Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն հայտարարել է՝ ՌԴ-ի հետ ինտեգրումը Բելառուսին դիվիդենտներ չի բերում


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի ընտրատեղամասում զրուցում է լրագրողների հետ, 17-ը նոյեմբերի, 2019թ․
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի ընտրատեղամասում զրուցում է լրագրողների հետ, 17-ը նոյեմբերի, 2019թ․

26 տարի Բելառուսը ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ հայտարարել է եկող տարի նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին։

Երեկ Բելառուսում կայացել են խորհրդարանական ընտրություններ։ Լրագրողների հետ զրույցում նա հայտնել է, որ ամենայն հավանականությամբ նախագահական ընտրությունները կկայանան եկող ամռանը։

Նա նաև կոշտ հայտարարություններ է արել Մոսկվայի հասցեին. «Քանի դեռ չեն կարգավորվել էներգակիրների մատակարարման հարցերը, և չեն հանվել առևտուրը խոչընդոտող արգելքները, Ռուսաստանի հետ ինտեգրման «ճանապարհային քարտեզ» ստորագրելու մասին խոսք լինել չի կարող», - հայտարարել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանի հետ ինտեգրումը Բելառուսին դիվիդենտներ չի բերում։

«Մեր ինչի՞ն է պետք է նման միությունը», - հարցադրում է արել նախագահը, նաև ասել, որ չի ստորագրի Բելառուսի ինքնիշխանությանը սպառնացող որևէ փաստաթուղթ։

Մոսկվան և Մինսկը դեկտեմբերի ութին պետք է ստորագրեն Ռուսաստան-Բելառուս միութենական պետության դե ֆակտո իրագործման ճանապարհային քարտեզը։ Դեկտեմբերի 8-ին լրանում է Միութենական պայմանագրի 20-ամյա հոբելյանը, և Մոսկվան մտադիր է այդ առիթն օգտագործել պայմանագիրը վերակենդանացնելու համար։

Որոշ դիտորդների կարծիքով, Մոսկվան այդ գաղափարն ուզում է օգտագործել Պուտինի իշխանությունը 2024-ից հետո երկարաձգելու համար։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի գործող Սահմանադրությունը Պուտինին թույլ չի տալիս մասնակցել 2024-ին անցկացվելիք նախագահական ընտրություններին:

XS
SM
MD
LG