Մատչելիության հղումներ

Հրապարակվեց ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների հեռախոսազրույցի սղագրությունը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպում են Նյու Յորքում, 25-ը սեպտեմբերի, 2019թ․

Սպիտակ տան պաշտոնական կայքէջում երեկ երեկոյան հրապարակվեց Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահների հուլիսի 25-ի հեռախոսազրույցի սղագրությունը:

Սկանդալի տեղիք տված հեռախոսազրույցի պատճառով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ազդարարել է նախագահ Դոնալդ Թրամփի դեմ պաշտոնական հետաքննության մեկնարկը, որի արդյունքում իմպիչմենտի գործընթաց կարող է նախաձեռնվել: Այս իրադարձությունների ֆոնին նախագահ Թրամփը խոստացել էր հրապարակել ընդդիմադիր ճամբարում կասկածներ հարուցած զրույցի սղագրությունը:

Ըստ հրապարակված փաստաթղթի՝ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է հետաքննել իր քաղաքական հակառակորդ Ջո Բայդենի գործողությունները: «Շատ խոսակցություններ են շրջանառվում Բայդենի որդու մասին, որ Բայդենը կասեցրել է հետաքննությունը, և շատերը ավելին են ցանկանում իմանալ այդ մասին», - ուկրաինացի պաշտոնակցի հետ զրույցի ընթացքում ասել է ԱՄՆ նախագահը և շարունակել․ - «Այնպես որ, եթե կարողանայիք գլխավոր դատախազի հետ ինչ-որ բան ձեռնարկել, հրաշալի կլիներ»:

Ջո Բայդենը, հիշեցնենք, Թրամփի հնարավոր մրցակիցն է 2020 թվականին անցկացվելիք նախագահական ընտրություններում: Նա, լինելով փոխնախագահ Բարաք Օբամայի վարչակազմում, պատասխանատու էր Ուկրաինայի հետ հարաբերությունների համար: Թրամփի համոզմամբ՝ հոր պաշտոնի շնորհիվ Հանթեր Բայդենը բարձր պաշտոն է ստացել ուկրաինական «Բուրիսմա» գազային ընկերությունում, իսկ երբ Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինը հակակոռուպցիոն հետաքննություն է սկսել «Բուրիսմա»-ի նկատմամբ, Ջո Բայդենը հասել է նրա պաշտոնանկությանը:

«Բայդենն ամենուր պարծենում էր, որ ինքն է կասեցրել որդու նկատմամբ հետաքննությունը, այնպես որ, եթե կարողանայիք դա ուսումնասիրել… », - ըստ հրապարակված սղագրության՝ Ուկրաինայի նախագահի հետ հեռախոսազրույցում նաև ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Ի պատասխան՝ Զելենսկին խոստացել է, որ Ուկրաինայում շուտով կնշանակվի նոր գլխավոր դատախազ՝ «100 տոկոս իմ մարդն է, իմ թեկնածուն», և «նա կուսումնասիրի իրավիճակը՝ այդ թվում Ձեր նշած ընկերության հետ կապված»:

Դեմոկրատները պնդում են, որ այդ զրույցի ընթացքում Թրամփը ճնշում է գործադրել Զելենսկու նկատմամբ, ինքը Ուկրաինայի նախագահը հերքում է այդ պնդումները: Նման մեղադրանքները հերքում է նաև Թրամփը:

Այժմ Կոնգրեսի միանգամից վեց հանձնաժողովներ պետք է հետաքննեն Թրամփի գործողությունները` արդյոք նա խախտել է օրենքը , գերազանցել իր լիազորությունները կամ օգտագործել պաշտոնեական դիրքը:

Գաղտնազերծված սղագրության համաձայն, ի դեպ, երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նաև եվրոպացի առաջնորդներին: Գերմանիայի կանցլերը «խոսում է Ուկրաինայի մասին, սակայն ոչինչ չի անում», ասել է Թրամփը: Զելենսկին համաձայնել է ԱՄՆ նախագահի հետ, նույնպես դժգոհել է, որ նրանք բավարար չափով չեն հետևում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իրականացմանը, և ասել է, թե Միացյալ Նահանգները Ուկրաինայի համար «շատ ավելին է անում, քան Եվրամիությունը»:

«Դուք միանգամայն իրավացի եք, իրավացի 100 տոկոսով, նույնիսկ 1000, ես խոսել եմ Մերկելի հետ, հանդիպել եմ նրա հետ, հանդիպել և խոսել եմ Մակրոնի հետ, ասել եմ նրանց, որ չեն անում այնքան, որքան հարկավոր է պատժամիջոցների համար», - ասել է Զելենսկին:

XS
SM
MD
LG