Մատչելիության հղումներ

Բարսեղ Բեգլարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. փաստաբան


«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը, Երևան, 9 դեկտեմբերի, 2019թ.
«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը, Երևան, 9 դեկտեմբերի, 2019թ.

Պետությունից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակությանը դրդելու համար մեղադրվող «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը, որն առավել հայտնի է «Ֆլեշի Բարսեղ» մականունով և Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ իր մտերմությամբ, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ «Ազատության» հարցին ի պատասխան ասաց նրա փաստաբան Նիկոլայ Հակոբյանը։

Ինքը՝ Բեգլարյանը, այսօր հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել։

«Մեղադրանքին ծանոթացանք, մեղադրանքը չի ընդունում, ցուցմունք հետագայում կտրվի, քննությունը կիրականացվի, ամեն ինչ իր տեղը կընկնի», - ասաց փաստաբանը՝ հավելելով. «Գտնում է, որ ինքը հանցավոր արարք չի կատարել, գտնում է որն է, այդպես էլ կա»։

Բեգլարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Նա այսօր Հատուկ քննչական ծառայություն էր հրավիրվել՝ հարցաքննության։ Վառելիքի շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերության ղեկավարն անցնում է Սերժ Սարգսյանին առնչվող քրեական գործով: Հայաստանի պաշտոնաթող նախագահին անցած շաբաթ էր մեղադրանք առաջադրվել մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակությունը կազմակերպելու համար։

Բարսեղ Բեգլարյանն ավելի վաղ հայտնել էր, որ առերեսվել է նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի հետ: Ըստ մամուլի հրապարակումների՝ հենց Կարապետյանն է ցուցմունք տվել երրորդ նախագահի դեմ:

Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանել էր, որ 2013 թվականին՝ նախագահական ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ, Հայաստանի կառավարությունը հաստատել է գյուղացիների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը: Վառելիք մատակարարելու ցանկություն են հայտնել մի շարք, այդ թվում` «Մաքսհուր» և «Ֆլեշ» ընկերությունները: Ամենաէժան գնային առաջարկը ներկայացրել է «Մաքսհուր»-ը, որի ներկայացուցչի հետ քննարկումներից հետո Գյուղնախարարության պաշտոնյաները որոշել են որպես մատակարար հենց այս ընկերության տվյալները ներկայացնել կառավարության հաստատմանը:

Ինչպես նշվում է ՀՔԾ հաղորդագրությունում, Սերժ Սարգսյանը տեղյակ է եղել, որ ավելի էժան վառելիք է առաջարկում հենց այս ընկերությունը, գիտակցել է, որ ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ»-ի հետ դիզելային վառելիքի մատակարարման սուբսիդիայի պայմանագիր կնքելու հետևանքով պետությունից անհիմն ելքագրվելու են առանձնապես խոշոր չափերով գումարներ: Եվ անտեսելով այս հանգամանքը՝ Հայաստանի երրորդ նախագահը, ըստ քննչական մարմնի, հանձնարարել է անկախ ստացված էժան գնային առաջարկներից որպես մատակարար ընտրել «Ֆլեշ» ընկերությանը»: Այս ամենի հետևանքով, ըստ իրավապահների, պետությունը գրեթե կես միլիարդ դրամի վնաս է կրել:

Նախկին նախագահի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ նրա ղեկավարած Հանրապետական կուսակցությունը Սարգսյանին առաջադրված մեղադրանքը համարում է «քաղաքական հետապնդման աղաղակող դրսևորում»:

Ուշագրավ է, որ այս իրադարձություններից ընդամենը մի քանի ամիս առաջ՝ դեռ 2012-ի սեպտեմբերին, նախագահ Սերժ Սարգսյանը կառավարությունում հրավիրած խորհրդակցությանը հայտարարել էր, որ Հայաստանում գնումների ոլորտում և պետական բյուջեն տնօրինելու հետ կապված «բազմաթիվ խնդիրներ կան»: Նշել էր՝ չկա մի կազմակերպություն, որտեղ այդ խնդիրները այս կամ այն չափով առկա չլինեն. տեղ կա շատ քիչ, բայց տեղ կա՝ մեծ չափերի։ Հանձնարարել էր Ազգային անվտանգության ծառայությանը և Գլխավոր դատախազությանը՝ լրջորեն զբաղվել այդ հարցով․

«Բայց էլի չգնանք ասենք ՝ էս մեկը միլիոն ու կես գողացավ, էս մեկը 2 մլն գողացավ։ Գլխից պիտի բռնենք, մեծերին», - ասել էր նա։

XS
SM
MD
LG