Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը չի բացառում սահմանադրական փոփոխությունները՝ ՍԴ ճգնաժամը լուծելու համար


Օրերս նախագահ Արմեն Սարգսյանն ստորագրեց Սահմանադրական դատարանի անդամներին վաղ կենսաթոշակի հնարավորություն տվող օրենսդրական փաթեթը, որն Ազգային ժողովն ընդունել էր երկու շաբաթ առաջ՝ միայն իշխող մեծամասնության ձայներով։​

Ըստ այդ օրենքի՝ եթե ՍԴ 7 անդամները, այդ թվում՝ դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև գարուն հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան աշխատավարձի ու հավելավճարների չափով կենսաթոշակ։ Օրենքը 9 դատավորներից 7-ին է վերաբերում, որոնք ընտրվել են մինչև 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները։

Իշխանությունը վաղ կենսաթոշակը համարում է Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծումներից մեկը։

Ազգային ժողովի նախագահը չի բացառում, որ եթե այս ճանապարհով իրավիճակը չհանգուցալուծվի, կարող են փոփոխություններ կատարվել Սահմանադրությունում։

Արարատ Միրզոյանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր։ Ստորև՝ հատված հարցազրույցից.

Արարատ Միրզոյան. – Ի վերջո, Սահմանադրական դատարանը արդարադատական համակարգի, իրավական համակարգի, երևի ինձ թույլ տամ էսպիսի ձևակերպում անել՝ բուրգի գագաթն է, հա՞, որտեղ լուծվում են, օրինակ, նաև ինստիտուտների միջև վեճերը, որտեղ մեկնաբանություն է ստանում սահմանադրական այս կամ այն դրույթը, և մենք մեզ չենք կարող թույլ տալ ունենալ, շարունակել ունենալ այս Սահմանադրական դատարանը, որը, ըստ էության, չունի այս ընկալումը, չունի այս անհրաժեշտ վստահությունը հասարակության կողմից։ Բազմաթիվ են կետերը, որտեղ մենք կարող ենք խոսել էն մասին, որ Սահմանադրական դատարանում և Սահմանադրական դատարանի շուրջ կա որոշակի ճգնաժամ, և էս ճգնաժամը պիտի որևէ կերպ հանգուցալուծվի։

Հիմա, իհարկե հասարակության մեջ կան ակնկալիքներ, և մենք էսպիսի կոչեր պարբերաբար տեսնում ենք, և նույնիսկ իշխանություններին թուլության մեջ են մեղադրում սա չանելու համար, մենք տեսնում ենք կոչեր և ակնկալիքներ՝ պարզապես, եթե պատկերավոր ասեմ, դուռը փակելու այս մարդկանց առաջ և նրանց ուղղակի աշխատանքի չթողնելու։ Մի քիչ, իհարկե, պատկերավոր ձևակերպեցի, բայց որևէ կերպ նրանց այլևս Սահմանադրական դատարանի անդամ կամ դատավոր չհամարելու պահանջ ենք տեսնում։

Մենք չենք գնալու այս ճանապարհով։ Բոլոր բարեփոխումները, որոնք մինչև հիմա եղել են, Թավշյա հեղափոխությունը ինքնին, որը տեղի ունեցավ, տեղի ունեցավ Սահմանադրության և օրենքների շրջանակներում, և այսուհետ ևս, մեր իշխանության, մեր քաղաքական թիմի համոզմունքն է, որ այսուհետ ևս բոլոր բարեփոխումները, որոնք պիտի լինեն, բոլոր փոփոխությունները, որոնց կարիքը կա և պիտի լինեն, լինելու են Սահմանադրության, օրենքների, միջազգային կոնվենցիաներով մեր ստանձնած պարտավորությունների շրջանակներում՝ այլ ճանապարհ մենք չենք տեսնում ժողովրդավարական հասարակություն կառուցելու։

