Մատչելիության հղումներ

Փաշինյանը վստահ է՝ իր բանաձևը ղարաբաղյան խնդրի խաղաղ և տևական կարգավորման միակ ճանապարհն է


Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի

«Թավշյա հեղափոխությամբ մենք կարողացանք իշխանությունը վերադարձնել ժողովրդին»

Հայաստանում 2018 թվականի ապրիլին տեղի ունեցած ոչ բռնի, խաղաղ թավշյա հեղափոխությունը, «չունենալով արտաքին հովանավորներ, եկավ որպես հայ ժողովրդի հույսի արտացոլում՝ մերժելով տասնամյակներ շարունակ երկրում մոլեգնած կոռուպցիան ու խարդախությունները և իշխանության գերակայությունը փոխարինելով օրենքի գերակայությամբ»: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ երեկ Միլանում ելույթ ունենալով Միջազգային քաղաքական հետազոտությունների իտալական ինստիտուտում՝ ISPI ուղեղային կենտրոնում:

«Ստանձնելով բողոքի երթերի անցկացման պատասխանատվություն՝ ես հստակ հասկացա, որ հայկական երրորդ պետականության պատմության մեջ երբևէ չի եղել ավելի խոստումնալից և թերևս ավելի վտանգավոր ժամանակահատված: Ես հստակ հասկացա, որ իրավունք չունեմ բախտի հույսին թողնել այն հազարավոր կանանց, տղամարդկանց, երիտասարդներին ու ծերերին, ովքեր հետևում էին ինձ: Մենք սկսեցինք բողոքի երթ՝ քայլելով Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաք Գյումրիից մինչև մայրաքաղաք Երևան: Մայրաքաղաքին մոտենալիս ամեն քայլափոխին պատասխանատվությունն աճում էր երկրաչափական արագությամբ: Եվ դա մեզ հաջողվեց: Հայ ժողովուրդն ապացուցեց, որ ուժեղ է, երբ միավորվում է և համախմբված է», - ասել է Փաշինյանը «Ապագայի մասին երկխոսություն» խորագրով քննարկման ժամանակ իր ելույթում:

«Թավշյա հեղափոխությամբ մենք կարողացանք իշխանությունը վերադարձնել ժողովրդին: Մեր հաջորդ քայլն արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին: Անցյալ տարվա դեկտեմբերին մենք անցկացրեցինք խորհրդարանական ընտրություններ, որոնք մեր միջազգային գործընկերները բնութագրեցին որպես ազատ, արդար, ժողովրդավարական և մրցակցային: Սա մեր երկրում առաջին խորհրդարանական ընտրություններն էին, որոնց պաշտոնական արդյունքները չեն վիճարկվել Սահմանադրական դատարանում, և առաջին խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքները միաձայն ընդունվել են բոլոր քաղաքական ուժերի և առհասարակ հասարակության կողմից», - հայտարարել է Հայաստանի վարչապետը՝ շարունակելով․ - «Ընտրություններից հետո ես հստակ հասկացա, որ ժողովրդի սպասելիքները չափազանց մեծ էին: Հարկավոր էր լայնածավալ մոբիլիզացիայի արդյունքում առաջացած էներգիան և հույզերն ուղղորդել ժողովրդավարական ինստիտուտների կառուցման գործին: Կասկածից վեր է, որ ժողովրդավարությունն աննախադեպ հաղթանակ տարավ Հայաստանում արժեքների և համազգային ձգտումների առումով: Այսօր ժողովրդավարությունը դարձել է մեր ինքնության մի մասը: Այնուամենայնիվ, մենք գիտակցում ենք, որ ժողովրդավարությունը պետք է ինստիտուցիոնալ կերպով ամրապնդվի, որպեսզի անդառնալի դառնա: Մենք պետք է պաշտպանենք ժողովրդավարությունը նրանցից, ովքեր ցանկանում են վրեժխնդիր լինել և ժամացույցի սլաքները հետ տալ: Այս նպատակով մենք նախաձեռնեցինք բարեփոխումներ, որոնք ուղղված են օրենքի գերակայության ապահովմանը, հաշվետու կառավարմանը, հիմնարար իրավունքների և ազատության պաշտպանությանը»:

«Այսօր մենք շեշտը դնում ենք ինստիտուտների կայացման վրա»


«Այսօր մենք շեշտը դնում ենք ինստիտուտների կայացման վրա, և դատական համակարգն այս առումով առաջնային նշանակություն ունի: Հայտնի է, որ առանց իրապես անկախ դատական համակարգի և դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահության հնարավոր չէ ունենալ լիարժեք ժողովրդավարություն և օրենքի գերակայություն: Բայց այդ վստահությունը պետք է վաստակել: Երկար ժամանակ այն խաթարվել է, և վերականգնելու համար ջանքեր են պահանջվում: Մեր միջազգային գործընկերների օգնությամբ մենք այն հետ ենք բերում», - ասել է Փաշինյանը՝ այդ համատեքստում շեշտելով Եվրամիության դերը, «որը դարձել է Հայաստանի հիմնական գործընկերը ինստիտուտների կայացման և մեր բարեփոխումների օրակարգի իրականացման գործում»: - «Այդ նպատակով առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Հատկանշական է, որ ՀԸԳՀ-ն բարեփոխումներ գեներացնող գործիք է, և դրա դրույթների կատարումը ենթադրում է որակական փոփոխություններ մեր հասարակության շատ ոլորտներում»:

«Թուրքիան շարունակում է մնալ անվտանգության լուրջ սպառնալիք Հայաստանի և հայ ժողովրդի համար»


«Հայաստանը գտնվում է անկայուն տարածաշրջանում՝ անվտանգության բազմաթիվ ռիսկերով և մարտահրավերներով: Հարավային Կովկասում դեռևս առկա են չկարգավորված հակամարտություններ, որոնք հանգեցնում են շարունակական լարվածության, սպառազինությունների մրցավազքի և ատելության քաղաքականության: Բեռլինի պատի անկումից 30 տարի անց Հայաստանի չորս սահմաններից երկուսը՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները, փակ են մնացել շուրջ երեք տասնամյակ: Հրաժարվելով դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ և սերտորեն աջակցելով Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի` Թուրքիան շարունակում է մնալ անվտանգության լուրջ սպառնալիք Հայաստանի և հայ ժողովրդի համար, ովքեր Օսմանյան կայսրությունում ենթարկվեցին 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը և տակավին ականատեսն են ճշմարտության և արդարության կատաղի ժխտման», - ընդգծել է վարչապետը՝ շարունակելով․ - «Չնայած մեր բարեկամների՝ Վրաստանի և Իրանի հետ երկու սահմանները բաց են, սակայն տնտեսական արդյունավետության առումով դրանք կարելի է համարել միայն կիսաբաց: Մեր մյուս երկու հարևաններից եկող արտաքին քաղաքական մարտահրավերները սահմանափակում են մեր արտաքին տնտեսական հարաբերությունների ներուժը և խոչընդոտում են տարածաշրջանային լայնածավալ համագործակցության հնարավորությունները»:

«Մեզ համար անվտանգության ամենամեծ մարտահրավերը ղարաբաղյան հակամարտությունն է»

«Բայց մեզ համար անվտանգության ամենամեծ մարտահրավերը ղարաբաղյան հակամարտությունն է: Այն շարունակում է մնալ չկարգավորված՝ դառնալով մշտական լարվածության աղբյուր և սպառնալով հանգեցնել տարածաշրջանում ռազմական գործողությունների հերթական բռնկմանը:

Ցանկացած մարդ, ով հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, պետք է իմանա հակամարտության նախապատմությունը: Այս հակամարտությունը տարածքային վեճ չէ, ինչպես ոմանք փորձում են այն ներկայացնել պարզեցված ձևով: Խոսքն ինքնորոշման իրավունքի, մարդու իրավունքների և այնտեղ ապրող մարդկանց ֆիզիկական անվտանգության մասին է:

Հակամարտության արմատներն սկիզբ են առնում Խորհրդային Միության վաղ ժամանակներից, երբ Կոմունիստական կուսակցության կամայական որոշմամբ Ադրբեջանին հանձնվեց հայկական այդ շրջանը, որի բնակչության 95 տոկոսը հայեր էին: Դա տեղի է ունեցավ 1920-ականների սկզբին բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում։

Խորհրդային տարիներին հակամարտությունը դրսևորվում էր համակարգված և բռնի խտրական վերաբերմունքով հայ բնակչության նկատմամբ, ովքեր հենց Խորհրդային Միության փլուզման նախօրեին՝ 1988 թվականին, ինքնորոշման հայտ ներկայացրին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի հայության ցանկությանը՝ Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները ձեռնարկեցին խիստ միջոցներ՝ ռազմաոստիկանական ուժի կիրառմամբ այս շարժումը խափանելու համար: Հայերի նկատմամբ զանգվածային վայրագություններով ուղեկցվող էթնիկ զտումներ իրականացվեցին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շատ շրջաններում:

Այնուհետև, քանի որ Խորհրդային կայսրությունը կազմալուծման գործընթաց էր ապրում, մյուս հանրապետությունների պես Ադրբեջանը ևս դուրս եկավ ԽՍՀՄ-ից: Համաձայն Խորհրդային Միության Սահմանադրության, եթե որևէ անդամ-հանրապետություն հայտարարում էր ԽՍՀՄ-ից առանձնանալու մտադրության մասին, նրա իրավասության տակ գտնվող ինքնավար մարզերն իրավունք ունեին որոշել իրենց կարգավիճակը, ընդհուպ այդ հանրապետությունից անջատումը։

Օգտվելով Սովետական սահմանադրությունից՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը կիրառեց ինքնորոշման իր իրավունքը: Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանից անկախություն հռչակեց ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանը Խորհրդային Միությունից անջատվեց:

Այս անգամ Ադրբեջանի իշխանությունները ռազմական ուժ կիրառեցին հայերի դեմ: Նրանք ծավալեցին լայնամասշտաբ պատերազմ՝ սպառնալով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյությանը: Ի պատասխան գոյապահպանական այդ սպառնալիքին՝ հայերը, որոնք կազմում էին Լեռնային Ղարաբաղի ընդհանուր բնակչության մոտ 80 տոկոսը, դիմեցին ինքնապաշտպանության: Նրանց հաջողվեց պաշտպանել իրենց հողը և ստիպել, որ Ադրբեջանը համակերպվի նոր իրավիճակի հետ: Արդյունքում՝ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության միջև հրադադարի պայմանագիր ստորագրվեց 1994 թվականի մայիսի 12-ին:

Հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն սկսվել է դեռևս 1992 թվականին՝ զինադադարի մասին համաձայնագրի ստորագրումից առաջ: Միջազգային հանրության կողմից հակամարտության կարգավորման միջնորդական մանդատ ստացած ԵԱՀԿ Մինսկի խումբը սահմանեց, որ հակամարտությունն ունի երեք կողմ՝ Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը: Այս փաստը վերահաստատվեց 90-ականների սկզբի բազմաթիվ միջազգային փաստաթղթերով:

Իսկապես, երկար ժամանակ Լեռնային Ղարաբաղը մասնակցում էր բանակցություններին՝ որպես բանակցային գործընթացի կողմ: 1990-ականների սկզբին նույնիսկ մի շարք հանդիպումներ են անցկացվել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի առաջնորդների, ինչպես նաև Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարների միջև։

Ի դեպ, իտալացի ականավոր քաղաքական գործիչ և դիվանագետ Մարիո Ռաֆայելլին, ով մեծ ջանքեր գործադրեց տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու համար, Մինսկի կոնֆերանսի նախագահն էր՝ առաջին միջազգային գործիչը, ում 1990-ականների սկզբին վստահվեց հակամարտության կարգավորման հարցը: Մինսկի խմբի հանդիպումները, որին մասնակցում էին նաև Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչները, կայացան Հռոմում՝ Իտալիայի մայրաքաղաքում», - Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ղեկավարը:

«Ցավոք, չնայած տասնամյակներ շարունակ միջազգային միջնորդների գործադրած ջանքերին, ղարաբաղյան հակամարտությունը դեռևս մնում է չլուծված:

Որո՞նք են այս իրավիճակի պատճառները:

Նախ և առաջ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Նրանք պնդում են, որ Լեռնային Ղարաբաղը պետք է համարվի Ադրբեջանի անբաժանելի մասը: Բայց դա իսկապես շատ տարօրինակ դիրքորոշում է: Մի կողմից՝ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են, որ Լեռնային Ղարաբաղը լինի իրենց տարածքային ամբողջականության մաս: Մյուս կողմից, նրանք չեն ցանկանում երկխոսություն վարել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Սա մի փոքր տարօրինակ չէ՞:

Ի՞նչ է նշանակում նրանց այս կեցվածքը: Դա նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները փաստորեն չեն ցանկանում բանակցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ՝ պարզապես այն պատճառով, որ նրանք սոսկ տարածք են ուզում, բայց ոչ ժողովուրդ: Ավելի ճիշտ` տարածքներ առանց ժողովրդի: Դա նշանակում է, որ նրանք հույս ունեն հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով, այն է՝ գրավել Լեռնային Ղարաբաղի տարածքը, անցկացնել էթնիկ զտումներ և ազատվել ինչպես հայերից, այնպես էլ ինքնին այդ խնդրից:

«Չի բացառվում ռազմական լուծումը», - դա բնորոշ հայտարարություն էր՝ արված նախագահ Ալիևի կողմից բազմաթիվ առիթներով: «Ցանկացած պահի մենք կարող ենք հարցը լուծել ռազմական ճանապարհով», - ասվում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2017 թվականի հունվարի կառավարության նիստում արված հայտարարության մեջ, որի ժամանակ քննարկվում էր երկրի տնտեսական զարգացումը:

«Մենք կավելացնենք մեր ռազմական հզորությունը, և ես հավատում եմ, որ դա բանակցությունների կարևորագույն գործոններից մեկն է»: Այս խոսքերն ասվել են 2018 թվականի նոյեմբերի 5-ին: 2018 թվականի դեկտեմբերի 17-ի հայտարարության մեջ ասված է. «… մեր ռազմական ուժերը և մեր ուժը հանդիսանում են ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հիմնական գործոնները» - մեջբերման ավարտ:

Իրոք, շատ պատճառներ կան հավատալու, որ Ադրբեջանի իշխանություններն իրենց հասարակությանը պատրաստում են պատերազմի: Սա է պատճառը, որ նրանք հակահայկական տրամադրություններ են բորբոքում իրենց ժողովրդի մեջ: Ահա թե ինչու նրանք հսկայական ռեսուրսներ են ծախսում սպառազինության վրա: Ահա թե ինչու հակահայկական ատելության խոսքը դարձել է պաշտոնական քաղաքականություն Ադրբեջանում: Ահա թե ինչու հայատյացությունը դարձավ պետական քաղաքականություն Ադրբեջանում», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ բերելով այդ քաղաքականության կոնկրետ օրինակներ․

«Ցանկացած օտարերկրացի, ով այցելում է Լեռնային Ղարաբաղ, հայտնվում է Ադրբեջանի սև ցուցակում: Այս ցանկում արդեն ընդգրկված է ավելի քան 850 մարդ: Որևէ երկրի քաղաքացիներ, ովքեր կրում են հայկական ազգանուն կամ կասկածվում են, որ հայկական էթնիկ ծագում ունեն, չեն կարող մուտք գործել Ադրբեջան: Նման դեպք տեղի ունեցավ ԱՄՆ քաղաքացիությամբ Bloomberg-ի լրագրող Դիանա Մարկոսյանի հետ, ում 2011 թվականին արգելվեց մուտք գործել Ադրբեջան: 2014 թվականին դա տեղի ունեցավ թուրք նվագախմբի երաժիշտ Ռաֆեր Նոյանի հետ, ով ուներ հայկական ազգանուն: 2016 թվականին դա պատահեց ութ տարեկան երեխայի՝ Լուկա Վարդանյանի հետ, իսկ 2018 թվականին՝ ռուսաստանցի ութսունամյա թոշակառու Օլգա Բարսեղյանի հետ: 2017 թվականին հայկական ծագմամբ մի կնոջ իր 4-ամյա երեխայի հետ երեք ժամ պահել են Բաքվի օդանավակայանում, այնուհետև արտաքսել: Այս ցանկը շարունակելի է:

