Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ԱԳ նախարարը երկօրյա այցով ժամանում է Բաքու


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Այսօր երկօրյա այցով Բաքու է ժամանում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Օրակարգի գլխավոր հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի խնդիրն է:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում կողմերին աջակցելն առաջնային խնդիր է Ռուսաստանի արտաքին քաղաքականության օրակարգում, և այն Ռուսաստանի նախագահի ուշադրության կենտրոնում է», - ասված է Լավրովի այցին ընդառաջ Ռուսաստանի արտգործնախարարության հրապարակած հայտարարությունում: Հայտարարությունը շեշտում է, որ հակամարտությունը կարող է լուծվել «բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով՝ կողմերի միջև երկխոսության ճանապարհով»:

Նա բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

«Դեկտեմբերի 2-3-ը, պայմանավորվածության համաձայն, Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այց կկատարի Բաքու», - նոյեմբերի 28-ին հայտարարել էր Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովայի խոսքով՝ Լավրովը Բաքվում իր ադրբեջանցի գործընկերոջ հետ կքննարկի Ռուսաստանի և Ադրբեջանի փոխգործակցությունը ԱՊՀ-ի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կառույցների շրջանակներում: Օրակարգում կլինեն տարածաշրջանային անվտանգության խնդիրները, ներառյալ՝ ղարաբաղյան կարգավորման հեռանկարները, ասել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը:

Պաշտոնական Մոսկվան և Բաքուն հայտարարում են երկու երկրների միջև հարաբերությունների ակտիվ զարգացման, նոր հեռանկարային ծրագրերի իրականացման մասին: Երկու երկրների ղեկավարությունների միջև պահպանվում են ակտիվ շփումները, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները անցնող տարում երկու երկկողմ հանդիպում են ունեցել, սպասվում է ևս մեկ հանդիպում տարվա վերջին:

Վերջերս պաշտոնական այցով Մոսկվայում էր Ադրրբեջանի փոխնախագահ և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան, ում ընդունել են թե՛ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, թե՛ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև ակտիվ զարգանում է, անցած տարի այն կազմել էր 2,5 միլիարդ դոլար:

Վերջին շրջանում Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել:

Նոյեմբերի 11-ին Երևանում Սերգեյ Լավրովը ասել է, մասնավորապես, որ «առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության որևէ պայմանավորվածություն հնարավոր չի լինի ձևակերպել»՝ հավելելով, թե Հայաստանը պարզապես այն չի ստորագրի:

Իսկ ավելի վաղ՝ հոկտեմբերի 2-ին Սոչիում, «Վալդայ» համաժողովում իր ելույթում Լավրովը քննադատել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը՝ նշելով, թե նման հայտարարությունները չեն նպաստում բանակցություններն առաջ տանելու մթնոլորտի ձևավորմանը:

Հավելենք, որ դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում՝ ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

XS
SM
MD
LG