Մատչելիության հղումներ

Փելոսին պնդում է՝ Թրամփի քայլերը հակասում են ԱՄՆ Սահմանադրությանը


ԱՄՆ - Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ասուլիսի ժամանակ, արխիվ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին պնդում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը արդեն ընդունել է կաշառակերության հանգամանքը ուկրաինական սկանդալում:

Սպիտակ տան ղեկավարի իմփիչմենթի հարցով դռնբաց լսումների երկրորդ օրը դեմոկրատ կոնգրեսականների առաջնորդը, ամփոփելով Ուկրաինայի և Միացյալ Նահանգների նախագահների աղմկահարույց հեռախոսազրույցի վերաբերյալ ցուցմունքները, հայտարարել է՝ Դոնալդ Թրամփի քայլերը հակասում են ամերիկյան Սահմանադրությանը: «Քուիդ պրո քուո՝ ծառայություն ծառայության դիմաց», - հայտարարել է Նենսի Փելոսին՝ հավելելով․ - «Կաշառակերությունը ռազմական օգնության տրամադրումն է կամ հետաձգումը՝ ի պատասխան ընտրությունների կեղծ հետաքննության մասին հրապարակային հայտարարությունների»:

«Այն, ինչ արել է նախագահ Թրամփը՝ ընտրություններում հաջողության հասնելու նպատակով այլ երկրի դեմ ճնշում գործադրել, ինչպես նաև իր քայլերի մասին տեղեկատվությունը թաքցնել, սրա ֆոնին Նիքսոնի քայլերը ոչինչ են», - հայտարարել է դեմոկրատ առաջնորդը:

Միացյալ Նահանգների 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնը առաջին և առայժմ միակ ԱՄՆ նախագահն է, ով հեռացել է պաշտոնից նախքան ժամկետի լրանալը․ 1974 թվականին գաղտնալսումների հետ կապված սկանդալի և իմփիչմենթի վտանգի պատճառով Նիքսոնը հրաժարական է տվել:

Փելոսին և նրա Դեմոկրատական կուսակցությունը Թրամփին մեղադրում են նախագահական լիազորությունները չարաշահելու մեջ՝ մասնավորապես մատնանշելով Ուկրաինայի նախագահի հետ ամռանը տեղի ունեցած հայտնի հեռախոսազրույցը, որի ընթացքում, ըստ ընդդիմախոսների, Թրամփը ստիպել է Զելենսկուն հետաքննություն սկսել իր քաղաքական հակառակորդ Ջո Բայդենի և նրա որդու՝ Հանթեր Բայդենի նկատմամբ, ով անցած տարիներին Ուկրաինայում բիզնես գործունեություն է ծավալել: Ընդ որում, Սպիտակ տան կողմից հրապարակված սղագրությունների համաձայն, Թրամփը փորձել է սառեցնել Ուկրաինայի համար նախատեսված մոտ 400 միլիոն դոլարի ռազմական օգնությունը:

Այդ հեռախոսազրույցը ի պաշտոնե գաղտնալսած ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակիցը պնդել է, որ Թրամփը փորձել է նաև նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հնարավոր հանդիպումն օգտագործել իր քաղաքական շահերի, այդ թվում՝ Բայդենին վարկաբեկելու համար:

Ամերիկյան Սահմանադրության համաձայն, նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության և ծանրագույն այլ հանցագործությունների համար: Օրենսդրությունն ամրագրում է, որ բավարար փաստեր հայտնաբերելու դեպքում հարցը պետք է քվեարկության դրվի Ներկայացուցիչների տանը, որը գտնվում է Թրամփի ընդդիմախոս դեմոկրատների վերահսկողության ներքո:

Սպիտակ տան ղեկավարի պես Հանրապետական կուսակցությունում ևս պնդում են, որ ընդդիմությունը նախագահի դեմ կեղծ արշավ է սկսել, ինչպես Դոնալդ Թրամփն է հաճախ կրկնում՝ «վհուկների որս»:

Միացյալ Նահանգների նախագահը կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ որևէ ապօրինի քայլ չի արել:

Կոնգրեսում մեկնարկած հրապարակային լսումների երրորդ օրը նախատեսված է իմփիչմենթի գործընթացի պատճառ դարձած ուկրաինական սկանդալի առանցքային դերակատարներից մեկի` Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մարի Յովանովիչի ցուցմունքը: Դեսպանը, ով այս տարվա մայիսին՝ մինչև աղմկահարույց հեռախոսազրույցը, անակնկալ ետ է կանչվել Կիևից անձամբ Թրամփի պահանջով, պնդում է, որ իրեն աշխատանքից վաղաժամ ազատելու որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի, ինչն էլ հիմնված է կեղծ մեղադրանքների վրա: Մարի Յովանովիչի խոսքով՝ այդ մեղադրանքների ետևում կանգնած է Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանին:

Ի դեպ, Ուկրաինայի նախագահի հետ հայտնի հեռախոսազրույցի ընթացքում, ըստ հրապարակված սղագրության, Դոնալդ Թրամփը բացասաբար էր արտահայտվել Յովանովիչի մասին` նրան անվանելով «վատ լուր»:

XS
SM
MD
LG