Մատչելիության հղումներ

Վարչապետ. Վատիկանի պադվալներում պախկված կոռուպցիոներների վզներից բռնելու ենք, չեն պլստալու


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլանում, 20-ը նոյեմբերի, 2019թ.
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլանում, 20-ը նոյեմբերի, 2019թ.

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ ունեցավ Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Ելույթից հետո ներկաներից մեկը, ով ներկայացավ որպես գիտնական, որ աշխատում է Միլանի եվրոպական ուռուցքաբանության ինստիտուտում, նշեց, որ մտահոգված է գործող կառավարության արտաքին ու ներքին քաղաքականությամբ։ Ըստ նրա, պետական ինստիտուտները կազմաքանդվում են, ատելության քարոզ է արվում, իսկ Արցախի հարցում էլ ռազմավարություն գոյություն չունի։ «Ես կոչ եմ անում, որ Ձեր ղեկավարությունը և Դուք անձամբ հրաժարական տաք», - ասաց կինը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց այսպես. «Անընդհատ ասում են ատելության քարոզ, իսկ ո՞վ և որտե՞ղ է տանում այդ ատելության քարոզը, գիտեք, եթե Հայաստանում եղել են իշխանություններ, որոնց նկատմամբ ժողովրդի ունեցած միակ զգացումը ատելությունն է, դրանում իմ մեղքը ո՞րն է, մենք ո՞ւմ ենք կոչ արել ատել, ընդհակառակը՝ մեր հեղափոխությունը եղել է սիրո և համերաշխության հեղափոխություն։

Երբ որ ասում են՝ Արցախի հարցում մենք չունենք ռազմավարություն, իսկ ո՞րն էր Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ռազմավարությունը՝ Մեղրին տա՞լն էր ռազմավարությունը, թե՞ այսպես ասած, ինչպես իրենք էին բանակցում, «Ադրբեջանի 7 շրջանները վերադարձնեին խաղաղության դիմաց», ո՞րն էր ռազմավարությունը Սերժ Սարգսյանի, որ «Աղդամը մեր հայրենիքը չէ՞», և հիմա նրանք մեզ մեղադրում են, որ մենք հող ենք վերադարձնում»։

Ըստ նրա, եթե պետական ինստիտուտ ասելով նկատի ունեն կոռուպցիան, դա քանդված է, իսկ եթե ատելություն ասելով նկատի ունեն, որ «գողացված մինչև վերջին կոպեկը վերադարձվելու է», դա այդպես է լինելու։

«Իտալիայում այսօր թաքնված են բոլոր ամենահայտնի կոռուպցիոներները, և որևէ մեկը հույս չունենա, թե պլստալու է, Հայաստանի արդարադատության ձեռքը հասնելու է նրանց, չգիտեմ՝ Վատիկանի որ պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք, հանենք, տանենք, կանգնեցնենք դատարանները, և գողացված վերջին կոպեկը պետք է վերադարձնեն ժողովրդին։ Բայց մենք քարոզում ենք սեր», - հայտարարեց Հայաստանի վարչապետը։

Ինչ վերաբերում է հրաժարականի պահանջին, ապա նա նշեց. - «Ես հրաժարականի մասին մտածելու կարիք չունեմ այնքան ժամանակ, քանի ունեմ Հայաստանի Հանրապետության ժողովրդի վստահությունը, իսկ երբ որ չունենամ ժողովրդի վստահությունը, որևէ մեկին չեմ թողնի, որ ակնարկի դրա մասին, րոպե առաջ, որովհետև վարչապետը՝ անկախ անձերից, որը չունի ժողովրդի վստահությունը, չարիք է երկրի համար, ղեկավարը, որը չունի ժողովրդի, երկրի վստահությունը՝ անկախ անձերից, չարիք է երկրի համար այնպես, ինչպես, կներեք, չարիք են եղել բոլոր ղեկավարները՝ 1996թ.-ից, երբ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանությանը և փորձել են պահել այդ իշխանությունը, մեր օրոք էտպիսի իշխանություն ու էտպիսի իրավիճակ չի լինելու»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG