Մատչելիության հղումներ

Թովմասյանին մեղսագրվող արարքը կապ չունի զբաղեցրած պաշտոնի հետ, պնդում է ԱԺ նախագահը


Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 13-ը հունվարի, 2020թ.

Հրայր Թովմասյանին մեղսագրվող արարքը որևէ կապ չունի իր զբաղեցրած պաշտոնի հետ: Այսօր «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահի այն հայտարարությանը, թե իրեն ժամանակին զգուշացրել էին, որ եթե հրաժարական չտա, քրեական հետապնդման կենթարկվի:

«Որևէ զբաղեցրած պաշտոն չի ենթադրում, որ հիմա մենք ինչ-որ գործողություններ ենք անում, այսինքն՝ քաղաքական հետապնդումների մասին խոսք լինել չի կարող», - ասաց Միրզոյանը:

Իր մտահոգությունների մասին Հրայր Թովմասյանը Արարատ Միրզոյանի հետ չի կիսվել, երբ հանդիպել է Սուրբ Ծննդյան պատարագին: Միրզոյանն ասաց՝ ընդամենը մի երկու կատակ են արել. - «Չէ, մենք 1-2 կատակ արեցինք, այդքանը»:

168.am-ի հրապարակումն էլ այն մասին, որ իշխանություները տեղեկություններ են հավաքագրում Սահմանադրական դատարանի դատավորների արտաամուսնական կապերի մասին, որպեսզի նրանց ստիպեն օգտվել վաղաժամկետ կենսաթոշակի հեռանալու հնարավորությունից, Միրզոյանը պարզապես անհեթեթություն որակեց․ - «Ես այդքան ժամանակ չունեմ, որ որևէ մտացածին վարկածներ մեկնաբանեմ»:

Մի քանի օր լրատվամիջոցներում տարածվող նմանօրինակ տեղեկություններին անդրադարձել է նաև գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Անանուն աղբյուրներին արվող հղումներով տեղեկություններ են տարածում իրավապահ մարմինների ղեկավարների, այդ թվում՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մասնակցությամբ վարչապետի կողմից հրավիրված ինչ-որ գաղտնի ժողովի անցկացման մասին, որի ընթացքում, իբր, վարչապետի կողմից հանձնարարություն է տրվել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահից և մյուս դատավորներից «ազատվելու» մասին։ Ավելի ուշ այլ տեղեկություններ սպրդեցին լրատվադաշտ այն մասին, թե իբր ՍԴ առանձին դատավորների նկատմամբ «շանտաժի» միջոցով հրաժարական պարտադրելուն ուղղված ճնշումներ գործադրելու խնդիր է դրվել՝ վերջինս կրկին կապելով այդ «խորհրդավոր» գաղտնի ժողովի հետ», - գրում է Աբրահամյանը՝ շարունակելով. - «Անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ նման ժողով, առավել ևս նման բովանդակությամբ, առավել ևս գլխավոր դատախազի մասնակցությամբ, չի եղել»։

Ըստ գլխավոր դատախազի խորհրդականի՝ գրվածն իրականության հետ որևէ աղերս չունի և հետապնդում է իշխանությանը վարկաբեկելու նպատակ։

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված վիճակի վերաբերյալ խոսակցությունն ակտիվացավ, երբ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով, նրա նկատմամբ դեկտեմբերի 27-ին խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին։ Դատախազությունը տեղեկացրեց, որ գործը վերաբերում է նրա՝ արդարադատության նախարար աշխատած տարիներին նոտարական գրասենյակների սեփականաշնորհման գործընթացի հետ կապված չարաշահումներին:

Այսօր էլ Թովմասյանը մասնակցել է քննչական գործողությունների, բայց թե՛ իրավապահները, թե՛ Թովմասյանն ու իր պաշտպանները մանրամասներ չեն փոխանցում՝ հղում անելով նախաքննական գաղտնիքին:

ԱԺ նախագահը այսօր Սահմանադրական դատարանի նախագահի շուրջ ստեղծված խնդիրը բացառապես իրավական որակեց․ - «Նայեք, ոնց որ ես հիմա որևէ հանցագործություն անեմ, և հետո, արդեն երբ մեր իշխանությունը կփոխվի ժողովրդի քվեի կամ ժողովրդի որոշմամբ, նոր իշխանությունները ինչ-որ իրավապահ համակարգը սկսի հետազոտել իմ որևէ արած հանցագործություն, և ես ասեմ՝ այ, քանի որ ես զբաղեցրել եմ պաշտոն, ինձ քաղաքական հետապնդման են արել: Եկեք 2 երևույթներն իրար հետ չկապենք: Լիներ Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը, որի մասին ես հաճախ խոսում եմ, չլիներ, կապ չունի, այս մեղսագրվող արարքի մասին բացահայտում եթե արվեր, պիտի արվեր և գնար այս նույն հունով: Այնպես չի, որ մենք քնում, զարթնում ենք՝ հենց այս խնդրի մասին միայն մտածելով, և մեր գերնպատակն է Հրայր Թովմասյանին հեռացնել Սահմանադրական դատարանից»:

Հարցադրմանը, թե Միրզոյանը վստա՞հ է, որ եթե անգամ հրաժարական տար Հրայր Թովմասյանը, այս քրեական գործը լինելո՞ւ էր, ԱԺ նախագահը պատասխանեց. - «Այո, լինելու էր, այսինքն՝ իրավապահները եթե այս նույն ճանապարհով գնային, բացահայտումներ անելու էին: Քրեական գործը պայմանավորված չի իր պաշտոնավարմամբ, եկեք սա մեկընդմիշտ արձանագրենք»:

Միրզոյանը պնդում է՝ ՍԴ-ում ճգնաժամ կա, բայց հանգուցալուծման այլ ճանապարհների մասին դեռ չի խոսում: Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանը» այդ ճանապարհը տեսնում է միայն սահմանադրական փոփոխությունների միջոցով: Այս մասին «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» եթերում հայտարարեց Էդմոն Մարուքյանը:

Նկատենք՝ այսօր Արդարադատության նախարարությունը հայտարարություն էր տարածել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածության հայտեր ներկայացնելու վերաբերյալ: Հանձնաժողովում մրցութային ընթացակարգով ընդգրկվելու են նաև 6 իրավաբան գիտնական և հասարակական կազմակերպությունների 2 ներկայացուցիչ:

Ընդդիմադիր խմբկացության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասում է՝ հանձնաժողովում ընդդիմադիրների ներգրավվածության ձևաչափի մասին դեռ տեղեկություններ չունեն, բայց բաց են առաջարկների համար․ - «Ի սկզբանե անձնավորված թիրախավորումը շատ սխալ էր, և պետք էր համակարգային մոտենալ, այսինքն՝ դատարանի բարեփոխում: «Լուսավոր Հայաստանը» քննարկում է, օրինակ, վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի միաձուլման հարցը որպես գերագույն դատարան, որը կարող է ամբողջությամբ խնդիրը լուծել: Ես չգիտեմ՝ իշխանությունն ինչ է քննարկում այս կոնտեքստում: Իրենք անձնավորված, օրինակ, ասում են՝ Հրայրը թող հեռանա, չգիտեմ, հետո կերևա, բայց դա լուծում չի, և բնականաբար, այդ քայլերը չբերեցին որևէ լուծման»:

XS
SM
MD
LG