Մատչելիության հղումներ

Մնացականյան․ Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը հանդիսանում է խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքը


Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր Բրատիսլավայում ելույթ ունեցավ ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովում՝ ներկայացնելով Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը և անդրադառնալով նաև Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված փաստաթղթին:

Իր ելույթում Մնացականյանը մասնավորապես շեշտել է, որ հակամարտությունը խաղաղ կարգավորման այլընտրանք չունի և հավելել․ «Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը հանդիսանում է խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքը և հիմքը: Այս սկզբունքի ճանաչումը ենթադրում է, որ Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը չի կարող ենթարկվել որևէ սահմանափակման, ինչը պետք է հստակորեն և միանշանակորեն ընդունվի: Առանց սահմանափակման տերմինը պարզորոշ կերպով մատնանշում է Արցախի ժողովրդի իրավունքը՝ ունենալ և որոշել իրենց կարգավիճակը Ադրբեջանի իրավասությունից, ինքնիշխանությունից և տարածքային ամբողջականությունից դուրս: Ադրբեջանի կողմից որդեգրած շարունակական թշնամական քաղաքականությունն ու դրանից բխող գործողությունները ստեղծում են Արցախի ժողովրդի համար էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգության սպառնալիք, ինչի մասին վկայում է նաև 2016-ի ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան»:

Հայաստանի արտգործնախարարը անդրադարձել է նաև ադրբեջանական կողմից երեկ տարածած հուշագրին՝ նշելով․ «Անընդունելի է, երբ Ադրբեջանում ներկայիս ներքաղաքական զարգացումների լույսի ներքո, վերջինս խաղաղության գործընթացի համար ներկայացնում է նախապայմաններ, որոնք հրապարակվել են նախարարական խորհրդի նախօրեին շրջանառված փաստաթղթում: Հայաստանը մերժում է նման ոչ կառուցողական մոտեցումը»:

Մնացականյանը այսօր ևս մեկ անգամ ընդգծել է, որ Արցախն իր ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով պետք է բանակցային գործընթացի անմիջական կողմ լինի:

ԵԱՀԿ խորհրդաժողովի նիստին ելույթ ունեցավ նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, հայտնելով երեկվա բանակցությունների որոշ մանրամասներ․ «Դրանք բավականին կոշտ բանակցություններ էին, ցավոք, մենք դեռ ունենք չհամաձայնեցված հարցեր: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մենք քննարկում ենք կարգավորման փուլային տարբերակը, առաջին քայլը, բանականաբար, պետք է լինի հայկական զորքերի անհապաղ դուրսբերումը Ղարաբաղից և այլ տարածքներից»:

Հիշեցնենք՝ երեկ Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններում քննարկվել են հրադադարի ամրապնդման, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, ինչպես նաև հաջորդ տարվա սկզբին համատեղ աշխատանքը շարունակելու ծրագրերը, ասված է Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում:

Հաղորդագրությունում նշված է, որ հանդիպման ժամանակ Մնացականյանն ընդգծել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածությունների շրջանակում արձանագրված համեստ արդյունքը՝ Հայաստանի, Արցախից և Ադրբեջանից լրագրողների փոխանակման ծրագրի իրականացման միջոցով։ Դիտարկվել է այդ համատեքստում լրագրողների, հասարակությունների միջև նմանօրինակ ուղիղ ներգրավվածության շարունակման հնարավորությունը: Միաժամանակ, ընդգծվել է վստահության ամրապնդման այլ միջոցառումների ներդրման կարևորությունը:

Անդրադառնալով նախօրեին Երևանում Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ հանդիպմանը՝ Զոհրաբ Մնացականյանը ևս մեկ անգամ ընդգծել է Արցախի իշխանությունների ուղիղ ներգրավման անհրաժեշտությունը, հատկապես կարգավորման բովանդակային հարցերի շուրջ, ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրությունում:

Ադրբեջանի արտգործնախարարությունն էլ հայտնում է, որ նախարարների հանդիպումը տևել է երեքուկես ժամ: Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են նորից հանդիպել եկող տարվա սկզբին: Արտգործնախարարները քննարկել են ստեղծված իրավիճակն ու խաղաղ կարգավորման ուղիները:

Սլովակիայի մայրաքաղաքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մինչ այդ նաև առանձին հանդիպումներ էին անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ:

Հիշեցնենք՝ երեկ բանակցություններից առաջ ԵԱՀԿ-ում Ադրբեջանի առաքելությունը տարածել էր խնդրի քաղաքական կարգավորման շուրջ Բաքվի պաշտոնական դիրքորոշումը: Հուշագրում, որն իր հետ Բրատիսլավա էր տարել Մամեդյարովը, որևէ նորություն չկա: Փաստաթղթում, մասնավորապես, նորից նշված է, թե Ադրբեջանը հակված է հակամարտության կարգավորման փուլային տարբերակին: Որպես առաջին քայլ՝ Բաքուն այս հուշագրում նշում է «հայկական զինված ուժերի անառարկելի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղի շրջանից և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներից»: Հաջորդ քայլը, Բաքվի պատկերացմամբ, պետք է լինի ադրբեջանական բնակչության վերադարձը` անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների պահպանմամբ, ինչպես նաև տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը: Այս քայլերից հետո միայն Բաքուն պատրաստ կլինի որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը Ադրբեջանի կազմում՝ Ադրբեջանի Սահմանադրությանը համապատասխան:

«Կարգավիճակի սահմանումը պետք է տեղի ունենա խաղաղ պայմաններում օրինական գործընթացների շրջանակներում՝ Ադրբեջանի շրջան Լեռնային Ղարաբաղի ամբողջական և հավասար մասնակցությամբ, այսինքն՝ հայկական և ադրբեջանական համայնքների ու Ադրբեջանի կառավարության հետ նրանց փոխգործակցության բացառապես օրինական և ժողովրդավարական գործընթացում», - նաև ասվում է Ադրբեջանի իշխանությունների հեղինակած փաստաթղթում:

Հուշագրի վերջում պաշտոնական Բաքուն ընդգծում է, որ ղարաբաղյան խնդրի քաղաքական կարգավորումը չի տեսնում այս շրջանակներից դուրս:

Երկու օր առաջ, հիշեցնենք, Բաքվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի արտգործնախարարը: Սերգեյ Լավրովը Էլմար Մամեդյարովի հետ բանակցություններին հետևած ասուլիսի ժամանակ գոհունակություն էր հայտնել Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ ղարաբաղյան խնդրի շուրջ քննարկումներից և հույս էր հայտնել, որ Բրատիսլավայում հնարավոր կլինի ընդունել ընդհանուր հայտարարություն, որի տակ կստորագրեն և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, և՛ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG