«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ անելու օրենսդրական առաջարկ ներկայացրած Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասում է՝ ոստիկանությունն այժմ էլ ունի գաղտնալսելու հնարավորություն, սակայն համապատասխան սարքավորումներ չունենալու պատճառով դիմում է ազգային անվտանգության ծառայությանը։
«Ոստիկանությունն այդ միջոցառումն իրականացնում է այլ ծառայության տեխնիկական միջոցով՝ Ազգային անվտանգության ծառայության, դրանով ծանրաբեռնելով նախ, Ազգային անվտանգության ծառայությանը, դրանով ավելորդ փաստաթղթաշրջանառություն, ժամանակի կորուստ։ Եկեք չմոռանանք ինչի մասին ենք խոսում՝ օպերատիվ-հետախուզական միջացառման, ի՞նչ է նշանակում օպերատիվ, օպերատիվ բառի թարգմանությունը՝ հրատապ, բայց եթե նա չունի այդ սարքը և ստիպված է այլ ծառայության սարքից օգտվել, դրա համար որոշակի փաստաթղթաշրջանառություն պետք է իրականացնի, կորում է հրատապությունը», - ասաց Խաչատրյանը։
Մինչ պատգամավոր ընտրվելը ոստիկանությունում տարբեր պաշտոններ զբաղեցրած Արմեն Խաչատրյանը և իշխող խմբակցության մեկ այլ անդամ անդամ Սիփան Փաշինյանն առաջարկում են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները կանխարգելելու և բացահայտելու համար ոստիկանությանն ինքնուրույն գաղտնալսելու հնարավորություն տալ, ներկայիս կարգավորումներով ոստիկանությունն այդ գործողության համար դիմում է Ազգային անվտանգության ծառայությանը, վերջինից տեխնիկական աջակցություն է ստանում և իրականացնում օպերատիվ-հետախուզական միջոցառում։ Ինչպես գործող կարգավորումներով, այնպես էլ պատգամավորների առաջարկի ամբողջությամբ ընդունվելու դեպքում գաղտնալսելու համար դատարանի համապատասխան որոշումն է անհրաժեշտ։
Խաչատրյանը անընդունելի է համարում այն, որ ոստիկանությունը գաղտնալսելու տեխնիկական միջոցներ չունի․ «Իհարկե, այս միջոցը տրամադրելուց հետո մենք պահանջելու ենք, որպեսզի հանցավորության դեմ պայքարը ավելի արդյունավետ լինի, բացահայտումների տոկոսը ավելի բարձրանա և վստահ եմ, որ դա կլինի»։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ մինչդեռ ընդգծում է՝ հեռախոսային գաղտնալսման օրինականության նկատմամբ հսկողություն չկա: Ընդգծում է՝ առանց ոստիկանության համակարգում արմատական բարեփոխումների այս գործիքը նրանց տալ չի կարելի: Իրավապաշտպանը հավելում է՝ այս օրենսդրական առաջարկը պետք էր հանրային քննարկման դնել։ Արմեն Խաչատրյանը հակադարձեց, իրենց մշակած նախագիծը դատաիրավական բարեփոխում չէ, որ հանրային քննարկման դրվի։
«Ո՞նց կարելի է հանրային քննարկման դնենք՝ սարքը բերենք, թե չէ, ձեռնաշղթա առնենք, թե չէ, Ճանապարհային ոստիկանության համար մեքենա առնենք, թե չէ, համակարգիչ առնենք, թե չէ, հո էս ամեն ինչը հանրային քննարկման չի՞ դրվելու, հանրային վստահությունը դուք արդեն հայտնել եք կառավարություն ձևավորելով և Ազգային ժողով, և նա պետք է արդեն էս հարցերին պատասխանի», - ասաց Խաչատրյանը։
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ, խոսելով այս կարգավորումների մասին, 2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունները հիշեց. «10 տարի Մարտի 1-ից հետո անցել է ԱԱԾ-ն ուներ և հետևում էր էդ բոլոր տեսանկարահանող [սարքերով] և ո՞ւր են դրանց հետևանքները և ինչո՞ւ ես հավատամ, որ եթե էսօր ոստիկանությունն էլ է ունենալու էդ բոլոր տեխնիկական միջոցները, դա մի նոր Մարտի 1 չի կանխելու կամ հետո չի բացահայտելու կամ բացահայտելու է դա»։
Ազգագրագետն ասաց, թեև գործող օրենքում գրված է, որ պատասխանատուները խախտումներ չպետք է անեն, բայց ինքը մտահոգություն ունի։
«Հիմա ես հարց եմ տալիս՝ իրավունք չունի, բայց որևէ պատժամիջոց չի նախատեսված, եթե նա իրավունք չունի խախտում անել, ի՞նչն է հետևելու դրան, եթե նա խախտում արեց», - նշեց Խառատյանը։
Իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը պարզաբանեց՝ օպերատիվ-հետախուզական միջոցառման վերահսկում է միջոցառումն իրականոցնողի վերադասը և պատասխանատվություն է կրում, հսկողություն է իրականացնում դատախազը, որը նույնպես պատասխանատու է, իսկ ամենամեծ վերահսկողական գործառույթը պատգամավորի խոսքով դատարանինն է։
«Օրենքով նախատեսված է, որ յուրաքանչյուր տարի, մինչև հունվարի 31-ը մարմնի ղեկավարները պետք է հաշվետվություն ներկայացնեն Հայաստանի Հանրապետության վարչապետին կատարված բոլոր գաղտնալսումների մասին։ Բացի այդ ևս մի անկախության և վերահսկողության միջացառում, այս պաշտոնյան, Օպերատիվ-տեխնիկական այդ ստորաբաժանման ղեկավարին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետը Ոստիկանության պետի կամ Ազգային անվտանգության ծառայության պետի ներկայացմամբ։ Սա ապահովվում է նաև ինչ-որ չափով գերատեսչական, ներգերատեսչական անկախություն», - ընդգծեց Խաչատրյանը։
Քննարկման ավարտին Արթուր Սաքուննցն ու Հրանուշ Խառատյանն առաջարկեցին օրենքում փոփոխություն անելու փոխարեն այն ամբողջությամբ վերանայել։ Օրենքի փոփոխությունն արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ, երկրորդը հաջորդ տարի տեղի կունենա: