2019 թվականը Վրաստանը դիմավորեց նոր նախագահով (այդ պաշտոնում մեծ դժվարությամբ ընտրվեց նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին) և որպես հետևանք, անվերջ քաղաքական մենամարտերից հոգնած հասարակությամբ ու քաղաքական դաշտով:
2019-ի առաջին ամիսները նույնիսկ մի պահ տպավորություն էին ստեղծել, որ սա կարող է դառնալ Բիձինա Իվանիշվիլիի իշխանության ժամանակաշրջանի թերևս ամենահանգիստ տարին, երբ իշխանությունը, ընդդիմությունը և շարքային քաղաքացիները` յուրաքանչյուրը զբաղված կլինի սեփական խնդիրներով և մյուսի գործերին չի խառնվի:
Նույնիսկ Արևմտյան Վրաստանի խոշորագույն քաղաքներից մեկում` Զուգդիդիում, մայիսին անցկացված քաղաքապետի ընտրությունները և այն հանգամանքը, որ դրանցում միասնական ընդդիմության կողմից առաջադրվել էր նախկին առաջին տիկին Սանդրա Ռուլոֆսը չկարողացավ փոխել երկրում տիրող ընդհանուր մթնոլորտը:
Քվեարկության օրը ընդդիմադիրները խստորեն քննադատում էին արձանագրվող խախտումները, բայց նույնիսկ Ռուլոֆսի ավելի քան կասկածելի պարտությունը և թեկնածուի ամուսնու նախկին նախագահ Սաակաշվիլիի` Եվրոպայից սոցիալական ցանցերով հնչեցվող կոչերը չփոխեցին իրավիճակը` միևնույն է մարդիկ փողոց դուրս չէին գալիս:
Բայց այն ինչ 2019-ի գարնանը չհաջողվեց նախկին նախագահին, նրա կնոջը, տասնյակ քաղաքական ուժերին և մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցներին` իշխանությունների գործողություններից դժգոհ մարդկանց դուրս բերել փողոց, կարողացավ անել առանձին վերցված մեկ ռուսաստանցի պատգամավոր` Սերգեյ Գավրիլովը` սխալ պահին հայտնվելով սխալ տեղում և խոսելով ոչ այն լեզվով և տոնայնությամբ, որով արժեր դիմել վրացիներին:
Այս և այլ զարգացումների մասին «Ազատության» ամբողջական անդրադարձին կարող եք ծանոթանալ ստորև.