Մատչելիության հղումներ

Քոչարյանի փաստաբանները պնդում են, որ դատավորը անտեսել է ՍԴ-ի որոշումը


Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամներ Հովհաննես Խուդոյանը (ձ) և Արամ Օրբելյանը:

ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակելու որոշմամբ դատավոր Աննա Դանիբեկյանը առանց որևէ պատճառաբանության անտեսել է Սահմանադրական դատարանի որոշումը: Նման հայտարարություն արեցին այսօր հրավիրված ասուլիսին Քոչարյանի փաստաբանները՝ մանրամասնելով, թե Դանիբեկյանը Քոչարյանի կալանքը անփոփոխ թողնելու դեռ առաջին՝ սեպտեմբերի 20-ի որոշմամբ ամրագրել էր, որ դատախազության պնդումները, թե նախկին նախագահը կարող է խուսափել քննությունից, հիմնավոր չեն: Նույն որոշմամբ Դանիբեկյանն արձանագրել էր, որ պահպանվել է միայն խոչընդոտելու հիմքը և ավելացրել, որ օրենսդրությունը հնարավորություն չի տալիս խափանման այլ միջոցով՝ օրինակ գրավով չեզոքացնել խոչընդոտելու ռիսկը:

Սահմանադրական դատարանը Դանիբեկյանի այս որոշումից կարճ ժամանակ անց, ինչպես շեշտում են փաստաբանները, մեկ այլ գործով ամրագրել է, որ հակասահմանադրական է մեկնաբանությունը, որ գրավը չի կարող կիրառվել խոչընդոտելու դեպքում: Սահմանադրական դատարանի հենց այս որոշումն էլ փաստաբանները դրել էին իրենց երկրորդ միջնորդության հիմքում ու պահանջում էին Քոչարյանին ազատ արձակել գրավի դիմաց: Դատավոր Դանիբեկյանը, սակայն, երեկ կրկին մերժեց այս միջնորդությունը:

«Առանց որևէ պատճառաբանության, Սահմանադրական դատարանի որոշումները անտեսվում են դատարանի կողմից, ինչը հետագա լուրջ իրավական խնդիրների հիմք է հանդիսանալու», - ասաց Քոչարյանի փաստաբաններից Հովհաննես Խուդոյանը:

Նրա գործընկեր Արամ Օրբելյանը հավելեց․ - «Սկսել է մտածել՝ կկիրառեմ գրավ, հետո կգնա, կխոչընդոտի, հետո կուզեմ գրավը ազգայնացնեմ, հետո ոնց եմ ազգայնացնելու, կարողանալու եմ վերցնել, թե չեմ կարողանալու վերցնեմ․․․ մի երեք քայլ էլ ավել ա մտածել, քան ինքը պետք է և իրավունք ուներ մտածել: Որովհետև և՛ Սահմանադրական դատարանը, և՛ Վճռաբեկ դատարանը արձանագրել են, որ այո, կարող ենք բռնագանձել»:

Թեև այս գործով դատավարությունը սկսվել է գարնանը, բայց բուն գործին այդպես էլ դեռ անդրադարձ չի եղել: Դատավորները հիմնականում քննել են նախկին նախագահի կալանքի հարցը: Փաստաբանները չեն հստակեցնում, թե առաջիկա նիստին ինչ միջնորդություններ են ներկայացնելու դատարան, բայց ընդգծում են, որ բոլոր հնարավոր քայլերը սպառելու են, որպեսզի Քոչարյանը դատավարությանբը մասնակցի ազատության մեջ, և դա ամենևին էլ քննությունը ձգձգելու փորձ չէ:

«Մենք շատ մեծ հաճույքով կմտնենք դատական վիճաբանությունների փուլ: Ուղղակի որոշ մարդիկ մի քիչ խեղված են ընկալում էս փուլերի անցման պրոցեսը: Պարոն Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ, և գործը շատ արագ մտնի վիճաբանությունների փուլ: Ես երեկ հարցազրույցներից մեկում ասացի, որ մարդիկ մտածում են, որ պարոն Քոչարյանը հիմա արդեն պատիժ է կրում: Ոչ, պարոն Քոչարյանը հիմա պատիժ չի կրում: Փաստացի կրում է պատիժ ինչ-որ անհասկանալի մեկնաբանության արդյունքում», - հայտարարեց Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը:

Ինչ վերաբերում է հիմնավորմանը, թե Քոչարյանը ազատության մեջ լինելու դեպքում կարող է խոչընդոտել գործի քննությանը և ազդել վկաների վրա, փաստաբանները հակադարձում են՝ վկաներին ազդեցություններից զերծ պահելը պետության գործառույթն է․ - «Պետությունը ունի ռեսուրսներ և ունի պարտականություն ոչ ի հաշիվ անձի իրավունքների սահմանափակման ապահովել պատշաճ դատավարական պրոցես: Այսինքն, եթե դուք գտնում եք, որ 800 վկայից 100-ին վտանգ է սպառնում, ենթադրենք, կամ 100-ի ցուցմունքն այնքան կարևոր է, որ անհրաժեշտ է բացառել որևէ ճնշում, հայտնի ֆիլմի օրինակով երկու ոստիկան կանգնեցրեք կողքը և ապահովեք իր անվտանգությունը»:

Մարտի 1-ի գործով տուժածների իրավահաջորդների շահերի պաշտպան Սեդա Սաֆարյանը իրավաչափ ու օրինական է համարում Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ թողնելու դատարանի որոշումը․ - «Ընդ որում, մենք հղումներ ենք անում քրեական գործի այն ապացույցներին, որտեղ երևում է Ռոբերտ Քոչարյանի կազմակերպելու մեծ կարողությունը և բռնապետական բնավորության գիծը և այդ բռնապետությունը ստեղծելու մեջ նրա մեծ դերը: Եվ հիմա էլ չենք թերագնահատում, որ եթե Ռոբերտ Քոչարյանը դրսում լինի, շատ հարցեր և շատ հանգամանքներ, որոնք քրեական գործի համար ունեն էական նշանակություն, ասենք, [կապ ունեն] նաև զորքի ներքաշման հարցում նրա իմացության և մնացյալի հետ, մենք չենք բացառում, որ... Ռոբերտ Քոչարյանը հո չի՞ ասելու՝ կհանդիպեմ սրան, կհանդիպեմ նրան, կփոխեմ այս մարդու կարծիքը»:

Արամ Օրբելյանը տեղեկացրեց նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան 9 դիմում են ուղարկել, և դրանցից ոչ մեկով դեռ կոմունիկացիոն գործընթաց չի սկսվել:

Ինչ վերաբերում է Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգի տապալումը սահմանող 300.1 հոդվածի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովից ու ՄԻԵԴ-ից սպասվելիք կարծիքին, որն ուղարկվելու է Սահմանադրական դատարան, փաստաբանը ասում է, որ հավանական է, որ տարեսկզբին ՄԻԵԴ-ից ստանալ այդ կարծիքը:


XS
SM
MD
LG