Մատչելիության հղումներ

Փաշինյանն ընդգծում է՝ ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ միջոցներ Արցախի շուրջ նոր էսկալացիան կանխելու համար


Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Հայաստանը մտադիր է այսուհետ ևս շարունակել իր ներդրումն ունենալ ՀԱՊԿ-ի արդյունավետության հետագա բարձրացման և միջազգային հեղինակության ամրապնդման գործում: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր Բիշքեկում ելույթ ունենալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Փաշինյանն ընդգծել է, որ զգալի ներուժ է տեսնում անդամ երկրների միջև համագործակցության զարգացման համար, և կարծիք է հայտնել, որ արդիական ուղղություններից մեկը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացումն է, ինչի մասին նշվել է Հայաստանում սեպտեմբերին կայացած Ռազմատնտեսական համագործակցության հարցերով միջպետական հանձնաժողովի 17-րդ նիստի ժամանակ:

«Ուրախ եմ նշել, որ մենք կարողացանք համաձայնության գալ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ: Վստահ եմ, որ Ստանիսլավ Զասի փորձը կարևոր կլինի այս պատասխանատու պաշտոնում», - ասել է Փաշինյանը` գոհունակություն հայտնելով նորմատիվ-իրավական բազային կատարելագործման գործընթացն ավարտելու կապակցությամբ, ինչը կարգավորում է պարտականությունների կատարման անհնարինության դեպքում գլխավոր քարտուղարի փոփոխության գործընթացը:

Այնուհետև վարչապետն անդրադարձել է Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության հետ կապված իրավիճակին, խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին:

Հայաստանի կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ռազմատենչ նկրտումները բացարձակապես անհեռանկարային են, և խաղաղ բանակցություններին ու խնդրի խաղաղ լուծմանն այլընտրանք չկա: Բացի այդ, Փաշինյանը նկատել է, որ Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը վտանգավոր է ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաև ՀԱՊԿ երկրների անվտանգության համար: «Կարծում եմ, որ նոր էսկալացիան աղետալի հետևանքներ կթողնի ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանում, այլ նաև նրանից դուրս: Ադրբեջանը, գտնվելով պատերազմական իրավիճակում, կարող է դառնալ հարմար ցատկահարթակ իսլամական ծայրահեղականների համար, ովքեր, կորցնելով ազդեցությունը Սիրիայում, փնտրում են նոր տարածքներ իրենց գործունեության համար: Ընդ որում՝ Ադրբեջանը աշխարհագրական առումով շատ հարմար հարթակ է, որի միջոցով ծայրահեղականները կարող են ծավալել իրենց գործունեությունը բոլոր ուղղություններով` հարավում, հյուսիսում, արևմուտքում և արևելքում», - նշել է վարչապետը:

Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որ ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ միջոցներ Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր էսկալացիան կանխելու համար: Վարչապետի խոսքով` հնարավոր էսկալացիան կանխելու համար ՀԱՊԿ երկրները, ելնելով անվտանգության պահպանման շահերից, պետք է թողնեն անպատասխան Ադրբեջանի կողմից նոր զենք ձեռք բերելու դիմումները: «Մենք անկեղծ ենք մեր՝ խաղաղության ձգտման մեջ և պատրաստ ենք հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ կառուցողական երկխոսության` իմ ներկայացրած հայեցակարգի հիման վրա: Մենք կշարունակենք բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն ընդունված միակ բանակցային ձևաչափի շրջանակներում, որին ՀԱՊԿ-ը բազմիցս հայտարարել է իր աջակցությունը: Այս համատեքստում ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Մինսկի խմբի ռուսական կողմի համանախագահությանը», - ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետն անդրադարձել է նաև Սիրիայում տիրող իրավիճակին ու կարևորել երկրում խաղաղության ու կայունության ամրապնդումը:

«Այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունները ծայրաստիճան մտահոգիչ են: Հայաստանը դատապարտեց վերջերս տեղի ունեցած Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիայի հյուսիս-արևելք, որն ուղղակի սպառնալիք է ստեղծում այնտեղ բնակվող հայազգի բնակչության համար: Ազգային և կրոնական փոքրամասնությունները դառնում են ահաբեկիչների և նրանց հետևում կանգնածների հիմնական թիրախը: Բոլորս ցնցված էինք սիրիական Դեր Զոր նահանգի Ղամիշլի քաղաքի Հայ Կաթոլիկ եկեղեցու հոգևոր հովվի և նրա հոր դաժան սպանությունից։

Հարևան ինքնիշխան պետության տարածք բռնի միջամտության իրական պատճառներն ակնհայտ են և ոչ մի ընդհանուր բան չունեն Թուրքիայի կողմից հայտարարված խնդիրների հետ: Թուրքիայի Հանրապետության կողմից միջազգային իրավունքի սկզբունքների խախտումը անընդունելի է և պետք է միանշանակ դատապարտվի միջազգային հանրության կողմից:

Հայաստանը սատարում է Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Մենք կշարունակենք ցուցաբերել Սիրիայի բարեկամ ժողովրդին ամեն հնարավոր մարդասիրական օգնություն, որն այսօր նրանց համար այդքան անհրաժեշտ է», - ընդգծել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` այսօրվա փոփոխվող աշխարհում ՀԱՊԿ-ում դաշնակիցների համար ավելի քան երբևէ կարևոր է միավորել ուժերն առաջացող մարտահրավերներին դիմակայելու հարցում: «ՀԱՊԿ շրջանակներում ստանձնվող փոխադարձ պարտավորությունները պետք է անառարկելիորեն հարգվեն, իսկ անդամ պետությունների միջև հարաբերությունները պետք է կրեն առաջնային բնույթ: Դրանում ենք մենք տեսնում մեր հավաքական ուժը, և դա է մեր կազմակերպության զարգացման նախապայմանը», - ասել է վարչապետը:

Հայաստանի ղեկավարը հաջողություն է մաղթել կազմակերպությունում Ռուսաստանի նախագահությանը, որը համընկնում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը սատարում է նախագահության շրջանակներում առաջնահերթությունների իրականացմանը:

XS
SM
MD
LG