Մատչելիության հղումներ

Կրեմլը վերլուծում է Պուտինի իշխանությունը երկարաձգելու տարբերակները


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, Մոսկվա, 19-ը մարտի, 2019թ․
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, Մոսկվա, 19-ը մարտի, 2019թ․

«Պուտին-Մեդվեդև» նոր փոխատեղում հավանաբար չի լինի

Bloomberg ամերիկյան հանդեսի փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմը քննարկում է նրա իշխանությունը երկարաձգելու հնարավորությունները:

Պուտինի նախագահության թվով արդեն 4-րդ ժամկետը կսպառվի 2024 թվականին: «Երկու ժամկետ առաջ» նրա իշխանության շարունակումը լուծվել է փոխատեղման տարբերակով, քանի որ Սահմանադրությամբ բացառվում է երրորդ անգամ առաջադրվելու հնարավորությունը: Պուտինը ստանձնել է վարչապետի պաշտոնը, իսկ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ և «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության լիակատար աջակցությամբ, ընտրվել է նախագահ:

2008-12 թվականների փոխատեղումը կրկնելու հնարավորությունը տեսականորեն հիմա էլ կա, սակայն վերլուծաբանների շրջանում ենթադրում են, որ այս անգամ Կրեմլը չի ցանկանա նույն հնարքը կիրառել:

Ուստի Պուտինի շրջապատն աշխատում է նոր հնարավորությունների վրա:

Մոսկվա գումարած Մինսկ հավասար է նոր պետությա՞ն

Դրանցից մեկը կլինի Ռուսաստանի և Բելառուսի միավորմամբ միութենական նոր պետության ստեղծումը: Նման պարագայում Վլադիմիր Պուտինը կարող է դառնալ այլևս նոր երկրի ղեկավար և այդպիսով չխախտել Ռուսաստանի Սահմանադրությունը:

Սակայն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարող է մերժել այդ հնարավորությունը, եթե զգա, որ ինքն անձամբ դրանից ոչ մի քաղաքական շահ չունի: Նա էլ է, ի վերջո, մտահոգված քաղաքական ապագայով և փորձում է լուծումներ գտնել:

Մեկ այլ տարբերակի հիմքում կան Ղազախստանում տեղի ունեցածի որոշ տարրեր:

Ղազախական տարբերակը գայթակղիչ է, բայց կան բարդություններ

Ռուսաստանում կարող են ստեղծել մի նոր ատյան՝ Պետական խորհուրդ, որին կփոխանցվեն հսկայական լծակներ:

Անդրեյ Կոլյադինը, ով նախկինում Կրեմլի պաշտոնյա էր, իսկ այսօր Կրեմլի քաղաքական խորհրդականներից է, Bloomberg-ի փոխանցմամբ, ասել է, թե Նազարբաևի սցենարը հետաքրքիր է:

«Դա կարող է ընդունելի լինել քաղաքական վերնախավի համար, քանի որ էլիտային անհրաժեշտ է գերագույն անաչառ մրցավար, ով կարող է հսկել և ազդել իշխանափոխության գործընթացի վրա»,- ասել է Կոլյադինը:

Պուտինը կարող է դառնալ այդ խորհրդի ղեկավարը: Նազարբաևը հրաժարվել է նախագահի պաշտոնից, սակայն մնացել է Անվտանգւթյան խորհրդի նախագահ և ունի «ազգի լիդերի» տիտղոսը:

Բայց Պուտինի պարագայում ղազախական տարբերակի պատճենը կարող է չաշխատել: Ռուսական քաղաքական-տնտեսական համակարգը շատ ավելի բարդ է ղազախականի համեմատությամբ:

«Առանց բնականոն իշխանափոխության իրար կոկորդ կկրծեն»

Ռուսաստանում որոշ շրջանակներ թեժ մրցակցության մեջ են, իսկ «մրցավարը» գուցեև չի կարողանա բացարձակ չեզոք և հավասար հսկողության տակ պահել բոլորին, ինչը կհանգեցնի առճակատումների:

«Պուտինը չի կարող հավերժ իշխել, նա մահկանացու է, և եթե չապահովի հանդարտ, կառավարելի իշխանափոխություն, շատ վատ վիճակ կստեղծվի, ու բոլորն իրար կոկորդ կկրծեն»,- ասել է սոցիոլոգ Օլգա Կրիշտանովսկայան:

Պուտինը նաև չի կարող իր իշխանության մի մասն անուղղակի եղանակով փոխանցել զավակներին, ինչպես դա արել է Նազարբաևը, որի հրաժարականից հետո Սենատի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը դարձել է նախագահ, իսկ Սենատի նախագահ է դարձել Նազարբաևի դուստրը՝ Դարիգան:

Պուտինը բազմիցս է ընդգծել, որ իր դուստրերը քաղաքական ասպարեզի հետ կապ չունեն:

«Պուտինը կարող է նախանձել Նազարբաևին, նրա դեպքում այդ տարբերակը չի աշխատի»,- ասել է Կենտրոնական Ասիայի հարցերով մոսկվացի փորձագետ Արկադի Դուբնովը:

Մայր օրենքը կարող է բարեփոխվել

Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել է, որ չի ցանկանում հանուն իշխանության փոխել Սահմանադրությունը, մինչդեռ խորհրդարանի ստորին պալատի՝ Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը նկատել է տվել, որ այս տարվա դեկտեմբերին հնարավոր է բարեփոխել մայր օրենքը:

Ո՞վ կփոխարինի, կամ «ես այստեղ մինչև 100 տարեկան չեմ մնա»

Եվ վերջապես կա երրորդ՝ առավել դասական տարբերակը, ըստ որի՝ քաղաքական-պատմական ժառանգությունը պահպանելու համար Պուտինը կփորձի գտնել, դաստիարակել և բարձրագույն պաշտոնի նախապատրաստել փոխարինողին:

Կրեմլը դեռ հրաժարվում է հայտնել, թե որ տարբերակներին է նախապատվություն տալիս: Ինքը Պուտինը մի առիթով կեսկատակ ասել է.- «Դուք ինչ է, կարծում եք ես մինչև 100 տարեկան այստե՞ղ եմ մնալու, իհարկե ոչ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG