Մատչելիության հղումներ

Լոնդոնում ավարտվեց ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, Լոնդոն, 4-ը դեկտեմբերի, 2019թ.

Չնայած նախապես հնչեցված սպառնալիքներին, Թուրքիան ի վերջո որոշեց զերծ մնալ Լեհաստանի և բալթյան պետությունների պաշտպանունակության ամրապնդմանն ուղղված ՆԱՏՕ-ի ծրագրի արգելափակումից:

Դա պարզ դարձավ դաշինքի 70-ամյակին նվիրված գագաթնաժողովի ավարտին: Առաջինն այդ մասին հայտարարեց Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան` նշելով. - «Այդ որոշումը մեծ ձեռքբերում է ոչ միայն մեր երկրի, այլև ողջ տարածաշրջանի համար, որոշում, որ ապահովում է մեր քաղաքացիների անվտանգությունը»:

Այն, որ կողմերն ի վերջո կարողացել են ընդհանուր հայտարարի գալ, մի քանի ժամ առաջ կայացած ասուլիսի ժամանակ հաստատեց նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը` ընդգծելով, որ առաջիկայում դաշինքի արագ արձագանքման հավաքական ուժերի թվաքանակը մեծացվելու է:

«Բոլոր ղեկավարները շատ հստակ դիրքորոշում արտահայտեցին` բոլորը մեկի համար և մեկը բոլորի: Մեր հավատարմությունը ՆԱՏՕ-ի կանոնակարգի հինգերորդ հոդվածին, որը հստակեցնում է՝ հավաքական անվտանգության ապահովման միջոցառումներն անփոփոխ են: Այսօր մենք մի շարք կարևոր որոշումներ ենք կայացրել, մասնավորաբար որոշել ենք մեծացնել մեր ուժերի մարտական պատրաստության մակարդակը: Այդ նպատակով առաջիկա 30 օրերին մեր դաշնակիցները 30 ցամաքային գումարտակ, 30 ավիացիոն էսկադրիլյա և 30 ռազմանավ կտրամադրեն ՆԱՏՕ-ի հրամանատարությանը», - հայտարարում էր Ստոլտենբերգը:

Հիշեցնենք, որ լոնդոնյան համաժողովի մեկնարկից առաջ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ պետություններից պահանջել էր Սիրիայի հյուսիսում գործող քրդական կառույցները որպես ահաբեկչական կազմակերպություններ ճանաչել` միայն այդ դեպքում խոստանալով չընդդիմանալ Ռուսաստանից` բալթյան պետությունների և Լեհաստանի պաշտպանությունն ապահովող համալիր ծրագրի ընդունմանը:

Մի քանի ժամ շարունակված քննարկումների ընթացքում, սակայն, ըստ Ստոլտենբերգի, դաշինքի անդամները գերադասել են վերջնական որոշում չկայացնել. - «Հայտնի է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցների շրջանում տարաձայնություններ կան Սիրիայում գործող քրդական խմբերին` «Ժողովրդական պաշտպանության ուժերին» և «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը տրվող որակումների շուրջ: Այսօր կայացած նիստի ընթացքում մենք այդ հարցի լուծումը չենք գտել, սակայն խնդիրը քննարկվել է: Մի հարցի շուրջ, սակայն, մենք ընդհանուր հայտարարի եկանք. չի կարելի վտանգել ահաբեկչության դեմ պայքարը: ՆԱՏՕ-ին անդամակցող բոլոր պետություններն «Իսլամական պետության» դեմ մարտնչող գլոբալ կոալիցիայի անդամներ են, և մենք պայմանավորվել ենք նոր լիցք հաղորդել այդ ջանքերին», - հայտարարում էր Ստոլտենբերգը:

Թուրքիայի և ՆԱՏՕ-ի անդամ մյուս 28 պետությունների` նախևառաջ Միացյալ Նահանգների միջև առկա մյուս լուրջ հակասությունը Անկարայի կողմից ռուսական արտադրության C-400 (S-400) հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերումն էր: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այսօր նշում էր, որ Թուրքիան, գնելով ռուսական համակարգերը, օգտվել է իր ինքնիշխան իրավունքից, ինչը, սակայն, չի նշանակում, որ դա որևէ կերպ ազդելու է Հյուսիսատլանտյան դաշինքի հետագա գործողությունների վրա:

«Մեր դաշնակիցներից շատերը, սակայն, արտահայտել են իրենց մտահոգությունները, ես անձամբ նույնպես խոսել եմ այդ քայլի հետևանքների մասին: Միակ բանը, որ կարող եմ ասել, հետևյալն է` հակաօդային պաշտպանության ռուսական համակարգերը երբեք չեն ինտեգրվի ՆԱՏՕ-ին, դրանք երբեք չեն դառնա ՆԱՏՕ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միասնական համակարգի մասը», - շեշտում էր Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը:

Այսօր Լոնդոնում կայացած քննարկումների մյուս թեման Ռուսաստանի հետ հարաբերություններն էին, մասնավորապես Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի վերջին հայտարարությունները, թե դաշինքը պետք է «ռազմավարական երկխոսություն սկսի Ռուսաստանի հետ»:

«ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ երկխոսության մեջ է, և մենք հավատում ենք այդ երկխոսության անհրաժեշտությանը, քանի որ Ռուսաստանը մեր ամենամերձավոր և ամենամեծ հարևանն է: Այդ իսկ պատճառով մենք պետք է ձգտենք բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Եվ անգամ եթե մոտ ապագայում մենք ի վիճակի չենք լինի բարելավել այդ հարաբերությունները, միևնույն է՝ հարկավոր է Ռուսաստանի հետ դժվարին հարաբերություններ հաստատել: Մենք պետք է Ռուսաստանի հետ հարաբերություններում կանխատեսելիության և թափանցիկության միջավայր ստեղծենք, որպեսզի հնարավոր լինի խուսափել տարատեսակ միջադեպերից: Եթե նման միջադեպեր նույնիսկ տեղի ունենան, մենք կկարողանանք խուսափել դրանց՝ վերահսկողությունից դուրս գալու հեռանկարից: Այնպես որ ես և ՆԱՏՕ-ն հավատում ենք Ռուսաստանի հետ երկխոսությանը», - նշում էր Յենս Ստոլտենբերգը` ընդգծելով, որ այդ երկխոսության արդյունավետության համար դաշինքը պետք է շարունակի ուժեղ և միասնական դիրքերից հանդես գալ:

XS
SM
MD
LG