Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը «շատ լավ» է գնահատում Ռուսաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպումը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ընդունում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին և ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակին, Վաշինգտոն, 10-ը մայիսի, 2017թ․

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «շատ լավ» է գնահատել: Չորեքշաբթի օրը Սպիտակ տանը Լավրովի հետ հանդիպումից հետո Թրամփը լրագրողներին ասել է, որ հանդիպումը շատ լավ է անցել, և որ իրեն հատկապես ոգևորում են Սիրիայի շուրջ զրույցի արդյունքները։

«Տեղի են ունենում իրադարձություններ, որոնք իրոք, իսկապես դրական են։ Մենք կկանգնեցնենք մարդկանց մահն ու սպանությունը», - ասել է Միացյալ Նահանգների նախագահը։

Ռուսաստանի արտգործնախարարը երեկ Վաշինգտոնում հանդիպել էր նախ իր ամերիկացի գործընկեր Ռեքս Թիլերսոնին, այնուհետև Լավրովին ընդունել է նաև Թրամփը, որի հետ հանդիպումը տևել է 40 րոպե։ Միացյալ Նահանգներին և Ռուսաստանին անհրաժեշտ է համագործակցել Սիրիայում հակամարտությանը վերջ տալու համար, ասված է հանդիպումից հետո Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում։ Նշված է նաև, որ պետք սանձել Ասադի ռեժիմը, Իրանին և Իրանի դաշնակիցներին։

Բացի այդ, Միացյալ Նահանգների նախագահը հանդիպմանը բարձրացրել է Ուկրաինայի հարցը և ընդգծել է, որ իր վարչակազմը հետամուտ է լինելու ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը, և որ Ռուսաստանը Մինսկի համաձայնագրերն իրագործելու պարտավորություն է ստանձնել: Դրա հետ մեկտեղ, Թրամփը հանդիպմանը բարձրացրել է Մերձավոր Արևելքում և ոչ միայն այնտեղ Ռուսաստանի հետ Միացյալ Նահանգների համագործակցության ընդլայնման հնարավորության հարցը և ընդգծել, որ ուզում է բարելավել հարաբերությունների Մոսկվայի հետ։

Իր հերթին, Սերգեյ Լավրովը Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատանը կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե Միացյալ Նահանգները պատրաստ է համագործակցել Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու հարցում։ Համագործակցության մեխանիզմները, Լավրովի խոսքով, քննարկվել են ամերիկյան կողմի հետ երեկ կայացած բանակցություններում։ Բացի այդ, համեմատելով Թրամփին նրա նախորդի հետ, Լավրովն ասել է, թե երկխոսությունը Թրամփի թիմի հետ ավելի դյուրին է, քանի Օբամայի թիմի հետ: «Թրամփի թիմը գործի, այլ ոչ թե գաղափարների մարդիկ են», - հայտարարել է նա:

Հավելենք, որ երեկ Սպիտակ տանն էր ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, և Թրամփը լրագրողներին ասել էր, որ նրա հետ քննարկել է Ռուսաստանի հարցը:

Սա Ռուսաստանի արտգործնախարարի առաջին աշխատանքային այցն էր Վաշինգտոն 2013 թվականից սկսած։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG