Մատչելիության հղումներ

Փաշինյանի հավաստմամբ՝ իր կառավարությունը «վստահության շատ բարձր մակարդակ ունի ամբողջ աշխարհի հայերի շրջանում»


Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ռուսական առաջատար զանգվածային լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը, մասնավորապես, մասնակցել են "Комсомольская правда", "Эхо Москвы", "Свободная пресса", "Московский Комсомолец", "Россия Сегодня", "Ведомости", "Коммерсантъ", "Интерфакс", "Огонек", ТАСС, "Эксперт", "Российская газета" լրատվամիջոցների լրագրողները:

Վարչապետը կարևորել է նրանց այցը և հույս հայտնել, որ այն կնպաստի Ռուսաստանում առավել հանգամանալից և բազմակողմանի ներկայացնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն ու փոփոխությունները:

Փաշինյանը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին, երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությանը, Սիրիայում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին և տարբեր ոլորտներում երկրում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ ներդրումային միջավայրի բարելավմանը և այլ թեմաների:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը թարգմանաբար ներկայացրել է ռուսաստանցի լրագրողների հարցերը և Հայաստանի ղեկավարի պատասխանները․

«Մեզ համար Գարեգին Նժդեհը և Հովհաննես Բաղրամյանը նույն սերումն ունեն»

Ստանիսլավ Սմագին, «Նովոռոսիա» լրատվական գործակալություն․ - Նախևառաջ ուզում ենք շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար, որը, ըստ հայկական ավանդույթի, գերազանցում է բոլոր սպասումները: Հետևաբար, մենք հույս ունենք, որ սա վերջին անգամը չէ: Կարծում եմ, որ շատ ջերմ և դրական բաներ կասվեն ջերմ պահերի մասին, այնպես որ սկզբում ես կցանկանայի սկսել մի հարցից, որը հակասական երանգ ունի և այժմ մեզ բաժանում է, և, կարծում եմ, մենք մեծամասամբ եկել ենք այստեղ այս հարցը պարզաբանելու: Խոսքը Գարեգին Նժդեհ գործչի նկատմամբ վերաբերմունքի մասին է: Ռուսների մեծամասնության համար նա այնքան էլ անվիճելի գործիչ չէ, իսկ հայերի մեծ մասի համար նա ազգային հերոս է: Մենք արդեն մի քանի հանդիպումներ ենք ունեցել այստեղ և բարձրացրել ենք այս հարցը, և պատասխանները տատանվում էին։ Մի մասը պնդում է, որ իրենց համար այս հարցը լուծված է, նա ազգային հերոս է, և այստեղ հարցեր չկան։ Նրանք ասում են՝ եթե ուզում եք, ինքներդ զբաղվեք ձեր վերաբերմունքով: Նրանք ասում են, որ սա այս խնդրի ադրբեջանական կողմի ահագնացումն է, ուստի անհրաժեշտ չէ լվից փիղ սարքել: Մյուսներն ասում են, որ սկզբունքորեն այս հարցը պարզապես պետք չէ բարձրացնել: Բայց, ինչպես ասում են, լվից փիղ սարքելու համար նախ պետք է լուն լինի: Հասկանալի է, որ յուրաքանչյուր երկիր ունի պատմության իր մեկնաբանությունը, սա լիովին նորմալ է, կա այդ մեկնաբանությունների բախման խնդիր, սա նույնպես նորմալ է: Բայց մեր երկրների միջև հարաբերություններն անցյալում, ներկայում և ապագայում այնքան տաք, այնքան ընկերական, դաշնակցային են, այնքան շատ բան է մեզ միավորում, որ այդ քիչ վիճելի բաժանարար հարցերը, կարծես, պետք է միասին լուծվեն: Այսինքն՝ միգուցե կա մի ճանապարհ, որպեսզի ինչ-որ կերպ միասին լուծենք այս հարցը: Ասենք, ստեղծեք պատմաբանների, հասարակական գործիչների, քաղաքագետների համատեղ հանձնաժողով, որը խորը, համապարփակ, երկկողմանի կվերլուծի այս հարցը և կգտնի մի modus vivendi: Ընդհանրապես, կա՞ն տարբերակներ այս խնդրի լուծման համար, բացի դրան չանդրադառնալուց:

Նիկոլ Փաշինյան․ - Շատ շնորհակալ եմ հարցի համար: Անկեղծ ասած, ես երբեք չեմ բախվել այս խնդրի հետ Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում, ես երբեք չեմ առնչվել այս խնդրին, երբեք մեր հարաբերություններում և մեր խոսակցություններում, բանակցություններում, ես այդ մասին երբևէ չեմ լսել մեր ռուս գործընկերներից: Անկեղծ ասած, ես կարծում էի, որ այս հարցն Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների օրակարգում է, քանի որ առաջին անգամ բախվել եմ այս խնդրին, և դա անսպասելիորեն տեղի է ունեցել Աշխաբադում՝ ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, և, անկեղծ ասած, զարմանալի է, որ այս հարցը կա նաև Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում:

Համենայն դեպս, ոչ ոք մեր ռուս գործընկերների հետ զրույցի ընթացքում ընդհանրապես չի հնչեցրել Գարեգին Նժդեհի անունը: Ինչ վերաբերում է Գարեգին Նժդեհի անձին: Իհարկե, Աշխաբադում ես շատ բան խոսեցի այս մասին: Դուք ասում եք՝ եկեք ստեղծենք հանձնաժողով: Գիտեք, տարօրինակ կլիներ, եթե Ռուսաստանի հետ հանձնաժողով ստեղծեինք՝ ուսումնասիրելու մեր սեփական պատմությունը: Որտեղի՞ց է հայտնվել Գարեգին Նժդեհ անունը մեր պատմության մեջ: Նրա անունը հայտնվեց մայիսյան հերոսամարտերից, որոնց արդյունքում ստեղծվեց մեր ժողովրդի պատմության մեջ առաջին հանրապետությունը` 1918-ին Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Ի դեպ, Հովհաննես Բաղրամյանը նույնպես մասնակցել է այդ մարտերին: Նրանք փաստորեն կողք-կողքի կռվել են իրենց հայրենիքի համար, և արդյունքում Հովհաննես Բաղրամյանը դարձավ Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս: Մեզ համար Գարեգին Նժդեհը և Հովհաննես Բաղրամյանը նույն սերումն ունեն, որպես մեր պատմության գործիչներ: Այսինքն՝ նրանք պայքարում էին Հայաստանի համար, հայերի համար, և նրանք փորձում և անում էին հնարավոր ամեն ինչ իրենց ժողովրդին Հայոց ցեղասպանությունը կազմակերպած թուրքերից պաշտպանելու համար:

Հիմա շատ են խոսում, օրինակ, նրա մասին, որ Գարեգին Նժդեհը ինչ-որ շփում է ունեցել Երրորդ Ռեյխի հետ: Մոլոտովը նույնպես շփում ուներ Երրորդ Ռեյխի ներկայացուցիչների հետ: Եկեք ստեղծենք համատեղ հանձնաժողով և ուսումնասիրենք, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, ինչ է տեղի ունեցել «Մոլոտով-Ռիբենտրոպ» պակտի ժամանակ: Ռուսաստանում ինչ-որ մեկը դատապարտե՞լ է այդ գործողությունները: Ինչո՞ւ ոչ։ Եթե ցանկանում ենք սկսել, ապա սկսենք Մոլոտովից: Ի՞նչ արեց նա: Ինչո՞ւ։ Ի՞նչ են նրանք պայմանավորվել: Եվ ի՞նչ էր անում Ստալինը: Արդյո՞ք նա որևէ գաղափար ուներ, թե ինչ էին նրանք բանակցում այնտեղ: Մեզ համար ոչ մի հարց չկա, թե ով էր Գարեգին Նժդեհը: Գարեգին Նժդեհը նա է, ով ապագա մարշալ Բաղրամյանի հետ կռվել է իր հայրենիքի համար:

«Լաբորատորիաները ստեղծվել են ԱՄՆ ֆինանսավորմամբ, բայց Հայաստանի սեփականությունն են»

Կովալևա Դիանա, «Ռոսիյսկայա գազետա»․ - Բարև Ձեզ: Հաջորդ հարցը Ձեզ: Վերջերս լուրեր տարածվեցին, որ ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող հայկական լաբորատորիաներին ռուս մասնագետների մուտքի մասին Ռուսաստանի և Հայաստանի միջև հուշագրի ստորագրումը հետաձգվել է: Ես ուզում էի Ձեզ հարցնել, թե ինչն է խանգարում այս փաստաթղթի ստորագրմանը, և միգուցե արդեն հայտնի է, թե երբ կստորագրվի այն:

Նիկոլ Փաշինյան․ - Նախևառաջ, այդ լաբորատորիաները չեն ֆինանսավորվում Միացյալ Նահանգների կողմից: Դրանք ստեղծվել են Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ, բայց դրանք Հայաստանի Հանրապետության սեփականությունն են: Այսինքն՝ ոչ ոք, բացի հայ պաշտոնյաներից, այսինքն ոչ բոլոր պաշտոնյաները, այլ միայն այն պաշտոնյաները, ովքեր մուտք ունեն այդ հաստատություններ, ոչ ոք այլևս չունի իրավունք մուտք գործելու այդ հաստատություններ: Դա Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, ինչպես այս շենքը: Այո՞: Դրսից ոչ ոք, առանց Հայաստանի իշխանությունների թույլտվության, չի կարող մտնել այս շենք: Դուք նույնպես եկել եք այստեղ, բայց որոշ ընթացակարգեր եք անցել: Պետք է փաստել, որ սա Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Օրինակ՝ մենք ունենք նաև օբյեկտներ, որոնք Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերվել են Ռուսաստանի Դաշնության կողմից, տեխնիկական սարքավորում և այլն և այլն: Կան տեխնիկական միջոցներ, որոշ ենթակառուցվածքներ, որոնք Հայաստանին նվիրաբերել է Չինաստանը և շատ այլ երկրներ, բայց այս ամենը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:

Սա շատ կարևոր նրբերանգ ունի: Այսինքն, ամերիկացիներն այնտեղ ազատ մուտք չունեն, և այժմ, այս պահի դրությամբ, նրանք կարող են գնալ այնտեղ այնքան և նույն ճանապարհով, ինչպես կարող են գնալ Ռուսաստանի ներկայացուցիչները: Երբեմն ռուսական մամուլում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ամերիկացիները, երբ ցանկանան, կգան, երբ ցանկանան, կգնան: Դա այդպես չէ: Եվ ոչ միայն ամերիկացիները, ոչ ոք, բացի Հայաստանի Հանրապետության այն ներկայացուցիչներից, ովքեր աշխատում են այս լաբորատորիաներում, իրավունք չունեն այնտեղ լինել, քանի որ դրանք բավական վտանգավոր օբյեկտներ են: Մենք ունեինք համաձայնագրի նախագիծ, բայց ինչքան ինձ տեղեկացրին, մենք պատրաստ էինք ստորագրել, բայց ինչ-ինչ պատճառներով մեր ռուս գործընկերները որոշեցին չստորագրել այն: Նրանք առաջարկել են լրամշակել այդ փաստաթուղթը, և մենք համաձայնել ենք: Մենք միասին կաշխատենք այս փաստաթղթի շուրջ: Երբ երկու կողմերը պատրաստ լինեն ստորագրելու, այդ ժամանակ մենք կստորագրենք:

Կովալևա Դիանա, «Ռոսիյսկայա գազետա»․ - Ռուսական կողմը չի՞ նշել, թե կոնկրետ ինչն է պետք լրամշակել:

Նիկոլ Փաշինյան․ - Միգուցե նշել է, բայց ես չեմ կարող կիսվել Ձեզ հետ այդ տեղեկատվությամբ:

Կովալևա Դիանա, «Ռոսիյսկայա գազետա»․ - Նույն լաբորատորիաների վերաբերյալ: Ինչպե՞ս կարող եք մեկնաբանել այնպիսի մտքեր, որոնք մամուլում ի հայտ են գալիս այն փաստի շուրջ, որ այդ լաբորատորիաներ, այո, կարող են մուտք գործել միայն այնտեղ աշխատող ՀՀ քաղաքացիները, բայց, հավանաբար, այս աշխատանքը կատարվում է, ինչպես ասում են, նախկին հովանավորների պատվերով:

Նիկոլ Փաշինյան․ - Գիտեք, ես արդեն ասացի, որ սա Հայաստանի սեփականությունն է: Ես արդեն ասացի, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է: Ինչպե՞ս կարող եմ մեկնաբանել ձեր ասածը:

Այսինքն՝ մենք հիմա գործո՞ւմ ենք Ռուսաստանի դեմ, այո՞: Մենք ուզո՞ւմ ենք վնասել Ռուսաստանին: Մենք ներքաշվա՞ծ ենք Ռուսաստանի դեմ դավադրության մեջ: Այսպիսի բան չի կարող լինել: Համենայն դեպս, այսպիսին է ռազմավարական դաշնակցի մասին մեր պատկերացումը: Հուսով ենք, որ բոլորս այդպես ենք ընկալում այս արտահայտության իմաստը` ռազմավարական դաշնակից:

Սա նշանակում է, որ մենք չենք կարող ոչ մի կերպ գործել միմյանց դեմ, չենք կարող գործել այնպես, որպեսզի խախտվեն անվտանգության շահերը: Բացառվում է, որ մենք ինչ-որ կերպ գործենք Ռուսաստանի անվտանգության դեմ: Դա պարզապես չի կարող պատահել: Վստահ եմ, որ Ռուսաստանը նույնպես չի գործի Հայաստանի անվտանգության դեմ:

«Ես նմա՞ն եմ ինչ-որ մեկի վերամարմնավորմանը»

Մարինա Պերևոզկինա, «Մոսկովսկի կոմսոմոլեց»․ - Պարոն վարչապետ, մամուլում հաճախ կարելի է տեսնել տեղեկություն այն մասին, որ Դուք բավականաչափ մոտ եք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որ, կարծես, գենետիկորեն բխում եք նրա շրջապատից, մոտ եք նրա հայացքներին, իսկ ոմանք Ձեզ անվանում են Տեր-Պետրոսյանի նոր վերամարմնավորում (ռեինկարնացիա) հայկական քաղաքականության մեջ: Կարո՞ղ եք մեզ պատմել առաջին նախագահի հետ Ձեր իրական հարաբերությունների մասին: Դուք բարեկամական հարաբերություններ ունե՞ք: Ինչպիսի՞ն են այժմ ձեր փոխհարաբերությունները: Շարունակո՞ւմ եք կապ պահպանել միմյանց հետ: Արդյո՞ք նա որևէ դեր խաղացել է Ձեր քաղաքական ձևավորման գործում: Ի՞նչ ազդեցություն է նա ունեցել: Շնորհակալություն։

Նիկոլ Փաշինյան․ - Ուշադիր նայեք ինձ և ասեք՝ ես նմա՞ն եմ ինչ-որ մեկի վերամարմնավորմանը: Ես ընդհանուր առմամբ հասարակական քաղաքական գործիչ եմ, և չափահաս տարիքից, փաստացի՝ 16 տարեկանից, ես ապրում եմ հասարակական կյանքով, որովհետև սկզբում ես աշխատել եմ որպես լրագրող, և 1991 թվականից ի վեր Դուք կարող եք հետևել այն ամենին, ինչ ես արել եմ, փաստացի, ամեն օրվա քայլերին կարող եք ծանոթանալ: Այսինքն՝ ես ի նկատի ունեմ, որ անհնար է, որպեսզի ես ունենայի որևէ ստվերային կապեր, որոնց մասին մեր հասարակությունը տեղեկացված չլիներ: Լևոն Տեր-Պետրոսյանի հետ մեր քաղաքական հարաբերություններն ավարտվեցին 2012-ին, և դա հրապարակավ արձանագրվեց: Ոչ թե օրը եկավ, և մենք ասացինք, որ վերջ, մեր քաղաքական հարաբերություններն ավարտվում են: Դա բավականին երկար և հրապարակային գործընթաց էր: Ես գրել եմ մի շարք հոդվածներ 2011-ի վերջին, և դրանից հետո՝ 2012-ին, մենք խզեցինք բոլոր քաղաքական կապերը: Դրանից հետո ես սկսեցի իմ քաղաքական նախաձեռնությունը, և փաստացի ես ո՛չ գաղափարական, ո՛չ կազմակերպչական և ո՛չ էլ քաղաքական կապ չունեմ Տեր-Պետրոսյանի հետ: Ոչ մի կապ ընդհանրապես: Եվ հիմա էլ չունեմ: Իմ՝ ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո, պարոն Տեր-Պետրոսյանը ցանկացավ հանդիպել ինձ հետ:

Նա ասաց, որ շատ կարևոր տեղեկություններ ունի: Մենք հանդիպեցինք կառավարական տանը և խոսեցինք: Եվ սա մեր միակ հանդիպումն էր 2012 թվականից ի վեր: Ի դեպ, ես իմ քաղաքական գործունեությունը սկսեցի 2006 թ.-ին, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ քաղաքականություն 2008 թ.-ին: Այո՛, սա հայտնի փաստ է: 2007 թ․-ին, երբ նա սկսեց քայլեր ձեռնարկել քաղաքականություն վերադառնալու համար, նա նախագահի թեկնածու էր, ես նրա նախընտրական արշավի անդամ էի, ինչպես և Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների մեծ մասը: Դրանից առաջ և դրանից հետո ամեն ինչ եղել է հրապարակային: Այսինքն՝ 2012 թվականից հետո ես պարոն Տեր-Պետրոսյանի հետ չունեի և չունեմ որևէ քաղաքական կապ:

«Հայաստանը տունն է աշխարհի բոլոր հայերի համար»

Մարինա Պերևոզկինա, «Մոսկովսկի կոմսոմոլեց»․ - Իսկ ի՞նչ տեղեկություններ նա փոխանցեց Ձեզ այն ժամանակ, երբ հանդիպեցիք:

Նիկոլ Փաշինյան․ - Նա ինձ փոխանցեց որոշ տեղեկություններ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վերաբերյալ, բայց ես արդեն այն ժամանակ ասացի (չեմ հիշում, երբ է տեղի ունեցել այդ հանդիպումը, գուցե՝ հունիսի վերջին, ես ճշգրիտ չեմ հիշում), բայց գործնականում բոլոր այն տեղեկությունները, որոնք պարոն Տեր-Պետրոսյանը ինձ փոխանցեց, ես արդեն գիտեի, և այն ժամանակ էլ ես ասացի, որ նա ինձ համար ոչ մի նոր բան չասաց: Այսինքն՝ ես այդ ժամանակ արդեն վարչապետ էի, և տրամաբանական է, որ իմ առաջին քայլերից մեկն այն էր, որ խնդրեցի տրամադրել ինձ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը: Այսինքն՝ ես արդեն ծանոթ էի այս տեղեկատվությանը:

Աբբաս Ջուման, ռուսաստանյան լուրերի դաշնային գործակալության հատուկ թղթակից․ - Իմ հարցը վերաբերում է Սիրիայի հայերին։ Ինքս կիսով չափ Սիրիայից եմ, խոսում էինք Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, նա նույնպես, եթե չեմ սխալվում, ծնվել է Հալեպում, Սիրիայում: Այսինքն՝ Սիրիան և Հայաստանը շատ մտերիմ երկրներ են, և պատերազմից հետո բազմաթիվ, հազարավոր սիրիացիներ վերադարձան իրենց պատմական հայրենիք։ Ես ուղղակի դեռ նրանցից ոչ ոքի հետ չեմ հանդիպել, բավական հագեցած ծրագիր է եղել, հուսով եմ՝ այսօր-վաղն այդ սխալը կուղղեմ։ Կցանկանայի Ձեզնից իմանալ՝ ինչպիսի՞ վիճակում են նրանք հիմա, տեղավորվե՞լ են արդյոք, պատրաստվո՞ւմ են վերադառնալ տուն՝ նկատի ունեմ Սիրիա, թե՞ այստեղ մշտական ապաստան են գտել։

Եվ հարցի երկրորդ մասը՝ ընդհանրապես Ձեր վերաբերմունքն այն ամենին, ինչ այսօր տեղի է ունենում Սիրիայում՝ Թուրքիայի վերջին միջամտությունը, ինչը, կարծում եմ, պետք է բավական լրջորեն անհանգստացնի հայ հասարակությանը, քանի որ դա նախադեպ է, և որևէ երաշխիք չկա, որ այսօր նրանք ներխուժեցին Թուրքիա, վաղը նույն Ադրբեջանի ձեռքերով հերթական ջարդը չեն կազմակերպի, օրինակ, Արցախում, ինչպես 2016 թվականին։

Նիկոլ Փաշինյան․ - Գիտեք, այն հայերը, որոնք գտնվում են Հայաստանում, նրանք գտնվում են տանը։ Դուք ասացիք՝ նրանք պատրաստվո՞ւմ են վերադառնալ տուն, թե՞ ոչ։ Նրանք, ովքեր գտնվում են Սիրիայում, նույնպես իրենց տանն են, և ընդհանրապես կարծում եմ, որ Հայաստանը տունն է աշխարհի բոլոր հայերի համար։ Շատ սիրիահայեր լավ տեղավորվել են, հարմարվել են Հայաստանում, բայց, ցավոք, ոչ բոլորը. շատերը նաև արտագաղթել են Կանադա, Եվրոպա, Միացյալ Նահանգներ, հնարավոր է՝ նաև Ռուսաստան, որոշ մասը վերադարձել է Սիրիա։ Ինչ վերաբերում է Սիրիայում տիրող իրավիճակին, ապա Սիրիան մեզ համար բարեկամ, եղբայրական երկիր է, և մենք, իհարկե, շատ մտահոգված ենք այն իրադարձություններով, որոնք վերջին տարիներին տեղի են ունենում այդ երկրում։ Գիտեք, մենք մարդասիրական առաքելություն ենք ուղարկել Սիրիա։ Նրանք այնտեղ զբաղվում են մարդասիրական ականազերծմամբ, նաև բժշկական անձնակազմ է այնտեղ աշխատում։ Մինչ Դուք հարցը հնչեցնում էիք, ես ցանկանում էի գտնել կոնկրետ վիճակագրություն, թե քանի վիրահատություններ են այնտեղ արել մեր բժիշկները, քանի հաճախորդներ են ընդունել. նրանք մի քանի հարյուր վիրահատություն են արել, ընդունել են մի քանի հազար այցելու, այնտեղ նաև մանկաբույժ է աշխատում, շատ երեխաների են բժշկական օգնություն տրամադրում, և, իհարկե, մենք լավագույնն ենք մաղթում Սիրիային և սիրիացի ժողովրդին։

