Մատչելիության հղումներ

Փաշինյանին զարմացրել են Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին հաջորդած մեկնաբանությունները


Լուսանկարը կառավարության լրատվական ծառայության

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ պնդեց՝ Հայաստանում չկա համակարգային կոռուպցիա, բայց և նկատեց՝ դա չի նշանակում, որ կոռուպցիոն երևույթներ չկան։

«Սակայն կա քաղաքական կամք կոռուպցիան արմատախիլ անելու համար։ Ուղղակի կոռուպցիայի մեզ հայտնի և ակնհայտ ձևերի նկատմամբ, էսպես ասած, արգելքներ սահմանելը չի նշանակում երաշխավորված լինել կոռուպցիայի մեջ ներքաշվելուց», - «Կոռուպցիայի դեմ պայքարը` հանուն կայուն զարգացման նպատակների» քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ երբեմն կոռուպցիան տեղի է ունենում շատ գեղեցիկ նախադասություններով, երբեմն էլ՝ տեղեկատվության բացակայության հետևանքով։ Ինքն առնչվել է նման դեպքերի, երբ ինչ-որ քաղաքացիներ հայտնել են, թե իրենք պետությանը որպես նվեր ինչ-որ մի քաղաքում, գյուղում ցանկանում են դպրոց կառուցել։

«Հետո կարող է պարզվել՝ այդ նվիրատվության համատեքստում տարբեր կոռուպցիոն պահանջներ են դրվում տարբեր գործարարների կամ պետական օղակների առաջ, և ձևակերպումը հետևյալն է, որ կառավարությունում տեղյակ են, կառավարությունում գիտեն», - նշեց նա։

Վարչապետն ասում է՝ վերջերս է բացահայտել, որ իրեն բարևելն էլ են օգտագործում կոռուպցիոն նպատակներով. - «Այս է պատճառը, ես ուզում եմ ասել, սիրելի՛ հայրենակիցներ, եթե հանկարծ նկատեք, որ ես բարևների և ընդունելությունների առումով ժուժկալ եմ դարձել, հանկարծ չմտածեք, թե մեծամտացել եմ, դա է պատճառը, պարզապես ես այս գործունեության մեկուկես տարվա ընթացքում հասկացել եմ, որ նույնիսկ բարևի և ընդունելությունների մեջ պետք է շատ զգույշ լինել», - հայտնեց նա։

Վարչապետը վստահեցրեց՝ կոռուպցիայի դեմ պայքարում չկա տարանջատում՝ նախորդ և ներկա իշխանությունների. - «Մեզ համար կրկնակի անընդունելի է գործող էսօր, օրինակ՝ իմ կողմից որևէ պաշտոնի նշանակված անձի կողմից կոռուպցիայի մեջ ներքաշվելը, քան նախորդ իշխանության ներկայացուցիչների կողմից, և ես հույս ունեմ՝ դա տեսանելի է բոլորին, որովհետև վերջին մեկուկես տարվա ընթացքում առնվազն 4 բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել, և այս պրոցեսը շարունակվելու է։ Բացառված է, որ մենք որևէ կոմպրոմիս ունենանք կոռուպցիայի հետ», - շեշտեց Փաշինյանը։

Վարչապետը զարմացած է՝ Հայաստանի երրրոդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կազմակերպման մեղադրանքից հետո խոսակցություններ են պտտվում, թե զավեշտ է այդչափ քիչ գումարի համար մեղադանք առաջադրելը։ Փաշինյանն ասաց՝ Հայաստանում կան մարդիկ, որոնք կոռուպցիայի դեմ պայքարը պատկերացնում են որպես համերգ հեռուստադիտողների հայտերով։

«Երբ որ ասվում է՝ այ կառավարության կամ վարչապետի կողմից հայտ է ներկայացվում՝ խնդրում եմ մի քրեական գործ Սերժ Սարգսյանի նկատմամբ՝ 400 միլիոն դրամի սահմաններում, և այս տրամաբանությամբ բխում է հաջորդ հարցը՝ ինչո՞ւ ես պատվիրել 400 միլիոն դրամանոց և ոչ թե ասենք 4 միլիարդ դոլարանոց գործ։ Իմիջիայլոց, կոռուպցիոն մտածողությունը և կոռուպցիայի դեմ պայքարի էս ընկալումը, իմ կարծիքով, մեկը մյուսի շարունակությունն է», - նկատեց նա։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կազմակերպած միջոցառմանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին էլ հիշեց ԱՄՆ պետքարտուղարի խոսքը Հայաստանի անկախության առթիվ՝ Հայաստանն այժմ ունի եզակի հնարավորություն պայքարելու կոռուպցիայի դեմ և ապահովելու իրավունքի գերակայություն դատական համակարգի ամրապնդմամբ։ Դեսպանի համոզմամբ՝ կոռուպցիան արմատախիլ անելու աշխատանքերը կարող են ազդանշան հանդիսանալ, որ Հայաստանը պատրաստ է ընդունել արտաքին ներդրումներ։

«Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել հակակոռուպցիոն ջանքերին այն բոլոր ոլորտներում, այն ուղղություններով, որտեղ մենք կարող ենք առավել արդյունավետ լինել և լավագույն արդյունքներ ապահովել։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ գործակցության գրասենյակի միջոցով մենք արդեն աշխատում ենք պետական մի շարք կառույցների բարեփոխումների և կառուցվածքային ամրապնդման ուղղությամբ», - ասաց դեսպանը։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնում այս դիրքորոշումն ունեն՝ կոռուպցիան այն ձևով, որ կար մի քանի տարի առաջ, հիմա չկա։ Այսօր նաև դրա վերաբերյալ հայտարարություն են տարածել։ Դրա մեջ, մասնավորապես, ասվում է, որ 2019 թվականի սկիզբը նշանավորվեց հավասար, մրցակցային և ազատ ընտրությունների միջոցով ձևավորված խորհրդարանի աշխատանքների մեկնարկով և գործադիրի կազմավորմամբ, որի հետագա գործունեությունը հաստատեց կոռուպցիայի դեմ պայքարում հստակ քաղաքական կամքի առկայությունը:

«Իրավապահ մարմինները շատ ավելի ակտիվորեն են, անշուշտ, դեռ հեղափոխությունից հետո զբաղվում կոռուպցիոն հանցագործություններով, և շատ կարևոր է, որ նշում ենք, որ դատապարտվում են, բացահայտվում են ոչ միայն նախկին իշխանությունների հետ կապված պաշտոնյաների գործարքները, բայց նաև ներկայիս, ինչը շատ կարևոր է, որը թույլ է տալիս առնվազն արձագանքել այն մտահոգություններին, որ դա միայն քաղաքական վենդետա է նախկին պաշտոնյաների նկատմամբ և այլն», - շեշտեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։

Վերջինս նկատում է՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի առումով դեռևս շատ անելիքներ ու խնդիրներ կան, որ շարունակվում են նախկին համակարգից կամ ներկայումս նոր դրսևորումներ են ստանում։

XS
SM
MD
LG