի գաղտնալսում: Փաստաբանների պալատը դատապարտում է քննիչ Արմեն Գյոզալյանի կողմից փաստաբանական գաղտնիքը խախտող գործողությունները ու իրավասու մարմիններին ու պաշտոնատար անձանց հորդորում խոսակցության նյութերն անհապաղ ոչնչացնել։
Փաստաբանների պալատն այս դեպքն ուսումնասիրելիս պարզել է՝ խնդիրը համակարգային բնույթ է կրում:

«Իրականում ստացվում է, որ գրեթե բոլոր դեպքերում, մեզ հանդիպած օրինակ բանավոր քննարկումների արդյունքում, որ այդ նյութերը չեն ոչնչացվում», - ասում է ՓՊ նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանը: Ըստ նրա՝ փաստաբանը գաղտնիքը պահպանելու պարտավորություն ունի, պետությունն էլ երաշխավորել է, որ փաստաբանի ու վստահորդի խոսակցությունը գաղտնի կմնա. - «Սրանք երաշխավորված են միջազգային իրավական ակտերով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներ կան այս հանգամանքի վերաբերյալ, որոնք ասում են, որ որևէ դեպքում որևէ բացառիկ հանգամանք չկա, որ փաստաբանը երբ խոսել է իր վստահորդի հետ, դա կարող է օգտագործվել կամ կարող է լսվել»:

Մկրտչյանն ահազանգում է՝ չոչնչացված և գործերում մնացած նյութերը կարող են դատարան հասնել, ճիշտ է, դրանք որպես ապացույց չեն կարող հանդիսանալ, բայց եթե այդ խոսակցություններում ամբաստանյալը փաստաբանին ասում է, որ առնչություն ունի իրեն մեղսագրվող արարքի հետ, դատավորի մոտ կարող է ներքին համոզմունք առաջանալ:

«Անկախ նրանից, թե գործում, օրինակ, մեղադրյալին վերագրվող արարքն ապացուցող որևէ փաստ կա, թե չկա, դատավորը հակված է, քանի որ արդեն ներքին համոզմունք ունի, այս խոսակցությունը լսել է, անպայման մեղադրյալին պատասխանատվության ենթարկելու: Եվ այստեղ մի չնչին, չգիտեմ, կես ապացույցը կարող է պատճառ հանդիսանալ, որպեսզի այդ մեղադրյալն, օրինակ, ազատազրկվի», - ասաց նա:

Իսկ շա՞տ են արդյոք այն դեպքերը, երբ փաստաբանի ու վստահորդի խոսակցությունը դատարան է հասել, Մկրտչյանը նկատեց. - «Հավատացեք, չհանդիպեցինք որևէ փաստաբանի, որ ասաց, օրինակ, իմ և իմ վստահորդի միջև եղած խոսակցությունը վերացվել է: Այսինքն՝ դրանք բոլոր դեպքերում գնացել են դատարան»:

ՓՊ նախագահի խորհրդականի խոսքով՝ այդ նյութերը կարող են հասանելի դառնալ դատավարության բոլոր մասնակիցներին, իսկ այդ խոսակցություններում, օրինակ, հնարավոր է քննարկվեն, թե կողմն ինչ մարտավարությամբ է մասնակցելու դատավարությանը։ Նա մտահոգիչ է համարում նաև օպերատիվ հետախուզական միջոցառումների մասին օրենքի փոփոխությունները, մասնավորապես փոփոխությունների փաթեթը մշակողների դրա անհրաժեշտության մասին պնդումները. - «Որ ԱԱԾ-ի համապատասխան ստորաբաժանումը թեթևացնելու անհրաժեշտություն կա: Ի՞նչ է ստացվում, որ մինչ այս ԱԱԾ-ն հասցնում էր, և թեթևացնելու անհրաժեշտություն չկար, և հիմա փաստորեն ստացվում է, որ այդ քանակն ավելացել է այնքան, որ ոստիկանությունում պետք է համապատասխան ստորաբաժանումը, համապատասխան աշխատակիցները, համապատասխան գործիքները ներդրվեն, որպեսզի հասցվեն սրանք սպասարկել: Ստացվում է, որ ավելի շատ քաղաքացիներ, հետևապես նրանց հետ ավելի շատ փաստաբաններ լինելու են գաղտնալսման տակ»:

Քննչական կոմիտեն հայտնում է՝ փաստաբան Թումասյանի ու իր վստահորդի հետ կատարվածի առթիվ կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում իրականացվում է նախնական ուսումնասիրություն։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG