Մատչելիության հղումներ

Ռուսաստանը և Թուրքիան կնքեցին S-400-ների համաձայնագիրը


Ռուսական արտադրության S-400 ՀՕՊ համակարգը, արխիվ

Այսօր Մոսկվան և Անկարան ավարտել են ռուսական S-400 (C-400) հակաօդային պաշտպանության համակարգերի՝ Թուրքիային վաճառելու գործարքի ձևակերպումը: Ստորագրվել է 2 միլիարդ 500 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրը՝ ռուսական վարկով Անկարան ռուսական հրթիռներ է գնում:

Ըստ համաձայնագրի՝ Ռուսաստանը Թուրքիային վաճառելու է S-400 հակաօդային պաշտպանության չորս համակարգ:

Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրն է, որ Ռուսաստանի հետ նման խոշոր ռազմական գործարքի է գնում՝ Ռուսաստանից հակաօդային հրթիռային պաշտպանական համակարգ է ձեռք բերում:

Թուրքական Daily Sabah-ը նշում է, որ դաշնակիցները քննադատել են Անկարային՝ նշելով, թե այդ քայլով Թուրքիան հեռանում է ՆԱՏՕ-ից:

Սակայն Թուրքիան պնդում է, որ երկրի հակաօդային պաշտպանությունը ապահովելու համար նախ դիմել է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրներին, փորձել է հակաօդային համակարգ ձեռք բերել դաշնակիցներից, բայց անհրաժեշտ աջակցություն չի ստացել, ինչից հետո արդեն սկսել է Ռուսաստանի հետ բանակցությունները:

Գործարքի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի Ռուսաստան այցելության ժամանակ: Իսկ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը անցած ամիս Միացյալ Նահանգներ այցի ընթացքում ասել էր, թե ստիպված են գնացել այդ քայլին:

Անկարան պնդում է, որ Մոսկվայի հետ ռազմական այդ խոշոր գործարքը քաղաքական ենթատեքստ չունի, և այն պետք է դիտարկել միայն որպես երկրի պաշտպանական համակարգը ամրապնդելու անհրաժեշտ քայլ:

Ռուսական S-400 համակարգերով Թուրքիան կստեղծի երկար հեռահարության և հակահրթիռային պաշտպանության առաջին համակարգը երկրում: Անկարան պնդում է, որ դա անհրաժեշտ է տարածաշրջանային սպառնալիքներին դիմակայելու համար:

S-400 նորագույն համակարգերը Ռուսաստանը սկսել է արտադրել 2007 թվականից: Մինչև հիմա այն վաճառվել էր Չինաստանին և Հնդկաստանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG