Մատչելիության հղումներ

Ըստ հարցումների՝ Վրաստանի առաջիկա ընտրություններում ոչ մի կուսակցություն հստակ առավելություն չի ունենա


Վրաստան - Տեսարան մայրաքաղաք Թբիլիսիից, արխիվ

Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից Վրաստանում անցկացված հարցումները վկայում են, որ դեռ մինչև այս վերջին ցույցերը իշխանությունների հանդեպ դժգոհություններն աճել էին:

Սեպտեմբերի 11-ից մինչև հոկտեմբերի 14-ը անցկացված հարցումները ցույց են տալիս, որ գալիք ընտրություններում ոչ մի կուսակցություն հստակ առավելություն չի ունենա:

Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվ Նիքսն ասել է, որ շուրջ մեկ տասնամյակի ընթացքում տնտեսական վիճակը և գործազրկությունը Վրաստանի քաղաքացիների համար ամենամտահոգիչ խնդիրներն են, բայց քաղաքական կուսակցությունների քննարկումներում դրանք բացակայում են:

Հարցվածների 80 տոկոսը երկրի ամենամեծ խնդիրներն են համարել սոցիալ-տնտեսական խնդիրները՝ գործազրկությունը, կենսապահովման ծախսերը, աղքատությունը:

Քաղաքացիների համար ամենաանվստահելի կառույցներն են նախագահականը՝ 70 տոկոս, քաղաքական կուսակցությունները՝ 63 տոկոս, և խորհրդարանը՝ 61 տոկոս:

Իսկ ամենավստահելի կառույցներն են բանակը, եկեղեցին և մամուլը: Վրաստանցիների 86 տոկոսը վստահում են բանակին, 85 տոկոսը՝ եկեղեցուն, 72 տոկոսը՝ մամուլին:

Ընդհանուր իրավիճակի վերաբերյալ՝ հարցվածների 68 տոկոսը գտնում են, որ երկիրը գնում է սխալ ուղղությամբ, և միայն 22 տոկոսի կարծիքով է երկիրը շարժվում ճիշտ ճանապարհով:

Ինչ վերաբերում է անհատներին, ըստ հարցումների՝ ամենաբարձր վարկանիշն ունեն ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն՝ 57 տոկոս, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ 49 տոկոս, և «Զարգացման շարժում» կուսակցության առաջնորդ Դավիթ Ուսուպաշվիլին՝ նա Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահն է, նախկին հանրապետական:

Ամենաանվստահելի քաղաքական գործիչների շարքում առաջինը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին է՝ նրան չեն վստահում հարցվածների 70 տոկոսը, 66 տոկոսը չեն վստահում «Գիրչի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեին, և 59 տոկոսը չեն վստահում Ռուսաստանի հետ ասոցիացվող Հայրենասերների դաշինքի ղեկավար Իրմա Ինաշվիլիին:

Կուսակցությունների շարքում «Վրացական երազանք»-ը դեռ գտնվում է առաջին տեղում: «Եթե ընտրություններն անցկացվեին առաջիկա կիրակի օրը, ո՞ր կուսակցությանը ձայն կտայիք» հարցին 23 տոկոսը պատասխանել է՝ «Վրացական երազանք»-ին, 15 տոկոսը՝ Միացյալ ազգային շարժմանը, և 5 տոկոսը՝ «Եվրոպական Վրաստան»-ին:

Վրաստանի կառավարության ամենամեծ ձեռքբերումը հարցվածներից ամենաշատը՝ 13 տոկոսը համարել են առողջապահական բարեփոխումները, իսկ ամենամեծ ձախողումը, 12 տոկոսի կարծիքով, խոստումները չկատարելն է:

Միջազգային հարաբերությունների առումով՝ Ռուսաստանը մնում է Վրաստանի հիմնական սպառնալիքը: Վրաստանցիների 83 տոկոսը Ռուսաստանին համարում են Վրաստանի քաղաքական ամենամեծ սպառնալիքը, 72 տոկոսի կարծիքով՝ Ռուսաստանի նաև սպառնալիք է Վրաստանի տնտեսության համար, 77 տոկոսն էլ գտնում են, որ Վրաստանի տարածքում Ռուսաստանի ագրեսիան շարունակվում է:

Վրաստանի քաղաքական և տնտեսական ամենակարևոր գործընկեր հարցվածների 52 տոկոսը համարել են Միացյալ Նահանգներին, որին հաջորդում են Եվրամիությունը, Ուկրաինան, Թուրքիան, Ադրբեջանը:

ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը անդամակցելու հանրային աջակցությունը կես տարվա ընթացքում աճել է՝ վեց ամիս առաջ հարցվածների 68 տոկոսն էին կողմ ՆԱՏՕ-ին անդամակցելուն, հիմա՝ 70 տոկոսը, իսկ Եվրամիությանն անդամակցելուն կողմ էր 75 տոկոսը, հիմա՝ 80 տոկոսը: Այս աջակցությունը Միջազգային հանրապետական ինստիտուտը բացատրում է ՆԱՏՕ-ից և Եվրամիությունից անվտանգության և տնտեսական օգուտներ ստանալու ակնկալիքներով:

XS
SM
MD
LG