Մատչելիության հղումներ

ՍԴ նախագահի դեմ հարուցված գործով հարցաքննվել է Նոտարական պալատի նախկին նախագահը


Նոտարական պալատի նախկին պետ, այժմ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյան
Նոտարական պալատի նախկին պետ, այժմ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյան

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է Վանաձորի գործող քաղաքապետ, նախկինում Նոտական պալատի նախագահ Մամիկոն Ասլանյանը:

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման գործով նա ունի վկայի կարգավիճակ:

Ըստ դատախազության հայտարարության, Թովմասյանը, աշխատանքից ազատելու սպառնալիքով միջամտել է Նոտարական պալատի կառավարմանը և շահադիտական դրդումներով հարկադրել է պալատի նախագահին Նոտարական պալատի համար վարձակալել փաստացի իրեն պատկանող անշարժ գույքը: Արդյունքում 2012 թվականին պալատի նախագահը 300 հազար դրամով վարձակալել է մի տարածք, որը նախկինում այլ անձնաց կողմից վարձակալվել է 50 հազար դրամով։

2012 թվականին պալատի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ասլանյանն ասում է պայմանագիրը կնքվել է փետրվարին, ինքը նշանակվել է 2 ամիս անց՝ ապրիլին: Իսկ վարձրակալության պայմաններին հատուկ ուշադրություն չի դարձրել։

Հարցին, թե արդյոք չեն փորձել տեղափոխվել ավելի հարմար տարածք, Ասլանյանն արձագանքեց. - «Մենք սեփական տարածքը պիտի ունենայինք, սեփական տարածքին էինք սպասում, որ պատրաստ լինի, տեղափոխվենք։ Մեր ինչի՞ն էր պետք նոր տարածք»։

Իսկ հարցին, թե արդյոք վարձակալության գինը իրեն ուռճացված չէր թվում, Նոտարական պալատի նախկին նախագահը պատասխանեց. - «Ես, ճիշտն ասած, հատուկ ուշադրություն չեմ դարձրել դրան, որովհետև նախորդ վարձակալության հանձնված գումարի մասին ես տեղեկություն չունեմ, մամուլից վերջերս եմ տեղեկացել»։

Մամիկոն Ասլանյանի նախորդը Ալվարդ Մելքոնյանն էր: Նրա նոտարական գործունեությունը կասեցվել է դեռ 2013 թվականի հունվարին՝ այն ժամանակ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի վարչական դատարան ներկայացրած հայցադիմումի հիման վրա։

Վարույթի հիմք էր հանդիսացել Արամի և Բուզանդի փողոցների բնակիչների բողոքը, որ նույն բնակարանը նույն նոտարի` Կենտրոնական նոտարական գրասենյակի նոտար Ալվարդ Մելքոնյանի ձեռքով վաճառվել է մի քանի անձնավորության:

«Ազատությանը» չհաջողվեց կապ հաստատել 2012 փետրվարի դրությամբ պաշտոնավարած Ալվարդ Մելքոնյանի հետ։ Իսկ այդ պաշտոնում նրան փոխարինած Մամիկոն Ասլանյանը չի հերքում, որ վարծակալած տարածքում վերանորգման աշխատանքերը կատարվել են իր օրոք:

Ըստ նախաքննական մարմնի, փաստացի Հրայր Թովմասյանին պատկանող, ոչ բարվոք վիճակում գտնվող գրասենյակային տարածքի վերանորոգման համար պալատի բյուջեից ծախսվել է շուրջ 2,5 մլն դրամ:

«Վերանորոգման աշխատանքները իմ օրոք են կատարվել, այո», - ասաց Ասլանյանը՝ շարունակելով. - «Որևէ մեկի հետ ես չեմ համաձայնեցրել կոնկրետ վերանորոգումը։ Այնտեղ վերանորոգման կարիք կար, արել ենք»։

Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքի մեկ այլ դրվագով, նա 2012-2013 թվականների ընթացքում, շահադիտական դրդումներով, իր ենթակայության ներքո գործող պաշտոնատար անձանց միջոցով, օգտագործելով երկու նոտարների կախյալ վիճակը՝ 2013 թվականի հոկտեմբերին ձեռք է բերել նոտարների համար ակնհայտ ոչ շահավետ գնով տարածքը վարձակալությամբ հանձնելու պայմանավորվածություն: Արդյունքում Թովմասյանը այդ երկու նոտարներից յուրաքանչյուրից մինչև 2014 թվականի ապրիլը ամսական ստացել է 800 հազար ՀՀ դրամ վարձավճար՝ ընդհանուր 11 միլիոն 200 հազար ՀՀ դրամ: Չնայած այս գործընթացը ևս, ըստ նախաքննության, տեղի է ունեցել Մամիկոն Ասլանյանի պաշտոնավարման տարիներին՝ վերջինս ասում է, որ նոտարներից նման բողոք չի ստացել։

«Ազատության» հարցին, թե արդյոք հանցավոր դրույթներ տեսնում է Հրայր Թովմասյանի և Նոտարական պալատի համագործակցության մեջ, Ասլանյանն արձագանքեց. - «ես կոնկրետ որևէ հանցավոր դրույթից տեղյակ չեմ։ Դա նախաքննության խնդիրն է, նախաքննությանը դիմեք, [եթե] իրենք հարմար կգտնեն, կպատասխանեն»։

Հրայր Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը մեղադրանքի հետ կաված որևէ հարց հրաժարվում է մեկնաբանել՝ գործը դիտարկելով բացառապես քաղաքական տիրույթում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG