Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ, դատավորը մերժեց գրավի միջնորդությունը


Երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Այսօր առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանը կրկին մերժեց Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը նրան գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ:

«Կալանքը գրավով փոխարինելու մասին, մերժել», - հայտարարեց Դանիբեկյանը:

Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ դատավորի որոշումն ապօրինի է․ «Սպասելի էր իմ համար, դատավոր Դանիբեկյանից, ինձ թվում է, արդեն շուտվանից էր պարզ, որ արդարադատություն սպասելը երևի միամտություն է»:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանի փոխանցմամբ՝ իրենք Վերաքննիչ դատարանում կբողոքարկեն դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած որոշումը։ Սահակյանը մերժման որոշմանը դեռ չի ծանոթացել, բայց ենթադրում է, դատարանը որոշման հիմքում դրել է դատախազների ներկայացրած այն հանգամանքը, որ ազատության մեջ Քոչարյանը կարող է խոչընդոտել քննությանը: Փաստաբանը տեղի ունեցածը որակում է ապօրինություն, որի պատասխանատուն համարում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

«Ես գտնում եմ, որ եթե մարդ կարողանում է 3 ամսվա ընթացքում և կարող է սխալվում եմ՝ 3,5-ում երկու գեներալի կոչում ստանալ, արդեն սրանով ամեն ինչ ասված է: Երբևէ տեսե՞լ եք, որ որևէ մեկը չունենալով որևէ արժանիք այդքան կարճ ժամանակում թռնում է ինչ-որ տարիների աստիճանակարգ և ստանում երկրորդ կոչումը, սրանով ես պայմանավորում եմ, որ նա ծառայություններ է մատուցում հանրապետության ղեկավարությանը, դիցուք՝ վարչապետին», - նշեց Սահակյանը:

Մարտի 1-ի գործով տուժածների իրավահաջորդների շահերի պաշտպան Սեդա Սաֆարյանը վստահ է՝ Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ գտնվելով կխոչընդոտի քննությանը, հետևաբար դատարանի որոշումը, նրա գնահատմամբ, ավելի քան օրինական է:

«Մենք հղումներ ենք անում քրեական գործի այն ապացույցներից, որտեղ երևում է Ռոբերտ Քոչարյանի կազմակերպելու մեծ կարողությունը և բռնապետական բնավորության գիծը և այդ բռնապետությունը ստեղծելու մեջ նրա մեծ դերը և հիմա էլ չենք թերագնահատում, որ եթե Ռոբերտ Քոչարյանը դրսում լինի, շատ հարցեր և շատ հանգամանքներ, որոնք քրեական գործի համար ունեն էական նշանակություն, ասենք, նաև զորքի ներքաշման հարցում նրա իմացության և մնացյալի հետ: Ռոբերտ Քոչարյանը հո չի ասում, որ «կհանդիպեմ սրան, կհանդիպեմ նրան, կփոխեմ այս մարդու կարծիքը», մենք հասկանում ենք, որ այդպիսի բան որևէ մեկը չի գա և դատարանում չի հայտնի», - ասաց Սաֆարյանը:

Արդեն մեկ անգամ դատավոր Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն հայտարարած Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Ռուբեն Սահակյանը կարծում է՝ անհրաժեշտության դեպքում պետք է 100 նման միջնորդություն ներկայացնել, քանի որ դատավորը, ըստ Սահակյանի, իր մասնագիտությանը չի տիրապետում: Փաստաբանը ավելի հեռուն գնաց՝ հեգնելով դատավորին, թե նա ոչ թե Քոչարյանին, այլ իր կատուներին պետք է դատի:

«Եթե դու չես հասկանում, ինչի՞ կարճ կապեմ, գնա ձեր տուն, գնա քո կատուներին դատապարտի, գնա քո կատուների գործը լսի, ոչ թե լսի մարդկանց գործը», - նշեց Սահակյանը:

Թեև այս գործով դատավարությունը սկսվել է գարնանը, բայց բուն գործին այդպես էլ դեռ անդրադարձ չի եղել՝ դատավորները հիմնականում քննել են նախկին նախագահի կալանքի հարցը: Ինչո՞ւ նման միջնորդություններով ձգձգել դատական գործընթացը, եթե ասում եք, որ ձեզ համար ակնհայտ է, որ դատարանը մերժելու է դրանք, «Ազատության» հարցին ի պատասխան Սահակյանը հակադարձեց՝ դա իրենց մանսագիտական պարտականությունն է, ապա փաստաբանին զայրացրեց լրագրողի մեկ այլ հարց այն մասին, որ կա տեսակետ, թե Քոչարյանի փաստաբանական խումբը ձգձգում է գործընթացը, մինչև որ Սահմանադրական դատարանը (ՍԴ) ստանա Վենետիկի հանձնաժողովի ու ՄԻԵԴ-ի կարծիքը նախկին նախագահին մեղսագրվող 300.1 հոդվածի վերաբերյալ:

«Մենք նպատակ չունենք ձգձգել քննությունը, մեկ, մենք նպատակ չունենք սպասել միջազգային կառույցներից եկած գնահատականին», - ասաց Ռուբեն Սահակյանը:

Ի դեպ, դատական նիստը սկսվեց միջադեպով․ երբ նիստերի դահլիճ մուտք գործեց ամբաստանյալ Քոչարյանը նրան ծափահարություններով ողջունողների կողքին անձայն ցուցապաստառ էր բարձրացրել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին: Դատական կարգադրիչները նրան ուժով հեռացրին նիստերի դահլիճից:

Հաջորդ դատական նիստը կանցկացվի նոյեմբերի 12-ին: Նիստին զուգահեռ դրսում բողոքի ակցիա էին անցկացնում Ռոբերտ Քոչարյանի աջակիցները պահանջելով ազատ արձակել սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող նախկին նախագահին։

XS
SM
MD
LG