Իհարկե, Թուրքիայի ներխուժումը մեզ շատ անհանգստացրեց։ Մենք հայտարարություն արեցինք և դատապարտեցինք այդ քայլը։ Դա ներխուժում է Սիրիայի տարածք՝ առանց Սիրիայի կառավարության հրավերի, և դա դատապարտվում է մեր կողմից։ Դա, իհարկե, չի նպաստում Սիրիայում խնդիրների լուծմանը, այլ, ընդհակառակը, ավելի է բարդացնում այդ լուծումը։ Մենք անհանգստացած էինք նաև այն պատճառով, և այդ մասին ես արդեն հրապարակային խոսել եմ, որ Ղամիշլի քաղաքում ապրում են բավական շատ հայեր, և երբ մենք Աշխաբադում էինք, ես այդ հարցի շուրջ խոսել եմ Ռուսաստանի նախագահի հետ և արդեն հրապարակային նաև նրան երախտագիտություն եմ հայտնել այն բանի համար, որ, ինչպես մենք արդեն կարող ենք հասկանալ Ռուսաստանի և Թուրքիայի միջև գրավոր պայմանավորվածություններից, մեր անհանգստությունները Ղամիշլիի մասով հաշվի են առնվել, և ես հենց այդպես եմ պատկերացնում Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցությունը։ Սա շատ կոնկրետ օրինակ է, և ես համոզված եմ, որ մեր հարաբերություններն այդպես էլ կզարգանան։

«Նախընտրում եմ ղարաբաղյան հարցում խոսել իմ սեփական բանաձևերով»

Հարց․ - Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներն են: Ես տարբեր խոսակցություններում լսել եմ կարծիքներ, որ նրանց ճակատագիրը կարող է ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի վրա, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ձեր հարաբերությունների վրա:

Նիկոլ Փաշինյան․ - Ինչպե՞ս դա կարող է ազդեցություն ունենալ: Օրինակ, այժմ Հայաստանի բնապահպանության նախկին նախարարը գտնվում է հետախուզման մեջ, դա կարո՞ղ է ազդել Հայաստանի բնության նկատմամբ իմ վերաբերմունքի վրա, կամ, օրինակ, ֆինանսների նախկին նախարարն այժմ բանտում է, դա որևէ կերպ կարո՞ղ է ազդել Հայաստանի ֆինանսների նկատմամբ իմ վերաբերմունքի վրա:

Լեռնային Ղարաբաղի խնդիրը համար մեկ հարցն է Հայաստանի անվտանգության և մեր երկրի ու ժողովրդի ապագայի համար: Դուք ցիտում էիք բանաձևեր, ես, անկեղծ ասած, նախընտրում եմ ղարաբաղյան հարցում խոսել իմ սեփական բանաձևերով, այլ ոչ թե իմ նախորդների բանաձևերով: Ես այդ բանաձևի մասին արդեն խոսել եմ հրապարակային, ինչպիսին է իմ բանաձևը, որը ես առաջարկում եմ:

Ես ասել եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության յուրաքանչյուր լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Ի դեպ, ես Հայաստանի առաջին առաջնորդն եմ, որը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար: Դրա համար Հայաստանում ինձ քիչ չեն քննադատել՝ ասելով, թե ինչո՞ւ պետք է Հայաստանի առաջնորդը մտահոգվի կամ մտածի Ադրբեջանի ժողովրդի շահերի մասին:

Բայց ես վստահ եմ, որ եթե մենք խոսում ենք հակամարտության կարգավորման մասին, այլ ոչ թե կողմերից մեկի հաղթանակի կամ պարտության մասին, եթե մենք ցանկանում ենք երկարատև խաղաղություն և կայունություն, ապա մենք պետք է գտնենք այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Եվ ես հույս ունեմ, որ Ադրբեջանի նախագահը նույնպես կանի նման հայտարարություն:

Եթե ես առաջին հերթին հիշատակում եմ Հայաստանի ժողովրդին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, հետո Ադրբեջանի ժողովրդին, ապա թող նա ասի հակառակը: Թող նա ասի, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի յուրաքանչյուր լուծում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար: Եթե նա դա ասի, ապա կնշանակի, որ մենք ունենք հնարավորություն արձանագրելու իրական ճեղքում բանակցային գործընթացում: Այսպիսին է Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման իմ բանաձևը, ինչը նշանակում է, որ ես չեմ պատրաստվում բանակցություններում օգտագործել ո՛չ Սերժ Սարգսյանի բանաձևը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի բանաձևը, ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի բանաձևը:

Հարց․ - Եթե կարելի է, ես կցանկանայի մի փոքր գաղտնազերծել այդ բանաձևը: Հայաստանի ժողովրդի համար ընդունելի լուծում. դա ի՞նչ է:

Նիկոլ Փաշինյան․ - Գիտեք, ես խոսում եմ բանակցային գործընթացի կոնցեպտուալ հիմքի մասին: Եթե ես ասում եմ, որ յուրաքանչյուր լուծում պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար, ապա այնքան էլ կառուցողական չէ ասել՝ մենք ցանկանում ենք այսպիսի լուծում: Ես առաջարկում եմ Ադրբեջանի նախագահին և Մինսկի խմբի համանախագահներին կոնցեպտուալ կերպով համաձայնվել նրանում, որ մենք պետք է աշխատենք այնպիսի լուծման ուղղությամբ, որն ընդունելի կլիներ երեք ժողովուրդների համար: Արդյոք կան նման տարբերակներ: Եթե նման պատրաստի տարբերակներ լինեին, ապա դա կլիներ այլ իրավիճակ, բայց եթե ես այդպես եմ խոսում, դա նշանակում է, որ մենք պետք է աշխատենք դրա վրա: Դա այն արդյունքն է, որին հնարավոր է հասնել այդ ուղղությամբ շատ քրտնաջան աշխատելով, և ես հրավիրում եմ մեր գործընկերներին, մեր ընկերներին աշխատել դրա վրա: Եվ ես նկատի ունեմ ոչ միայն Ադրբեջանի նախագահին, այլ նաև նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի նախագահին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

Իտալիա-Հայաստան ֆուտբոլային խաղի մասին․ «Իհարկե, սա շատ ծանր ձախողում է»

Ալեքսեյ Ստեֆանով, «Ռոսիա Սեգոդնյա» գործակալություն, «Սպուտնիկ» գործակալություն․ - Երեկ տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ամենամեծ ձախողումը։ Դուք նայե՞լ եք խաղը։ Ի՞նչ անել, ինչպե՞ս պայքարել դրա դեմ։ Հայաստանի հավաքականը պարտվեց, իսկ Դուք, որքանով տեղյակ եմ, Ձեր ծրագրերում ասել եք, որ հավաքականը պետք է մասնակցի Եվրոպայի, աշխարհի չեմպիոնական մրցաշարերին։

Նիկոլ Փաշինյան․ - Դե ես, ճիշտն ասած, չդիմացա։ Ես առաջարկեցի Հայաստանի զարգացման ռազմավարական ծրագիր մինչև 2050 թվականը, և այնտեղ սահմանված է մոտավորապես 18 խնդիր, որոնցից մեկն այն է, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մինչև 2050 թվականը դառնա ֆուտբոլի Եվրոպայի կամ աշխարհի չեմպիոնության մեդալակիր։ Իհարկե, սա շատ ծանր ձախողում է, քանի որ այս տարի մենք հնարավորություն ունեինք ինչ-որ բան անել, բայց, ցավոք, դա չհաջողվեց, և հիմա պետք է որոշակի հետևողություններ անել։

Ալեքսեյ Ստեֆանով․ - Իսկ ո՞վ է մեղավոր։

Նիկոլ Փաշինյան․ - Ո՞վ է ճիշտ, ո՞վ մեղավոր - հավերժական հարց է։

«Առնվազն մինչև գարուն Հայաստանի համար գազի գինը չի բարձրանա​»


Ալեքսեյ Ստեֆանով․ - Եվս մեկ հարց՝ գազի շուրջ բանակցությունները դեռ վարվո՞ւմ են։ Դուք քննարկել եք այդ հարցը Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Ինչպիսի՞ն է ռուսաստանյան կողմի դիրքորոշումը, Երևանը կարո՞ղ է գազի հարցում քարտ-բլանշի ակնկալիք ունենալ։

Նիկոլ Փաշինյան․ - Անկեղծ ասած, Վլադիմիր Վլադիմիրիի հետ մենք ընդհանուր զրույց ենք ունեցել։ Մենք չենք կոնկրետացրել և չենք խոսել դետալների մասին։ Մենք խոսել ենք այն մասին, որ Հայաստանի համար գազի գինը պետք է այնպիսին լինի, որպեսզի չկոտրի Հայաստանի տնտեսական դինամիկան։ Այս տարի մենք ակնկալում ենք բավական լավ տնտեսական աճ, և մենք պայմանավորվել ենք, որ գազի գինը պետք է այնպիսին լինի, որ այդ դինամիկան չխաթարի։ Դրանից հետո Հայաստանի կառավարության ներկայացուցիչները մշտական կապի մեջ են ռուսաստացի գործընկերների հետ։ Շատ ուրախ եմ արձանագրել, որ առնվազն մինչև գարուն Հայաստանի համար գազի գինը չի բարձրանա։ Դա լավ նորություն է։ Այնպես չէ, որ երկարաժամկետ կտրվածքով դա մեզ հարմար է, բայց արդեն վատ չէ։ Հուսով ենք և վստահ ենք, որ կառուցողական երկխոսություն կունենանք, և հուսով եմ, որ մենք կհանգենք ընդհանուր որոշման։

«Մեր կառավարությունը վստահության շատ բարձր մակարդակ ունի ամբողջ աշխարհի հայերի շրջանում»

Ալեքսանդր Տրուշին, «Օգոնյոկ» ամսագիր․ - Պարոն վարչապետ, ես ունեմ երկու հարց: Հարց առաջին. Դուք սկսել եք լուրջ բարեփոխումներ տնտեսության և սոցիալական կյանքի ոլորտում: Արդյո՞ք համաշխարհային հայկական սփյուռքը աջակցում է Ձեր բարեփոխումներին, արդյո՞ք նրանք մասնակցում են Ձեր ծրագրերի իրականացմանը, թեկուզ միայն, օրինակ, որոշ նախագծեր ֆինանսավորելու առումով, որոնք կարող են կամ պետք է բարելավեն ընդհանուր առմամբ հասարակ մարդկանց կյանքը: Երկրորդ հարցը. Հայաստանում բավականին մեծ տարբերություն կա տարածաշրջանների տնտեսական և սոցիալական զարգացման մեջ: Ծրագիր ունե՞ք այս առումով, որպեսզի մարզերը հավասարապես զարգանան: Ի՞նչ կարելի է անել այս խնդիրը լուծելու համար:

Նիկոլ Փաշինյան․ - Վերջերս մենք որոշում ընդունեցինք և Երևանից Գյումրի տեղափոխեցինք ավտոմաքսատունը: Այժմ կառուցվում է Արտաքին տնտեսական գործունեության կենտրոն: Բոլոր ծառայությունները, որոնք անհրաժեշտ են արտահանողներին և ներմուծողներին, հավաքված են մեկ վայրում, որպեսզի մարդիկ կարողանան հարմարավետ ապրանքներ արտահանել և ներմուծել Հայաստան, և մենք տեղեկություններ ունենք, որ արդեն իսկ Գյումրիի բնակիչները և փոքր ձեռնարկությունները զգում են այս որոշման դրական ազդեցությունը: Եվ սա մարզային զարգացման հավասարեցման մեկ կոնկրետ օրինակ է: Իհարկե, սա մեզ համար շատ կարևոր խնդիր է, և մենք կշարունակենք այս քայլերը: Անցյալ տարի մենք 10 միլիարդ դրամ (մոտավորապես 22-23 միլիոն դոլար) հատկացրեցինք մարզերի, այսինքն՝ տեղական իշխանությունների հետ համատեղ նախագծերի համար, և 2020 թ.-ին նույնքան գումար կհատկացնենք: Ինչո՞ւ այդքան: Որովհետև, ցավոք, քաղաքներն ու գյուղերը դեռ չեն կարողանում ավելին ծախսել, այսինքն՝ նրանք դեռ այդքան ֆինանս չունեն:

Սրանք սուբվենցիոն ծրագրեր են: Նրանք աշխատում են այսպես. նախագծի 60 տոկոսը ֆինանսավորվում է կառավարության կողմից, 40 տոկոսը` տեղական իշխանությունների կողմից, երբեմն` 70 տոկոս և 30 տոկոս: Տեղական իշխանությունները պետք է պատրաստեն լավ նախագծեր, որոնք կնպաստեն տարածաշրջանի զարգացմանը: Ես արդեն այցելել եմ մի քանի շրջաններ և դիտել, թե ինչպես են այս ծրագրերն իրականացվում. ինչ-որ տեղ լավ է ստացվում, ինչ-որ տեղ այնքան էլ լավ չի ստացվում: Մենք շատ սկզբունքային ենք այս նախագծերի իրականացման որակի հարցում, և անորակ աշխատանքը չի ընդունվի, և, համապատասխանաբար, կասկածելի որակով շինարարության համար մենք չենք վճարելու:

Սա շատ կարևոր խնդիր է, և մենք այս ուղղությամբ աշխատում ենք: Մարզերի համար կան նաև մի շարք պետական ծրագրեր: Օրինակ՝ մենք ունենք մի ծրագիր, որը կոչվում է «Խելացի ֆերմա»: Ի՞նչ ենք մենք առաջարկում: Օրինակ, եթե սահմանամերձ գյուղում մարդիկ կառուցում են ժամանակակից ֆերմա՝ կոնկրետ նախագծով, ապա կառավարությունը կանխիկ վերադարձնում է նրանց ծախսերի 70 տոկոսը: Այս մարդիկ գալիս են և մասնակցում են հատուկ դասընթացների, որտեղ նրանց բացատրում են, թե ինչպես պետք է աշխատեն, որպեսզի այս ֆերման իրական շահույթ բերի: Դրանից հետո նրանք հավաքվում են, ֆերմա են կառուցում, պետական հանձնաժողովն ընդունում է, հաստատում է, որ ամեն ինչ արված է ըստ նախագծի, և պետությունը այդ մարդկանց կանխիկ վերադարձնում է նրանց ծախսերի 70 տոկոսը: Այլ շրջաններում` 50 տոկոս է վերադարձնում, ինչ-որ տեղ` 30 տոկոս: Մենք ունենք մի քանի նման նախագիծ. կա ծրագիր ջերմոցների համար, կան նախագծեր ինտենսիվ այգիների համար և այլն: Այսինքն՝ մենք ունենք մի շարք ծրագրեր մեր մարզերի հավասար զարգացումն ապահովելու համար:

Ինչ վերաբերում է սփյուռքին, ապա, իհարկե, ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ սփյուռքում, մեր կառավարությունը վստահության շատ բարձր մակարդակ ունի ամբողջ աշխարհի հայերի շրջանում` ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ռուսաստանում: Սա, իհարկե, ընդլայնում է մեր հնարավորությունները, և սփյուռքից մեր շատ հայրենակիցներ գալիս և օգնում են մեզ: Ոմանք այժմ աշխատում են որոշ պաշտոններում: Օրինակ՝ էկոնոմիկայի փոխնախարարը եկել է Ռուսաստանից, սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը Գլենդելի նախկին քաղաքապետն է: Այսինքն՝ հիմա շատերը սփյուռքից վերադառնում են Հայաստան: Ի դեպ, շատ մարդիկ Հայաստան են տեղափոխվում Մերձավոր Արևելքից, Ռուսաստանից, Եվրոպայից և Ամերիկայից: Եվ այդ պատճառով հիմա անշարժ գույքի գները բարձրացել են: Սա ևս խնդիր է: Հայաստանի շատ բնակիչներ, ովքեր ծրագրում էին անշարժ գույք ձեռք բերել, դժգոհում են գներից: Այստեղ էլ մենք իրականացնում ենք հիփոթեքային ծրագրեր` հիփոթեքային վարկերը մեր բոլոր բնակիչների համար առավել հասանելի դարձնելու համար:

Հարց․ - Դուք ունե՞ք որոշ օրենքներ, կառավարության գործիքներ՝ միջազգային ներդրողներին աջակցելու համար:

Նիկոլ Փաշինյան․ - Դա որևէ կերպ կապված չէ ներդրողների ազգության հետ, որովհետև մենք աջակցում ենք բոլոր ներդրողներին: Շատ լավ օրենք ունենք՝ դա ստարտափների օրենք է անվանվում: Դրանով ստարտափների համար մենք ունենք բավականին լավ արտոնություններ, և, եթե չեմ սխալվում, այն գործելու է մինչև 2023 թվականը: Եվ ընդհանրապես, հունվարի 1-ից մենք ներդնում ենք համահարթ եկամտահարկ և այն սահմանում 23 տոկոս, որը պատրաստվում ենք նվազեցնել մինչև 20 տոկոս: Դա տեղի կունենա մինչ 2023 թվականը: Իհարկե, մենք ունենք նաև ներդրումների պաշտպանության օրենք և մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի մեր ներդրումային մթնոլորտն ավելի լավացնենք:

«Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ուղղությամբ որևէ խնդիր չունենք»

Սուրինսկայա Յանա, «Ինտերֆաքս» գործակալություն․ - Արդյո՞ք Հայաստանը մտադիր է ձեռք բերել «Իսկանդեր»-ների նոր խմբաքանակ և Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ինչպիսի՞ խնդիրներ կան:

Նիկոլ Փաշինյան․ - Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ուղղությամբ որևէ խնդիր չունենք: Ավելին ասել ես չեմ կարող:

«Հայաստանում կոռուպցիան ապագա չունի»

Կիրիլ Խառատյան, «Վեդոմոստի»․ - Դուք պատերազմ եք հայտարարել կոռուպցիային: Ռուսաստանի համար դա ցավոտ թեմա է: Ասացեք խնդրեմ, ինչպես Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ եք բանաձև առաջադրել, այդպես էլ կոռուպցիայի վերաբերյալ, կարճ, ի՞նչ եք կամենում, որ լինի, ինչպե՞ս է այն ընթանում, ստացվո՞ւմ է:

Նիկոլ Փաշինյան․ - Բավական լավ է ընթանում գործընթացը: Նայած ինչ հիմքով ենք գնահատում: Սկզբունքորեն հաջողվել է համակարգային կոռուպցիան վերացնել: Իհարկե, դեռ կան կոռուպցիոներներ, որոնց ձերբակալում ենք և շարունակելու ենք ձերբակալել: Կան բազում քրեական գործեր: Կարևոր է արձանագրել, որ երբ խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարի մասին, նկատի ունենք ոչ միայն անցյալի, այլև՝ ներկայի կոռուպցիոներներին: Վերջին տարիուկեսում հարուցվել է մի քանի քրեական գործ գործող պաշտոնատար անձանց նկատմամբ: Նրանցից մի քանիսը ձերբակալվել են: Դա մեզ համար սկզբունքային հարց է: Վստահ եղեք, որ այդ հարցում կոմպրոմիս չի լինելու: Հայաստանում կոռուպցիան ապագա չունի: Կա այլ թեմա՝ թալանվածը վերադարձնելու խնդիրը: Այս ուղղությամբ ևս առաջ ենք ընթանում: Նոր նախագիծ ենք պատրաստել՝ օրենք առանց մեղադրանքի դատավճռի բռնագանձման մասին: Մինչև այժմ միայն մեղադրող դատավճռի դեպքում կարելի էր բռնագանձել: Այս օրենքով պաշտոնական անձանց ունեցվածքը կարելի է բռնագանձել առանց դատավճռի, եթե պաշտոնատար անձը չկարողանա ապացուցել սեփականության օրինականությունը: Դրանից հետո վերադարձը կարագանա:

«Հայաստանը ոչ միայն ԵԱՏՄ անդամ է, այլ նաև ԵԱՏՄ-ում նախագահող երկիր»

Բերեց Անդրեյ, ՏԱՍՍ գործակալություն․ - Վերջերս Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովն էր: ԵԱՏՄ-ի և Աֆրիկյան միության միջև գործակցության համաձայնագիր ստորագրվեց: Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ պետություն, տեսնո՞ւմ է շահագրգռվածություն աֆրիկյան պետությունների հետ գործակցությունից:

Նիկոլ Փաշինյան․ - Հայաստանը ոչ միայն անդամ է, այլ նաև ԵԱՏՄ-ում նախագահող երկիր: Եվ տեսեք, թե մեր նախագահության ընթացքում ինչ է տեղի ունեցել ԵԱՏՄ-ում: Հոկտեմբերի 1-ին Երևանում անցկացվեց գործակցության բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որը ծավալով աննախադեպ էր. մասնակցում էին Սինգապուրի վարչապետը, Իրանի նախագահը, ստորագրվեց ազատ առևտրի մասին համաձայնագիր Սինգապուրի հետ: Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիրն արդեն ուժի մեջ է մտնում մեր նախագահության շրջանում: Իհարկե, մենք ողջունում ենք ԵԱՏՄ և Աֆրիկյան միության համաձայնագիրը: Մենք հետաքրքրված ենք ոչ միայն որպես առանձին պետություն, այլև որպես ԵԱՏՄ անդամ և նախագահող երկիր: Դա ևս իրադարձություն է, որ տեղի է ունեցել մեր նախագահության ընթացքում:

XS
SM
MD
LG