Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն Սերժ Սարգսյանին առնչվող գործով ապացույցները բավարար է համարում՝ այն դատարան ուղարկելու համար


Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առնչվող քրեական գործով ձեռք բերված ապացույցները Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) բավարար է համարել` մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար։

ՀՔԾ-ից «Ազատությանը» փոխանցեցին՝ գործի նյութերը կողմերին են տրամադրել, որպեսզի ծանոթանան։

Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ երեկ երեկոյան է ստացել գործի նյութերը, և որքան հասցրել է ծանոթանալ դրանց, կարող է պնդել՝ չկա որևէ ապացույց մեղադրանքը հաստատելու մասին, ինչը վերահաստատում է իրենց տեսակետը, որ նախկին նախագահը ենթարկվում է քաղաքական հետապնդման։

«Այն ապացույցները, այն փաստերը, որոնք ես տեսել եմ քրեական գործում, ընդհանրապես չեն խոսում այդ մասին ու հակառակի մասին են խոսում, իսկ քրեական գործը իրականում շինծու և արհեստական մեղադրանքով փաթեթավորված, քաղաքական տարրեր պարունակող քրեական հետապնդման բնորոշումն է», - հայտարարեց Մակինյանը՝ շարունակելով. - «Առաջադրված մեղադրանքը բացարձակ հիմնազուրկ է, շինծու, նպատակ ունենալով քրեական գործով քաղաքական հետապնդում իրականացնել, և իրականացվում է պարոն Սարգսյանի դեմ։ Չկան քրեական գործով հավաքված, վերաբերելի, հավաստի, ընդգծում եմ՝ ապացույցներ, ապացույցներ, որոնք կարող են փաստել մեղսագրված արարքի հիմնավորվածության մասին։ Ուղղակի այդպիսիք չկան»։

Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը ևս կարծում է, որ Հայաստանը 10 տարի ղեկավարած նախկին նախագահը հետապնդման է ենթարկվում։

Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում։ «Ազատության» հարցին՝ նախկին նախագահը և՞ս համարում է, որ սա քաղաքական հետապնդում է, փաստաբանն արձագանքեց. - «Այո, անշուշտ»։

Հատուկ քննչական ծառայությունը 2019 թվականի դեկտեմբերի 4-ին պաշտոնաթող նախագահին մեղադրանք է առաջադրել մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակությունը կազմակերպելու համար, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Նույն գործով պետությունից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակությանը դրդելու համար մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ընկերության նախագահ, Սերժ Սարգսյանի մտերիմ Բարսեղ Բեգլարյանին, վերջինիս նկատմամբ ևս խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Բեգլարյանը ևս մեղադրանքը չի ընդունում։

Երրորդ նախագահի փաստաբանի խոսքով՝ գործում առկա տվյալներն ապացույցներ չեն, գործում կա մեկ անձի ցուցմունք, որն առերեսվել է Սերժ Սարգսյանի հետ։ Այդ անձը, ըստ մամուլի, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն է։

«Ազատության» հարցին՝ իրո՞ք այդ անձը Կարապետյանն է, Մակինյանն արձագանքեց. - «Ես չեմ կարող հաստատել Ձեր հարցը»։ Ի պատասխան դիտարկման՝ «չեք էլ հերքում», փաստաբանն ասաց. - «Եկեք ես չպատասխանեմ Ձեր հարցին»։

Մակինյանի պնդմամբ՝ այդ ցուցմունքը շինծու է։ «Ազատության» հարցին՝ ցուցմունք տվող անձը ստե՞լ է, փաստաբանը պատասխանեց. - «Առաջինը՝ համարում եմ իրականության հետ աղերս չունեցող տեղեկությունների հայտնում, այդ տեղեկությունները, երկրորդը՝ համարում եմ, որ այդ տեղեկությունները, այդ ցուցմունքը ստացվել է շատ կասկածելի պայմաններում. դա հավաստիության մասին է խոսում, նաև՝ արժանահավատության։ Աղերս չունի իրականության հետ այդ ցուցմունքը»։

