Մատչելիության հղումներ

Ռուսաստանն «իրական քաղաքականության մեջ ամենևին էլ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը չէ»


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

Դաշնակցային հարաբերությունների առումով Ռուսաստանը տարիներ շարունակ խախտել է պարկեշտության և բարոյականության հնարավոր և անհնար բոլոր սահմանները։ «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով երեկ Բաքվում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի արած հայտարարությանը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ։

Քաղաքական մեկնաբանն ասում է, որ ի վերջո Հայաստանում պետք է գիտակցեն՝ Ռուսաստանն իրական քաղաքականության մեջ ամենևին էլ պաշտոնական Երևանի ռազմավարական դաշնակիցը չէ՝ բառի բուն իմաստով։

«Մենք Ռուսաստանի հետ ունենք անվտանգային հարցերում իսկապես էական և առանցքային ընդհանուր շահեր, և պետք է աշխատել դրանց ուղղությամբ, և մենք նաև պետք է գիտակցենք, որ Ռուսաստանն ունի խնդիրներ իր համար էական, որոնք հակոտնյա են մեր շահերին և որոնք կարող են ընդհուպ սպառնալիք ստեղծել մեր անվտանգությանը: Ըստ այդմ՝ մենք պետք է դիտարկենք, թե որ ուղղությամբ ինչպես ենք աշխատում», - ընդգծեց Բադալյանը:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ ճեպազրույցի ընթացքում լրագրողի հարցին ի պատասխան Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռազմատեխնիկական գործակցությունն Ադրբեջանի հետ Ռուսաստանի ռազմավարական գործընկերության կարևոր ոլորտ է։ «Ռուսաստանը զարգացնում է այդ գործակցությունը թափանցիկ ձևով՝ միջազգային նորմերին, իրավունքին, Ադրբեջանի և Ռուսաստանի օրենսդրությանը համապատասխան՝ հաշվի առնելով այն հավասարակշռությունը, որն այդ տարածաշրջանում ձևավորվել է, և կարևոր է այդտեղ պահպանել կայունությունը», - ասել էր Լավրովը:

Հիշեցնենք, նոյեմբերի 28-ին Ղրղըզստանի մայրաքաղաքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով արցախյան խնդրից, հայտարարել էր, որ հնարավոր էսկալացիան կանխելու համար ՀԱՊԿ երկրները, ելնելով անվտանգության պահպանման շահերից, պետք է անպատասխան թողնեն Ադրբեջանի՝ նոր զենք ձեռք բերելու դիմումները: Կազմակերպության անդամ Ռուսաստանն ու Բելառուսը տարիներ շարունակ զենք են վաճառում Ադրբեջանին։

Հակոբ Բադալյանը կարծում է, որ պաշտոնական Երևանը մշտապես պետք է այդ մասով Ռուսաստանի վրա պատասխանատվության հարց դնի, հակառակ դեպքում Մոսկվան ունենալու է գայթակղություն՝ Հայաստանի, այսպես ասած, հնազանդության հաշվին Ադրբեջանում լուծել իր մրցակցային հարցերը։

Քաղաքական մեկնաբանի դիտարկմամբ՝ չնայած ՀԱՊԿ անդամ պետությունները գործնականում անտեսում են Հայաստանի մոտեցումները, դա պաշտոնական Երևանին թույլ է տալիս իր ձայնը բարձրացնել մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ «Եթե, էսպես, փոքր-ինչ կոպիտ բնորոշեմ՝ թույլ է տալիս երկարացնել Հայաստանի լեզուն, իսկ էնտեղ, էլի կրկնեմ, մի շարք այլ հարցեր կան աշխատանքի՝ ՀԱՊԿ ֆորմատում, ընդհուպ՝ այն, որ ՀԱՊԿ-ը մի ձևաչափ է, որը գործիք է, փաստացի, էնտեղ ներգրավված բոլոր պետությունների ձեռքին, և Հայաստանի էնտեղ լինելը հնարավորություն է տալիս մեր դերը և մեր գործոն լինելը խաղարկել ամենատարբեր երկրների հետ հարաբերություններում», - նշեց Բադալյանը:

Լավրովի՝ Բաքվում արած հայտարարությունը արդյո՞ք բացասաբար չի ազդում Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշնակցային հարաբերությունների վրա: Իշխանական «Իմ քայլը» խմբակցությունում հարցն այդ համատեքստում չեն դիտարկում։ «Իմ քայլ»-ի պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը, սակայն, ասում է՝ իրենք վիճահարույց են համարում ռազմավարական դաշնակից պետության կողմից հակառակորդ պետությանը զենք վաճառելու հանգամանքը։

«Ես կարծում եմ՝ կամաց-կամաց մեր գործընկերների հետ հարաբերություններում մենք պետք է փորձենք այդ ուղղությամբ աշխատել: Բնական է, որ միանգամից ստանալ սպասելի արդյունք՝ միամտություն կլինի ակնկալել, բայց այն, որ մենք այդ ուղղությամբ ակտիվորեն աշխատում ենք և բարձրաձայնում ենք և մեր մտահոգությունները հայտնում մեր գործընկերներին, կարծում եմ, արդեն կարևոր քայլ է այդ ճանապարհին, և կշարունակենք, իհարկե, աշխատել այդ ուղղությամբ», - «Ազատության» հետ զրույցում ասաց խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը:

Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ռուսաստանի արտգործնախարարը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը, խոսելով արցախյան խնդրից, հայտարարել էր՝ պաշտոնական Մոսկվան շահագրգռված է, որ իրագործվեն վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ պայմանավորվածությունները: Ռուս պաշտոնյայի ներկայացմամբ՝ այդ պայմանավորվածություններն աստիճանաբար իրագործվում են։ Լավրովը հույս էր հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկայում կայանալիք հանդիպումը կհամախմբի այդ գործընթացը:

Մնացականյանի ու Մամեդյարովի հանդիպումն այսօր է սպասվում` Բրատիսլավայում, ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ։



XS
SM
MD
LG