Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն սպառնում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ ռուսական S-400 հրթիռների պատճառով


Թուրքիա - Անկարայի մոտ գտնվող «Մուրթեդ» ավիացիոն ռազմակայանում ռուսական ռազմական բեռնատար օդանավից դուրս են բերում S-400-ի բաղադրիչները, 12-ը հուլիսի, 2019թ․

Վաշինգտոնը հերթական անգամ սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ` ռուսական S-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի գնման պատճառով։

CBS հեռուստաընկերության եթերում երեկ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը հայտարարել է, թե Վաշինգտոնը շատ դժգոհ է ռուս-թուրքական այս գործարքից, և եթե Թուրքիան չազատվի ռուսական հրթիռներից, մեծ է հավանականությունը, որ Կոնգրեսը կընդունի պատժամիջոցների մասին օրենքը, և Թուրքիան կզգա պատժամիջոցների հետևանքները։

«Մենք այս մասին շատ հստակ ասել ենք Էրդողանին։ ՆԱՏՕ-ում տեղ չկա S-400-ի ռուսական սպառազինության նման քանակի համար», - հավելել է ԱՄՆ նախագահի խորհրդականը։

Օ՛Բրայենի խոսքով, Թրամփն այս մասին ևս մեկ անգամ շատ հստակ կասի Էրդողանին Վաշինգտոնում։ Նոյեմբերի 13-ին, հիշեցնենք, նախատեսված է Էրդողանի այցը Միացյալ Նահանգներ։ Էրդողան-Թրամփ օրակարգի մասին պաշտոնական տեղեկություն դեռ չկա, հայտնի է միայն, որ ընթանում են հանդիպման նախապատրաստման աշխատանքները։ Ի դեպ, մեկ շաբաթ առաջ Էրդողանն ասել էր, թե այցի մասին որոշում չի կայացրել։

Երկու երկրների միջև հարաբերությունները վատացել էին ոչ միայն ռուսական S-400-ների պատճառով, այլև Վաշինգտոնը դատապարտել էր Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում, Անկարային էլ զայրացրել էր ԱՄՆ Ներկայացուցիչների տան կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը։

S-400 զենիթահրթիռային համակարգերի մասին համաձայնագիրը Մոսկվան ու Անկարան ստորագրել էին 2017-ին, սա առաջին նման մեծ գործարքն էր ռուսական ռազմարդյունաբերության համար ՆԱՏՕ անդամ պետության հետ։ Ընդ որում, այս գործարքի համար Ռուսաստանը Թուրքիային վարկ է տրամադրել, բացի այդ, խոստացել փոխանցել Անկարային ոչ միայն հրթիռները, այլև դրանց ստեղծման տեխնոլոգիաները։

Ռուսական S-400 համակարգերով Թուրքիան կստեղծի երկար հեռահարության և հակահրթիռային պաշտպանության առաջին համակարգը երկրում: Անկարան պնդում է, որ դա անհրաժեշտ է տարածաշրջանային սպառնալիքներին դիմակայելու համար: S-400 նորագույն համակարգերը Ռուսաստանը սկսել է արտադրել 2007 թվականից: Մինչև հիմա այն վաճառվել էր Չինաստանին և Հնդկաստանին:

XS
SM
MD
LG