Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը և պետքարտուղարը Վաշինգտոնում ընդունել են Ռուսաստանի արտգործնախարարին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 10-ը մայիսի, 2017թ․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 10-ը մայիսի, 2017թ․

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարևորել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը, սակայն հավելել է, թե դեռ վաղ է խոսել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների դրական տեղաշարժի մասին:

Պեսկովի խոսքով՝ այն փաստը, որ Թրամփն ընդունել է Լավրովին, արդեն շատ բան է ասում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մայք Պոմպեոն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ երեկ Վաշինգտոնում կայացած հանդիպումների ժամանակ կրկնել են 2016 թվականի ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտելու փորձերի վերաբերյալ մեղադրանքները և նախազգուշացրել են կրկնակի փորձերի վերաբերյալ: Լավրովը ինչպես միշտ մերժել է այդ մեղադրանքները՝ դրանք անհիմն անվանելով:

«Ռուսաստանի հանդեպ կասկածները հեղեղել են Վաշինգտոնը», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը ԱՄՆ պետքարտուղարի հետ համադեղ մամուլի ասուլիսին: Լավրովը երկու հանդիպում է անցկացրել Միացյալ Նահանգների մայրաքաղաքում։ Նախ հանդիպել է պետքարտուղարի հետ, հետո Լավրովին Սպիտակ տանը ընդունել է նաև Դոնալդ Թրամփը։ Եվ Ռուսաստանի արտգործնախարարի վաշինգտոնյան այցի հիմնական ինտրիգը հենց սա էր՝ կընդունի նրան արդյո՞ք Թրամփը, թե Լավրովի կարճատև այցը Վաշինգտոն կսահմանափակվի Փոմփեոյի հետ բանակցութուններով։

Թրամփը Լավրովին ընդունել է, հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՄՆ պետքարտուղարը։ Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած մամլո հաղորդագրության համաձայն՝ Թրամփը «նախազգուշացրել է Մոսկվայի կողմից ԱՄՆ ընտրություններին միջամտելու ցանկացած փորձի վերաբերյալ և Ռուսաստանին կոչ արել կարգավորել Ուկրաինայի հետ հակամարտությունը»:

Միացյալ Նահանգների նախագահը, Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, իր աջակցությունն է հայտնել զենքի արդյունավետ վերահսկմանը՝ շեշտելով, որ այդ վերահսկումը պետք է տարածվի նաև Չինաստանի վրա: Բացի սա, Թրամփի հետ հանդիպմանը քննարկվել է նաև Իրանի միջուկային ծրագիրը։ Լավրովը հերթական անգամ հայտարարել է, թե Մոսկվան նույնպես դեմ է, որ Թեհրաննն ի վերջո ստեղծի միջուկային զենք։

Ռուսաստանի արտգործնախարարը, հիշեցնենք, Վաշինգտոն էր մեկնել Փարիզից, որտեղ կայացել էր Ուկրաինայի արևելքում ճգնաժամի կարգավորմամբ զբաղվող նորմանդյան քառյակի գագաթնաժողովը, և ամերիկյան կողմին որոշ մանրամասներ է հայտնել փարիզյան բանակցություններից։ ԱՄՆ պետքարտուղարը Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին ևս մեկ անգամ ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և Մինսկի համաձայնագրերին։

«Ես նախարար Լավրովին վերահաստատեցի, որ Ղրիմը պատկանում է Ուկրաինային, և Ուկրաինայի արևլքում հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի համաձայնագրերի շրջանակում», - ասուլիսին ասել է Փոմփեոն։

Ռուսաստանի արտգործնախարարը նաև առանձին մամուլի ասուլիս էր երեկ անցկացրել Վաշինգտոնում, որի ժամանակ շեշտել էր, թե Ռուսաստանը չնայած բոլոր տարաձայնություններին պատրաստ է սպառազինության վերահսկման ցանկացած պայմանագիր կնքել Միացյալ Նահանգների հետ, որ Վաշինգտոնն ու Մոսկվան շարունակում են համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում և փորձում են զարգացնել երկու երկրների միջև բիզնես կապերը։

Լավրովը Վաշինգտոնում հերթական անգամ Թրամփին Պուտինի անունից հրավիրել է հաջորդ տարի Մոսկվա՝ մասնակցելու մայիսի 9-ին Հայրենական Մեծ պատերազմում կրած հաղթանակի հոբելյանին նվիրված միջոցառումներին։

XS
SM
MD
LG