Մատչելիության հղումներ

Դատախազությունը մերժել է Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ բողոքը


Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

Դատախազությունը մերժել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ Սարգսյանի պաշտպանի բողոքը։ Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Սերժ Սարգսյանի ողջ գույքի և հաշիվների վրա կալանքը դրել էր Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ)՝ պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակությունը կազմակերպելու քրեական գործի շրջանակներում:

Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը «Ազատությանը» փոխանցեց, որ առաջիկայում կդիմեն դատարան՝ գույքի կալանքը հանելու պահանջով. - «Քրեական դատավարության օրենսգիրքը հստակ նշում է, որ անձի գույքի վրա կարելի է կալանք դնել, օրենսդիրը թույլ է տալիս, այսինքն՝ հիմքն այն դեպքում, երբ քրեական գործով կան հավաքված ապացույցներ, ոչ թե ենթադրություններ, ոչ թե միֆեր, ոչ թե ցանկություններ, ոչ թե, չգիտեմ, ենթադրությունների համակցություն, ասում է ապացույցներ, որ անձը կարող է թաքցնել, փչացնել, սպառել կալանադրված գույքը: Խոսքն ապացույցների մասին է: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ թե՛ քննիչի որոշումը պարոն նախագահի գույքի վրա կալանք դնելու մասին, թե՛ դատախազի մերժումը մեր բողոքի ակնհայտ օրինական չեն»:

Սերժ Սարգսյանը դեռևս 2013 թվականի ընտրություններից առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրում նշել էր, թե ունի 96 քմ մակերեսով շենք և շինություն Ստեփանակերտում, 1992 թվականի արտադրության «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի ավտոմեքենա, «թանկարժեք գույք» բաժնում հայտարարագրել էր մշակութային արժեքների մեծ հավաքածու՝ Խանջյանի, Սարյանի, Մինասի և այլոց կտավների սեփականություն, ժամանակակից նկարիչների 32 կտավներ, 18-20-րդ դարերի հնաոճ արձանիկներ, քանդակներ: Նույն այդ ունեցվածքը նշված էր նաև նրա պաշտոնը թողնելուց հետո Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրում՝ առանց մանրամասների։

Ըստ պաշտոնը դադարեցնելու հայտարարագրի՝ 2018-ին Սարգսյանը 25 միլիոն 200 հազար դրամ է ունեցել, երրորդ նախագահի եկամուտները, հենց նույն այդ փաստաթղթի համաձայն, ձևավորվել են աշխատավարձից ու բանկային փոխառություններից։ Ինչպես փաստաբանը փոխանցեց, կալանք է դրվել պաշտոնաթող նախագահի ողջ գույքի և հաշիվների վրա՝ ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի չափով: Ըստ փաստաբանի՝ դատախազությունը դիմումը մերժել է՝ հաշվի առնելով Սերժ Սարգսյանի անձն ու կենսափորձը։

Հիմնավորումը փաստաբանն աբսուրդ է որակում․ - «Շատ տխուր պրակտիկա է որդեգրել քրեական հետապնդման մարմինը որոշ քրեական գործերով, այդ թվում նաև այս: Հաշվի է առնվել պարոն նախագահի անձը և կենսափորձը: Սա ուղղակի աբսուրդ է, եկեք արձանագրենք, աբսուրդ»:

Երրորդ նախագահի գործով նախաքննությունն ավարտվել է տարեսկզբին: Գործով ձեռք բերված ապացույցները Հատուկ քննչական ծառայությունը բավարար է համարել` մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար։ Սերժ Սարգսյանի գործը կուղարկվի դատախազություն, որից հետո կա՛մ դատախազը կհաստատի մեղադրանքը և այն կուղարկի դատարան, կա՛մ չի հաստատի և հետ կուղարկի ՀՔԾ՝ քննության: Դատախազությունից փոխանցեցին, որ մեղադրական եզարակցությունը դեռ չեն ստացել: Փաստաբանը ևս տեղեկություն չուներ՝ որ փուլում է գտնվում գործընթացը:

Պաշտոնաթող նախագահին մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակությունը կազմակերպելու համար ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել 2019 թվականի դեկտեմբերի 4-ին: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Սերժ Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում: Նրա փաստաբանն ու կուսակիցները բարձրաձայնում են քաղաքական հետապնդման մասին:

«Հիմա մենք արդեն ծանոթացել ենք գործի նյութերին ու կարող ենք փաստել, որ մեր այն սկզբնական հայտարարությունները, որ այս գործում չկան և չեն կարող լինել ապացույցներ, որոնք կփաստեն ու կհիմնավորեն պարոն նախագահի առնչությունն իրեն մեղսագրված արարքին, հիմա հաստատում ենք, չկան ապացույցներ: Սա ոչ այլ ինչ է, քան պարոն նախագահի նկատմամբ սկսված քաղաքական հետապնդում», - հայտարարեց Ամրամ Մակինյանը:

Նույն գործով պետությունից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակությանը դրդելու համար մեղադրանք է առաջադրվել նաև «Ֆլեշ» ընկերության նախագահ, Սերժ Սարգսյանի մտերիմ Բարսեղ Բեգլարյանին, վերջինիս նկատմամբ ևս խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Բեգլարյանը նույնպես մեղադրանքը չի ընդունում։

Ինչպես նշվում է ՀՔԾ հաղորդագրությունում, Սերժ Սարգսյանը թեև տեղյակ է եղել, որ ավելի էժան գնով վառելիք առաջարկող ընկերություն կա, բայց անձնական շահագրգռվածություն է ցուցաբերել, որ մրցույթին մասնակցի իր մտերիմ Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ» ընկերությունը: Արդյունքում, ըստ իրավապահների, բյուջեից վատնվել է կես միլիարդ դրամ գումար:

XS
SM
MD
LG