Մատչելիության հղումներ

Մնացականյանը և Մամեդյարովը քննարկել են հրադադարի ամրապնդման, վստահության միջոցառումների հարցերը


Լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի
Լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի

Հրադադարի ամրապնդման, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, ինչպես նաև հաջորդ տարվա սկզբին համատեղ աշխատանքը շարունակելու ծրագրերն են քննարկել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ժամեր առաջ Բրատիսլավայում կայացած հանդիպման ժամանակ: Այս մասին «Ազատությանը» հայտնեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

Սլովակիայի մայրաքաղաքում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակում Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումն անցկացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի միջնորդությամբ և մասնակցությամբ:

Նաղդալյանի փոխանցմամբ՝ Մնացականյանն ընդգծել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածությունների շրջանակում արձանագրված համեստ արդյունքը՝ Հայաստանի, Արցախից և Ադրբեջանից լրագրողների փոխանակման ծրագրի իրականացման միջոցով։ Դիտարկվել է այդ համատեքստում լրագրողների, հասարակությունների միջև նմանօրինակ ուղիղ ներգրավվածության շարունակման հնարավորությունը: Միաժամանակ, ընդգծվել է վստահության ամրապնդման այլ միջոցառումների ներդրման կարևորությունը:

Անդրադառնալով նախօրեին Երևանում Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ հանդիպմանը՝ Զոհրաբ Մնացականյանը ևս մեկ անգամ ընդգծել է Արցախի իշխանությունների ուղիղ ներգրավման անհրաժեշտությունը, հատկապես կարգավորման բովանդակային հարցերի շուրջ:

Աննա Նաղդալյանը հայտնեց, որ Հայաստանի արտգործնախարարն այսօր ելույթ կունենա ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովում, որի ժամանակ կանդրադառնա նաև նախօրեին Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված փաստաթղթին:

XS
SM
MD
LG