2013 թվականի հունվարի 24-ի որոշմամբ Հայաստանի կառավարությունը հաստատել է հողօգտագործողներին գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը: Դրա շրջանակում նախատեսվել է հողօգտագործողներին վաճառել ավելի քան 17 միլիոն լիտր դիզելային վառելիք: Վառելիք մատակարարելու ցանկություն են հայտնել մի շարք, այդ թվում` «Մաքսհուր» և «Ֆլեշ» ընկերությունները: Ամենաէժան գնային առաջարկը ներկայացրել է «Մաքսհուր» ընկերությունը և որոշվել է որպես մատակարար հենց այս ընկերության տվյալները ներկայացնել կառավարության հաստատմանը:

Ինչպես նշվում է ՀՔԾ հաղորդագրությունում, Սերժ Սարգսյանը թեև տեղյակ է եղել, որ ավելի էժան գնով վառելիք է առաջարկում հենց այս ընկերությունը, բայց գիտակցել է, որ ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ» ընկերության հետ պայմանագիր կնքելու դեպքում պետությունից ավելի շատ գումարներ դուրս կգրվեն:

Ըստ այդմ, Սարգսյանը անձնական շահագրգռվածություն է ցուցաբերել, որ մրցույթին մասնակցի իր մտերիմ Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ» ընկերությունը:

Ըստ ՀՔԾ-ի, եթե նույն մատակարարումն իրականացներ «Մաքսհուր» ընկերությունը, ապա բյուջեից փոխանցվող գումարը բավականին կկրճատվեր: Իսկ այս դեպքում վատնվել է կես միլիարդ դրամ գումար:

«Ազատության» հարցին՝ ինչո՞ւ են պնդում, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման, փաստաբանը պատասխանեց՝ այս ամենը տեղի ունեցավ, երբ նախկին նախագահը սկսեց գնահատականներ հնչեցնել այսօրվա իրողություններին:

«Շինծու մեղադրանքը դարձավ մի հնար, մի միջոց, որ արգելափակվի պարոն նախագահի Հայաստանի Հանրապետությունից ազատ ելքը», - նշեց Ամրամ Մակինյանը։

Հարցին էլ, թե ի՞նչ կխանգարեր իշխանություններին, եթե պարոն Սարգսյանը գործով կամ անձնական նպատակներով մեկներ երկրից, փաստաբանը պատասխանեց. «Այդ հարցի հասցեատերը ես չեմ»։

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն «Ազատության» հետ հարցազրույցում անդրադարձել էր նաև Սերժ Սարգսյանի քրեական գործին՝ մասնավորապես պնդմանը, թե երրորդ նախագահը ենթարկվում է քաղաքական հետապնդման։

«Ռոբերտ Քոչարյանը ունի ամբաստանյալի դատավարական կարգավիճակ, Սերժ Սարգսյանն ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, երկու դատավարական կարգավիճակներն էլ ենթադրում են պաշտպանության իրավունք. նրանք իրավունք ունեն պաշտպանվել բոլոր չարգելված միջոցներով. հիմա նրանք ընտրել են նաև պաշտպանության այդ միջոցը։ Ես սրանից ավելի ոչինչ չեմ ուզում ասել», - ասաց Խաչատրյանը։

Հայաստանի երրորդ նախագահին մեղսագրվող արարքի համար Քրեական օրենսգրքով նախատեսվում է 5-8 տարի ժամկետով ազատազրկում` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Սերժ Սարգսյանի գործը կուղարկվի դատախազություն:

Դատախազը կա՛մ կհաստատի մեղադրանքը և այն կուղարկի դատարան, կա՛մ չի հաստատի՝ հետ ուղարկելով ՀՔԾ՝ քննության:

Օրենքով, դատախազը կարող է նաև դադարեցնել քրեական հետապնդումը կամ էլ վերաորակել մեղադրանքը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG