Մատչելիության հղումներ

Լավրովը Բաքվում կարևորել է վստահության ամրապնդման միջոցառումները ղարաբաղյան գործընթացում


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Պաշտոնական Մոսկվան շահագրգռված է, որ իրագործվեն վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ պայմանավորվածությունները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ երեկ Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ղարաբաղյան գործընթացին:

«Մենք շահագրգռված ենք, որ իրագործվեն Վիեննայի գագաթնաժողովին ձեռք բերված և Մոսկվայում նախարարների հանդիպմանը վերահաստատված վստահության ամրապնդման միջոցառումների մասին պայմանավորվածությունները», - ասել է Լավրովը՝ հավելելով, թե այդ պայմանավորվածություններն աստիճանաբար իրագործվում են, և հույս հայտնելով, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկայում կայանալիք հանդիպումը կհամախմբի այդ գործընթացը:

Իլհամ Ալիևն առիթը բաց չի թողել Հայաստանի իշխանություններին հերթական անգամ քննադատելու համար, դժգոհել է բանակցությունների դանդաղ ընթացքից:

Լավրովն Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է նաև, թե երկարաժամկետ քաղաքական կարգավորման հետ կապված դեռ շատ բան կա անելու, և միաժամանակ նշել է․ - «Ես բացարձակապես պաշտպանում եմ Ձեր այն թեզը, որ պետք է խուսափել հռետորաբանությունից, որը հակասում է երկու կողմերի հաստատած հիմնարար սկզբունքներին՝ ամրագրված ՄԱԿ-ի Կանոնադրությունում և Հելսինկյան եզրափակիչ ակտում»:

Լավրով-Ալիև հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ քննարկումներից պաշտոնական լրահոսը միայն այսքանն է հայտնում:

Ռուսաստանի արտգործնախարարը, հիշեցնենք, Բաքու է ժամանել երեկ, այսօր նա հանդիպելու է իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:

Բանակցությունների գլխավոր հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղն է: Լավրովի այցին ընդառաջ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր, թե «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում կողմերին աջակցելն առաջնային խնդիր է Ռուսաստանի արտաքին քաղաքականության օրակարգում, և այն Ռուսաստանի նախագահի ուշադրության կենտրոնում է»:

XS
SM
MD
LG