Իսկ ինչ վերաբերում է մասնավորապես այս օրենքի նախագծին, տեսեք, սա մի հնարավորությունների պատուհան է, մի իսկապես հնարավորություն է, որից կարող են օգտվել այն մարդիկ, ովքեր հիմա Սահմանադրական դատարանում են, որպեսզի հնարավորինս հասարակության համար, պետության համար անցավ այս ճգնաժամը հարթվի, հանգուցալուծվի։ Եթե էս մարդիկ նախընտրեն օդում չթողնել այս մեկնած ձեռքը և գնալ վաղ կենսաթոշակի, անշուշտ, սա հավելյալ ֆինանսական միջոցներ կպահանջի պետությունից, այս մասին խոսվել է, բայց, այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակը կհարթվի, կհանգուցալուծվի։ Եթե էդպես լինի, մի իրավիճակ, եթե էդպես չլինի, կունենանք այլ իրավիճակ, կլինեն այլ առաջարկներ, կարծում եմ։

«Ազատություն». – Իսկ ի՞նչ կլինի, պարոն Միրզոյան։

Միրզոյան. – Ես կարող եմ շատ ուղիղ ասել՝ մենք խոսում էինք, օրինակ, սահմանադրական փոփոխություններից։ Ի վերջո, եթե առաջարկվի որևէ սահմանադրական փոփոխությունների փաթեթ, որտեղ էս հարցերն էլ կարգավորվեն, և ժողովուրդը իր անհրաժեշտ մեծամասնությամբ, անհրաժեշտ քանակով կողմ ձայնը տա այդ առաջարկին, դա կլինի գերլեգիտիմ և անխոցելի լուծում իրավիճակի։

Էստեղ կարևորը ինչն է՝ հասկանալ, որ էնպես չի, որ մենք Սահմանադրական դատարանի հետ գտնվում ենք պատերազմի մեջ։ <...> Այո, որքան շուտ լուծվի այս հարցը, այնքան՝ լավ, բայց էնպես չի, որ կա մի իրավիճակ, որը անհապաղ, վիրահատական և օրենքների տրամաբանության մեջ չտեղավորվող լուծումներ է պահանջում։ Ամենևին ոչ։ Մենք գտնում ենք, որ պիտի լինի այս հարցով բարեփոխումը ևս, այս հարցով ճգնաժամը ևս լուծվի, և դա պիտի լինի բացառապես օրինական ճանապարհով՝ դա կլինի այս օրենքի նախագծի ընձեռած հնարավորությունների շրջանակներում, թե որևէ այլ, բայց նույն մոտեցմամբ, բնականաբար։

«Ազատություն». – Հիմա խոսենք երկրորդ և երրորդ նախագահների մասին: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այժմ մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ և գտնվում է անազատության մեջ, իսկ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետությանը առանձնապես խոշոր չափով վնաս պատճառելու մեջ: Թե՛ երկրորդ նախագահը, թե՛ երրորդ նախագահը մեղադրում են ձեզ՝ իրենց նկատմամբ քաղաքական հաշվեհարդար տեսնելու, քաղաքական հալածանքների ենթարկելու համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը:

Միրզոյան. – Թավշյա հեղափոխությունից հետո չեն եղել և չեն կարող լինել քաղաքական հետապնդումներ և քաղաքական հալածանքներ: Մարդիկ, ովքեր առերևույթ կամ հասարակության ինչ-որ հատվածի պատկերացմամբ մեղսակից են եղել տարբեր հանցագործությունների՝ կոռուպցիոն բնույթի կամ կաշառքի հետ կապված, արհեստական մենաշնորհների կամ հարկեր չվճարելու, կամ սահմանադրական կարգի տապալման, կամ ընտրությունների կեղծման հետ կապված հանցագործությունների մասին է խոսքը, և հիմա այս մարդիկ, որոնց մեղսագրվում են արարքներ այս հանցագործությունների հետ կապված, քանի որ նաև զբաղեցրել են քաղաքական պաշտոններ, ասում են, որ քաղաքական հետապնդումներ են: Իհարկե, այդպիսի բան չի կարող լինել մեր իշխանության օրոք, և հույս ունեմ նաև վաղվա Հայաստանում, ապագայում: Բայց բոլոր այն մարդիկ՝ անկախ իրենց զբաղեցրած պաշտոններից, ովքեր կատարել են այս կամ այն հանցագործությունը, պիտի պատասխանատվության ենթարկվեն:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի դեկտեմբերի 29-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG