Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի պաշտպանն անօրինական է համարում գույքի վրա դրված կալանքի որոշումը


Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, արխիվ

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք է դրվել: Հատուկ քննչական ծառայությունից առայժմ չեն հայտնում, թե ինչ հիմքով են նման որոշում ընդունել։ Միայն մանրամասնում են՝ կալանքի տակ է դրվել բացառապես քրեական գործում նշվող վնասի չափին համարժեք գույքը։

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար:

Սերժ Սարգսյանը դեռևս 2013 թվականի ընտրություններից առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրում նշել էր, թե ունի 96 քմ մակերեսով շենք և շինություն Ստեփանակերտում, 1992 թվականի արտադրության «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի ավտոմեքենա, «թանկարժեք գույք» բաժնում հայտարարագրել էր մշակութային արժեքների մեծ հավաքածու՝ Խանջյանի, Սարյանի, Հակոբյանի, Գյուրջյանի, Բաշինջաղյանի, Մինասի, Քոչարի, Կոջոյանի և Աբեղյանի կտավների սեփականություն, ժամանակակից նկարիչների 32 կտավներ, 18-20-րդ դարերի հնաոճ արձանիկներ, քանդակներ: Նույն այդ ունեցվածքը նշված է նաև նրա պաշտոնը թողնելուց հետո Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրում՝ առանց մանրամասների։

Ըստ պաշտոնը դադարեցնելու հայտարարագրի՝ 2018-ին Սարգսյանը 25 միլիոն 200 հազար դրամ է ունեցել, երրորդ նախագահի եկամուտները, հենց նույն այդ փաստաթղթի համաձայն, ձևավորվել են աշխատավարձից ու բանկային փոխառություններից։

Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը Հատուկ քննչական ծառայության որոշումը հակաօրինական է համարում։ Պնդում է, թե սա ևս ցույց է տալիս հանրությանը, որ շարունակվում են խախտվել երրորդ նախագահի իրավունքները. - «Մենք չունենք որոշումը, բայց այդ որոշումն ինքնին ապօրինի է, որովհետև կալանք դնելու հիմքեր քննիչը չէր կարող ունենալ, այսինքն՝ չէր կարող ունենալ ապացույցներ, որ ենթադրաբար անձը կարող էր այդ ենթադրյալ գույքը վնասել, փչացնել, սպառել: Դա օրենքի պահանջ է, դա ո՛չ ես եմ որոշում, ո՛չ քննիչը, կոնկրետ քննիչի վրա դրված պարտականություն է, որը չի կատարվում հերթական անգամ», - ասաց պաշտպանը:

Մեղադրանքի համաձայն՝ 2013 թվականին՝ նախագահական ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ, Հայաստանի կառավարությունը հաստատել է գյուղացիների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը: Վառելիք մատակարարելու ցանկություն են հայտնել մի շարք, այդ թվում` «Մաքսհուր» և «Ֆլեշ» ընկերությունները: Ամենաէժան գնային առաջարկը ներկայացրել է «Մաքսհուր»-ը, որի ներկայացուցչի հետ քննարկումներից հետո Գյուղնախարարության պաշտոնյաները որոշել են որպես մատակարար հենց այս ընկերության տվյալները ներկայացնել կառավարության հաստատմանը:

Ինչպես նշվում է ՀՔԾ հաղորդագրությունում, Սերժ Սարգսյանը տեղյակ է եղել, որ ավելի էժան վառելիք է առաջարկում հենց այս ընկերությունը, գիտակցել է, որ ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ»-ի հետ դիզելային վառելիքի մատակարարման պայմանագիր կնքելու հետևանքով պետությունից անհիմն ելքագրվելու են առանձնապես խոշոր չափերով գումարներ: Եվ անտեսելով այս հանգամանքը՝ Հայաստանի երրորդ նախագահը, ըստ քննչական մարմնի, հանձնարարել է անկախ ստացված էժան գնային առաջարկներից որպես մատակարար ընտրել «Ֆլեշ» ընկերությանը: Այս ամենի հետևանքով, ըստ իրավապահների, պետությունը գրեթե կես միլիարդ դրամի վնաս է կրել:

Նույն քրեական գործով անցնում է նաև «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը՝ պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար։ Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են՝ նրա գույքի վրա ևս կալանք է դրվել։ Ե՛վ պաշտոնաթող նախագահի, և՛ Բեգլարյանի խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունն է:

XS
SM
MD
LG