Բայց թերևս ամենահայտնի դեպքը տեղի է ունեցել «Արսենալի» խաղացող Հենրիխ Մխիթարյանի հետ, որը բաց թողեց Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումը Բաքվում՝ Ադրբեջանի մայրաքաղաքում, ընդամենը մի քանի ամիս առաջ: Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ արգելել էին Մխիթարյանի անունով վերնաշապիկները: Իսկ դրանք կրող մարդիկ ոստիկանների կողմից կանգնեցվում էին Բաքվի փողոցներում:

Այս քաղաքականությունը երբեմն նույնիսկ ծիծաղելի դրսևորումներ է ունենում: Ընդամենը մի քանի օր առաջ մի վարորդի բերման ենթարկեցին Բաքվում՝ պարզապես հայկական փոփ երգ լսելու համար:

Բայց ամենաողբերգականն ու ցինիկը Ռամիլ Սաֆարովի մասնակցությամբ դեպքն էր, ով Բուդապեշտում կացնով սպանեց ՆԱՏՕ-ի սեմինարին մասնակցող իր հայ դասընկերոջը քնած ժամանակ: Նրան դատապարտեցին ցմահ ազատազրկման, այնուհետև Հունգարիայի իշխանությունների կողմից նա արտահանձնվեց Ադրբեջանին: Դրանից հետո նրան ողջունեցին որպես Ադրբեջանի ազգային հերոս: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց. բարձրացվեց նրա զինվորական կոչումը և շնորհվեց բնակարան»։

«Նման հայտարարություն եմ ակնկալում նաև Ադրբեջանից»

Ապա Փաշինյանը շարունակել է․ - «Անկախ այս բոլոր հանգամանքներից՝ չնայած Ադրբեջանի իշխանությունների հակահայկական քաղաքականությանը, Հայաստանը ձեռնարկում է կոնկրետ քայլեր հակամարտության փոխընդունելի լուծում գտնելու ուղղությամբ: Այդ նպատակով մոտ մեկ տարի առաջ ես հրապարակավ հայտարարեցի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար:

Ես առաջին հայ առաջնորդն էի, ով բարձրաձայնեց նման դիրքորոշում: Իմ երկրում ինձ խիստ քննադատեցին այդ բանաձևի համար, որը երեք կողմերին հավասար հիմունքներով է դիտարկում:

Այդուամենայնիվ, ես համոզված եմ, որ դա հակամարտության խաղաղ և տևական կարգավորման միակ ճանապարհն է, քանի որ այն ենթադրում է փոխզիջման, փոխադարձ հարգանքի և հավասարակշռման հնարավորություն։

Որպեսզի առաջ շարժվենք, ես նման հայտարարություն եմ ակնկալում նաև Ադրբեջանից: Եթե մենք լսենք այդպիսի հայտարարություն նախագահ Ալիևից, դա իսկական առաջընթաց կլինի բանակցային գործընթացում:

Այնուամենայնիվ, Ադրբեջանի բարձրագույն իշխանությունները մնում են իրենց նախկին դիրքերում՝ նպատակ ունենալով խնդիրը լուծել միայն Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի տարբերակով: Դա ինձ լրացուցիչ հիմք է տալիս կարծելու, որ Ադրբեջանը փայփայում է հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հույսեր և չի ցանկանում լուծումը գտնել բանակցությունների սեղանի շուրջ»:

Այդուամենայնիվ, շեշտել է Հայաստանի ղեկավարը, «Ադրբեջանի իշխանությունները պետք է հասկանան, որ խաղաղ բանակցություններին և խնդրի խաղաղ լուծմանն այլընտրանք չկա»:

