Մատչելիության հղումներ

Պուտինն իշխում է 20 տարի


Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը և Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Վլադիմիր Պուտինը, Մոսկվա, Կրեմլ, 6-ը հուլիսի, 1999թ.

Ճիշտ 20 տարի առաջ՝ հեռավոր 1999 թվականի օգոստոսի 9-ին, Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը վարչապետի պաշտոնում նշանակեց հայրենիքում և արտերկրում հանրային մեծ ճանաչում չունեցող Վլադիմիր Պուտինին:

Լենինգրադի Պետհամալսարանի և ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) բարձրագույն դպրոցի շրջանավարտ, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում ՊԱԿ-ի արտաքին հետախուզության գծով սպա, հետագայում աշխատել է Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանում:

Տեղափոխվելով Մոսկվա՝ նշանակվել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախագահի Վերահսկողական գլխավոր վարչության ղեկավար, 1998-ին դարձել է նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ և քաղաքական շրջանակներում համարվում էր Կրեմլում ամենաազդեցիկ գործիչներից մեկը:

Նույն 98-ին նշանակվել է Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն: Պուտինը, իր հերթին, տեղակալներ է ընտրել Նիկոլայ Պատրուշևին, Վիկտոր Չերկեսովին և Սերգեյ Իվանովին, որոնց հետ ծանոթացել էր դեռ Լենինգրադում՝ ՊԱԿ-ի համակարգում ծառայելու օրերին:

Վերլուծաբանների համոզմամբ՝ Ելցինը 1999 թվականի գարնանն արդեն հակված էր ժառանգորդ հռչակել Պուտինին:

Օգոստոսի 5-ին Ելցինը Պուտինին ասել է, որ ցանկանում է նրան նշանակել Դաշնության վարչապետ: Օգոստոսի 9-ին Պուտինը նշանակվեց վարչապետի պաշտոնակատար: Եվ նույն օրը Ելցինը հայտարարեց, որ իր քաղաքական ժառանգորդը Պուտինն է:

1999 թվականի օգոստոսի 16-ին Պետական դուման Պուտինին հաստատեց վարչապետի պաշտոնում:

«Նա կհաղթի, դուք դեռ կաշխատեք միասին, նա կշարունակի Ռուսաստանի ժողովրդավարական կողմնորոշման և արտաքին աշխարհի հետ կապերի ընդարձակման իմ քաղաքականությունը», - մասնավոր զրույցում Ելցինն ասել է ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնին:

1999 թվականի դեկտեմբերի 31-ին Ելցինը հրաժարական ներկայացրեց, և Պուտինը ստանձնեց նախագահի պաշտոնակատարի լիազորությունները: Նույն օրը նա ստորագրեց կարգադրություն Ելցինին և նրա ընտանիքին երաշխիքներ տրամադրելու մասին:

2000 թվականի մարտին Պուտինն ընտրվեց նախագահ, ապա 2004-ին վերընտրվեց: 2008-ին դարձավ վարչապետ, իսկ նախագահ ընտրվեց նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

2012-ին՝ արդեն 6 տարով, Պուտինը երրորդ անգամ վերընտրվեց, ապա 2018-ին՝ չորրորդ անգամ:

Նրա նախագահությունը կավարտվի 2024-ին: Նա գերազանցել է Լեոնիդ Բրեժնևի ղեկավարման ժամկետը և այդ առումով առայժմ զիջում է միայն Իոսիֆ Ստալինին:

Պուտինի իշխանության օրոք տեղի է ունեցել Վրաստանի հետ կարճատև պատերազմը, ռուսները գրավել են Ղրիմը, դեռ շարունակվում է պատերազմը Ուկրաինայի արևելքում, Արևմուտքի հետ հարաբերությունները ծայրաստիճան սրվել են:

Այս օրերին Մոսկվայում հետապնդում և ձերբակալում են ընդդիմադիրներին:

Վերլուծաբանները չեն բացառում, որ Վլադիմիր Պուտինը 2024 թվականից հետո ինչ-որ եղանակով կպահպանի իշխանությունը՝ կնշանակվի վարչապետ, կընտրվի խորհրդարանի նախագահ կամ կստանա «ազգի առաջնորդի» տիտղոսը, կոնկրետ մեթոդը դեռ հայտնի չէ: Կրեմլը հրաժարվում է մեկնաբանել այդ թեման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG