Մատչելիության հղումներ

Այսօր Երևանի դատարանում կշարունակվի Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, Երևան, նոյեմբեր, 2019թ.
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, Երևան, նոյեմբեր, 2019թ.

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա երեք նախկին ենթակաների գործով դատավարությունը: Դատարանը պետք է քննի Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունը քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործը կարճելու մասին:

«Ազատության» հետ զրույցում նախկին նախագահի փաստաբան Հովհաննես Խուդոյանն ասաց՝ պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերը մի քանիսն են, որոնք էլ կներկայացնեն դատարանում:

«Սա շատ ծավալուն միջնորդություն է, ու փաստարկները վերաբերում են էս պահին գործին վերաբերող բոլոր հանգամանքներին՝ դա կլինի թե՛ էդ նորմի հետադարձ ուժի կիրառելիությունը, առանձին անձեռնմխելիության ինստիտուտը, եղած փաստական հանգամանքների նկարագրությունը ու իրենց անհամապատասխանությունը առաջադրված մեղադրանքին, մեղադրանքի պարզաբանված չլինելը, քաղաքական հետապնդումը, խտրական վերաբերմունքը, այսինքն՝ բազմաթիվ հանգամանքներ կան։ Նաև՝ Սահմանադրական դատարանի վերջին որոշումը հենց անձեռնմխելիության հարցի վերաբերյալ, որով գրավի միջնորդությունը մերժել էր դատարանը, այսինքն՝ խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը։ Այս նույն հիմքերը նաև դրված էր ընդհանրապես գործը կարճելու միջնորդության հիմքում», - նշեց Խուդոյանը։

2008 թվականի հետընտրական արյունալի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը չի ընդունում մեղադրանքը՝ այն որակելով հետապնդում: Նախկին նախագահը և նրա փաստաբաննները բազմիցս են պնդել՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածը՝ 300.1-ը 2008-ի իրադարձությունների ժամանակ չի եղել, և հետևաբար այս հոդվածով մեղադրանք չպետք է առաջադրվեր: Այս հանգամանքն այսօրվա միջնորդության մեջ մեծ տեղ ունի: Փաստաբանական խումբն անցած ամիսների ընթացքում նաև մի քանի անգամ հայտարարել է, որ 2008-ի դեպքերից հետո այսպես կոչված «7-ի գործով» մեղադրյալները 300.1 հոդվածով չեն դատվել հենց այն պատճառաբանությամբ, որ տվյալ հոդվածն այն ժամանակ չի եղել և Քրեական օրենսգրքում ներառվել է այդ իրադարձություններից մեկ տարի անց:

Մինչդեռ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանն «Ազատության» հետ հարցազրույցում պնդեց՝ Քրեական օրենսգրքում ըստ էության նոր հոդված չի ավելացել: «300 հոդվածով արդեն իսկ նախատեսվել է իշխանությունը զավթելը և իշխանությունը պահելը, այսինքն՝ այդ օբյեկտիվ գործողության մյուս հատկանիշները, օբյեկտիվ կողմի մյուս հատկանիշները՝ սահմանադրական կարգը տապալելը և տարածքային ամբողջականությունը խախտելը, այս գործողությունները դուրս են հանվել 300 հոդվածի դիսպոզիցիայից և նախատեսվել են առանձին հոդվածներով՝ 300.1-ով առանձին նախատեսվել է սահմանադրական կարգի տապալելը, 300.2-ով առանձին նախատեսվել է տարածքային ամբողջականությունը խախտելը։ Այսինքն՝ 300 հոդվածը ընդամենը բաղդատվել է առանձին հանցակազմերի», - ընդգծեց Խաչատրյանը։

Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է անցած հունիսից: Նա պահվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում:

XS
SM
MD
LG