«Նախ և առաջ, բացարձակապես անօգուտ է սպառնալիքի լեզվով խոսել Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ: Դա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ: Ադրբեջանը ժամանակին փորձել է ուժի լեզվով խոսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ և լուրջ հետևանքների է բախվել՝ չնայած Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր հսկայական գերակայությանը ինչպես ազգաբնակչության, այնպես էլ սպառազինության առումով: Իրենց իսկ ռազմական ձախողումների համար վրեժխնդիր լինելու փորձերը ոչ մի լավ բանի չեն հանգեցնի:

Մեր տարածաշրջանում ռազմական էսկալացիան աղետալի հետևանքներ կունենա նույնիսկ գլոբալ տեսանկյունից: Ներգրավվելով ռազմական արկածախնդրությունների մեջ՝ Ադրբեջանը կարող է պարարտ միջավայր ստեղծել այն ահաբեկիչների համար, ովքեր կորցրել են իրենց ազդեցությունը Սիրիայում և Իրաքում, և այժմ փնտրում են նոր տարածքներ՝ իրենց գործողությունների համար:

Աշխարհագրական առումով, Ադրբեջանը կարող է ծառայել որպես հենակետ՝ տարածաշրջան բոլոր չորս ուղղություններով նրանց ներթափանցման համար՝ հարավից, հյուսիսից, արևելքից և արևմուտքից», - վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«Հնարավոր չէ ԼՂ խնդիրը լուծել առանց ծանր ու հետևողական ջանքերի, փոխզիջման, փոխադարձ հարգանքի և հավասարակշռության»

«Լեռնային Ղարաբաղը շատ բարդ և ցավոտ հարց է տարածաշրջանի ժողովուրդների համար: Հնարավոր չէ լուծել այն առանց ծանր ու հետևողական ջանքերի, առանց փոխզիջման, փոխադարձ հարգանքի և հավասարակշռության: Բայց եթե մենք ստանձնել ենք պատասխանատվություն մեր ժողովուրդների ապագայի համար, ապա պետք է ջանքեր գործադրենք իրական փոփոխությունների հասնելու նպատակով: Ես նկատի ունեմ Ադրբեջանի կառավարությանը, Լեռնային Ղարաբաղի կառավարությանը և Հայաստանի կառավարությանը։

Մենք անկեղծ ենք տարածաշրջանում խաղաղության հաստատման մեր ձգտման մեջ և պատրաստ ենք երկխոսության՝ հանուն հակամարտության այնպիսի լուծման, որն ընդունելի կլինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Սա է մեր մոտեցումը, և մենք պատրաստ ենք բանակցել այս նոր պարադիգմի հիման վրա:

Եզրափակելով խոսքս` կցանկանայի ասել, որ այստեղ գալուց առաջ այցելեցի ինստիտուտի կայքը և աչքիս զարնեց քննարկումների վերնագրերից մեկը՝ «Թանաքն արյունից լավ է»: Այս հակամարտության մեջ բավականաչափ արյուն է հոսել: Արդ մեզ անհրաժեշտ է թանաք և ամուր ձեռքեր՝ դրան վերջ տալու և մեր տարածաշրջանի ժողովուրդներին խաղաղություն բերելու համար», - իր ելույթն ամփոփել է Հայաստանի վարչապետը՝ այնուհետև պատասխանելով հարցերին։

Միջազգային քաղաքագիտության իտալական ինստիտուտը (ISPI) հիմնադրվել է 1934 թվականին, Միլանում: Այն Իտալիայի՝ միջազգային հարցերի վերլուծությամբ զբաղվող ամենահին ուղեղային կենտրոնն է և հանդիսանում է անկախ, ոչ առևտրային վերլուծական կենտրոն, որը հետազոտություններ է իրականացնում քաղաքականության ոլորտում: ISPI-ը Իտալիայում միակ և Եվրոպայում գործող սակավաթիվ ինստիտուտներից է, որը քաղաքականության ոլորտի հետազոտությունները համատեղում է կրթության բնագավառում հանձնառության, միջազգային զարգացումների վերաբերյալ համաժողովների և խորհրդատվական աշխատանքի հետ, նշված է պաշտոնական հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG