Մատչելիության հղումներ

Կոնգրեսում ցուցմունքներ են տալիս Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցի ականատեսները


ԱՄՆ - Փոխգնդապետ Ալեքսանդր Վինդմանը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովում, Վաշինգտոն, 19-ը նոյեմբերի, 2019թ․

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովում երեկ բաց լսումների ընթացքում ելույթ է ունեցել փոխգնդապետ Ալեքսանդր Վինդմանը: Նա ներկա է եղել նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու՝ այս տարվա հուլիսին տեղի ունեցած աղմկահարույց հեռախոսազրույցին:

Թրամփի ընդդիմախոսները պնդում են, որ այդ հեռախոսազրույցի ընթացքում ամերիկացի առաջնորդը ուկրաինացի պաշտոնակցին խնդրել է հետաքննություն սկսել իր քաղաքական հակառակորդ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բադենի դեմ, ով տարիներ առաջ Ուկրաինայում բիզնես գործունեություն է ծավալել:

Վինդմանին մտահոգել է այդ հեռախոսազրույցը, ինչի մասին նա զեկուցել է Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր դատախազին: Նրա խոսքով՝ «Միացյալ Նահանգների նախագահը չէր կարող օտար պետության կառավարությունից պահանջել հետաքննել ԱՄՆ-ի քաղաքացու և իր քաղաքական ընդդիմախոսի գործողությունները»:

Փոխգնդապետ Վինդմանի հետ երեկ ամերիկացի օրենսդիրների հարցերին է պատասխանել նաև դիվանագետ Ջենիֆեր Ուիլյամսը, ով ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի թիմի խորհրդականներից էր և Թրամփի ու Զելենսկու հեռախոսազրույցի ականատեսներից է:

Ուիլյամսը հայտարարել է, որ երկու երկրների նախագահների հեռախոսազրույցը «արտասովոր էր», քանի դրա ընթացքում շոշափվել են «ԱՄՆ-ի ներքին գործերը»:

Երեքշաբթի երեկոյան հանձնաժողովում ելույթ են ունեցել նաև Ուկրաինայի հարցերով ԱՄՆ-ի նախկին հատուկ բանագնաց Քուրթ Վոլքերը և Սպիտակ տան աշխատակից Թիմ Մորիսոնը:

Recommended

XS
SM
MD
LG