Մատչելիության հղումներ

Փաշինյանը Միլանում իրեն հարցեր ուղղելու հնարավորություն տվեց ադրբեջանցի «վիդեոբլոգերին»


Իտալիա - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Միլանի հայկական եկեղեցում, 20-ը նոյեմբերի, 2019թ․
Իտալիա - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Միլանի հայկական եկեղեցում, 20-ը նոյեմբերի, 2019թ․

Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը սկանդալային ընթացք ունեցավ: Եկեղեցի մուտք գործեց ռուսախոս մի անձնավորություն` արտահերթ հարցի հնարավորություն պահանջելով, և ներկայացավ որպես ադրբեջանցի վիդեոբլոգեր։

Վարչապետ Փաշինյանի թույլտվությամբ նա հնչեցրեց իր հարցը, նախաբանով, թե ամբողջ աշխարհը «ճանաչել է ադրբեջանցիների ցեղասպանությունը Հայաստանի կողմից», ապա հորդորեց դադարեցնել պատերազմն ու «ազատել իրենց հայրենիքը»։

«Ամբողջ ճանաչել է ադրբեջանցիների ցեղասպանությունը Հայաստանի կողմից, ե՞րբ սա կավարտվի: Պետք է ավարտել այս պատերազմը: Ազատեք մեր հողերը խնդրում եմ», - հայտարարեց ադրբեջանցին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ թույլատրեց, որ ադրբեջանցի բլոգերի օպերատորը ևս նկարահանելու հնարավորություն ունենա, և ի պատասխան բլոգերի անհանգստության երաշխավորեց նրա անվտանգությունը, ինչից հետո արձանագրեց՝ անհնար է պատկերացնել, որ հայը հնարավորություն ունենար մուտք գործել ադրբեջանական կողմի նմանատիպ որևէ միջոցառման և հարց տալ Ադրբեջանի նախագահին:

«Դուք ասացիք, որ ամբողջ աշխարհն ընդունել է Ադրբեջանի նկատմամբ ցեղասպանությունը, դա սովորական սուտ է, քանի որ նույնիսկ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ին հարցազրույց է տվել և ասել, որ Խոջալուի իրադարձությունները կազմակերպել է ադրբեջանական ընդդիմությունը, որպեսզի իրականացնի իշխանությունների փոփոխություն Ադրբեջանում: Հաջորդը՝ <․․․․> ես առաջարկել եմ խաղաղության բանաձև, ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, որ հայտարարել եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդի համար: Ես առաջարկում եմ, որ Ադրբեջանի նախագահը նույնպես նման հայտարարություն անի, քանի որ դա գլխավոր բանաձևն ու պլատֆորմն է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության համար», - հայտարարեց Հայաստանի ղեկավարը:

Վարչապետը շարունակեց՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Գերագույն խորհուրդն իրացրել է իր օրինական իրավունքը՝ ինքնորոշումով: Եվ դրանից հետո Ադրբեջանի իշխանություններն ուժի են դիմել՝ ցանկանալով խլել Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհրդի այդ օրինական իրավունքը: Ինչպես Ադրբեջանն է հայտարարել Խորհրդային Միությունից իր անկախության մասին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղն է հայտարարել իր անկախությունը Ադրբեջանից, ասաց Փաշինյանը՝ ավելացնելով, որ դրանից հետո Ադրբեջանը սկսեց իր ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ:

«Այ դուք խոսում էիք Շուշիի մասին ․․․ Շուշիից ամեն օր ռմբակոծում էին Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը, ռմբակոծում էին կանանց, երեխաներին, և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ընդունեց ճիշտ որոշում ու կազմակերպեց իր ինքնապաշտպանությունը: Ես հպարտ եմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդով, որ կարողացավ պաշտպանել իրեն», - շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պատասխանը համայնքի ներկայացուցիչներն ընդունեցին ոգևությամբ և դժգոհությամբ արձագանքեցին ադրբեջանցի վիդոբլոգերի՝ ելույթը շարունակելու փորձերին։ Վերջինս հեռանալուց առաջ բարձրաձայնեց իր անվտանգության հարցը: Փաշինյանը կարգադրեց իր թիկնազորին ապահովել ադրբեջանցու անվտանգ հեռացումը:

«Ազատության» հարցին՝ անվտագության տեսանկյունից ինչպե՞ս է գնահատում փաստը, որ հակառակորդ պետության ներկայացուցիչը մուտք է գործում Հայաստանի վարչապետի հանդիպմանը հայ համայնքի հետ, Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն արձագանքեց՝ հանդիպման մուտքը ազատ է եղել, իսկ հարց հնչեցնելու հնարավորություն նրան տվել է անձամբ վարչապետը:

«Մուտքը ազատ էր եկեղեցի, հանդիպումը եկեղեցում էր տեղի ունենում, յուրաքանչյուրը կարող էր մուտք գործել», - ասաց Կարապետյանը:

«Այսինքն, այստեղ վարչապետը իր անվտանգության աշխատակիցների թերացում չի՞ տեսնում», - այս հարցին էլ Հայաստանի ղեկավարի խոսնակն արձագանքեց․ - «Չէ, ես էդ բացարձակ չեմ տեսնում, ինքը մնացած մասնակիցների նման պատշաճ կերպ էր, կարծում եմ, իրեն պահում, նաև՝ պատկառելի հեռավորության վրա, այդ առումով ես որևէ խնդիր, համենայն դեպս, չեմ տեսնում»:


XS
SM
MD
LG