Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, սեպտեմբեր, 2019թ.

Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ իրենց պաշտպանյալին ազատ արձակել կալանքից կամ գրավի, կամ էլ անազատության հետ կապ չունեցող այլ խափանման միջոցի դիմաց։

«Դռնբաց դատական նիստում քննության առնելով պաշտպան Հովհաննես Խուդոյանի միջնորդությունները Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ՝ [դատարանը] որոշեց. պաշտպան Հովհաննես Խուդոյանի միջնորդությունները Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ մերժել։ Որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվելու պահից 15-օրյա ժամկետում», - հայտարարեց Դանիբեկյանը։

Որոշումը հրապարակվելուց հետո Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը քննադատեց դատավորին՝ հայտարարելով՝ դատավորն այս որոշումը կայացրել է բիրտ, բացահայտ աննախադեպ ճնշումների ազդեցության տակ։

«Դատարանը այսպիսով դարձել է գործիք պարոն Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների համար։ Այսօր դատարանը գործում է որպես գործադիր իշխանության գործիք։ Սա իմ հայտարարությունն է, դրա հիմնավորումները բազմիցս տվել ենք, դա բացահայտ է արվում արդեն, դա արդեն չի թաքցվում ոչ մեկի կողմից։ Ձեր նախորդ դատական նիստից առաջ Ձեր նկատմամբ իրականացված ճնշումները ակնհայտորեն ցույց տվեցին, որ Ձեզ զրկել են Ձեր սեփական կամքից և Դուք հիմա էստեղ գործ ունեք ընդամենը դատարանի տեսքով, բայց ոչ բովանդակությամբ։ Այստեղ դատարանը բովանդակային առումով գոյություն չունի։ Մեր պաշտպանյալը Հայաստանի Հանրապետությունում զրկված է դատարանի իրավունքից, դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ», - նշեց Ալումյանը։

Հայկ Ալումյանը հիշատակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը դատական համակարգի որոշ դատավորների մասին։ «Ազատության» հետ բացառիկ հարցազրույցում վարչապետն ասել էր. «Մի տարվա ընթացքում դատական համակարգը փոխարեն զբաղվեր ինքնամաքրման, տերեր են փնտրում: Գնացել են անկյուններում իրենց հին տերերին են փնտրում: Դռների տակ վնգստում են, որ եկեք մեզ տիրություն արեք»:

Ալումյանն ասաց, որ դիմել է ԲԴԽ նախագահին՝ ստանալու «դռների տակ վնգստացող դատավորների ցանկը»։

«Մենք ուզում ենք իմանալ, ուղղակի որովհետև պարոն Վարդազարյանը ասաց, որ այդ վնգստացող դատավորներին դատական համակարգում գիտեն, բայց հանրությունը կոնկրետ չգիտի՝ ինչի մասին է խոսքը։ Այսօր ես համապատասխան նամակով դիմել եմ պարոն Վարդազարյանին, որպեսզի ինքը թվարկի՝ դռների տակ վնգստացող դատավորների ցուցակը տրամադրի ինձ, բայց նախքան նա ինձ կտրամադրի, հույսով եմ, որ կտրամադրի, ես կուզեի Ձեզանից ճշտել, հարգելի դատարան, Դուք անձամբ էդ ցուցակի մեջ կա՞ք դռների տակ վնգստացողների, թե՞ չկաք», - հարցրեց Ալումյանը:

Դատավոր Աննա Դանիբեկյանը կոչ արեց չվիրավորել և անհարգալից վերաբերմունք չցուցաբերել դատարանի նկատմամբ։

Քոչարյանի պաշտպանական կողմը հայտարարեց՝ պատրաստվում են ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնել դատավորին, բայց դրա համար իրենց ժամանակ է հարկավոր։ Աննա Դանիբեկյանն էլ որոշում կայացրեց նիստը շարունակել հոկտեմբերի 7-ին։

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, 2008-ին զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի պաշտպանները դատարանին խնդրեցին թույլատրել Օհանյանին մեկնել Գերմանիա՝ բուժման։

«Հարգելի դատարան, կախված է այն աշխատանքներից, որ իրականացվելու են իմ պրոտեզի վրա բժիշկների կողմից։ Այնտեղ նշված է 1-2 շաբաթ, 1-2 շաբաթվա ընթացքում ես հետ կվերադառնամ։ Կարծում եմ, ընդհանուր 15 օր, ինչքան շուտ լինի, այնքան շուտ ես կվերադառնամ։ Մտահոգությունները այստեղ կարծում եմ, որ...., չգիտեմ մտահոգություններ են, բայց իմ կողմից հավաստիացումները 100 տոկոսից ավել են, որ ես հետ եմ վերադառնալու», -ասաց Օհանյանը։

Մեղադրող դատախազները չառարկեցին։ Դատախազ Գևորգ Բաղդասարյանը, սակայն, առաջարկեց փոփոխել Օհանյանի խափանման միջոցը և որպես պայման կիրառել անձնական երաշխավորությունը։ Սեյրան Օհանյանի համար խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը։

«Հարգելի դատարան, սկզբունքային առարկություն Սեյրան Օհանյանին բուժման մեկնելու հնարավորություն տալու չունենք՝ պայմանով, որ դատարանը պետք է ունենա բավարար երաշխիքներ, որ Սեյրան Օհանյանը վերադառնալու է իր կողմից նշած ժամկետում։ Այդպիսի երաշխիքը մենք համարում ենք այլ խափանման միջոցի կիրառումը, որը չի ենթադրում սահմանահատման արգելք։ Այդպիսին կարող է լինել, օրինակ, անձնական երաշխավորություն խափանման միջոցը», - ասաց Բաղդասարյանը։

Դատավորը, սակայն, որոշեց չփոփոխել Սեյրան Օհանյանի խափանման միջոցը և նրան թույլատրել բացակայել երկրից հոկտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 4-ը։

Քոչարյանից բացի, ամբաստանյալի աթոռին են նաև նրա նախկին ենթակաները՝ 2008-ին պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովը, Գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը և այդ ժամանակ Անվտանգության խորհրդի քարտուղար, նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը։ Ի տարբերություն նախկին նախագահի, նրանք ազատության մեջ են: Չորս ամբաստանյալներից ոչ ոք մեղադրանքը չի ընդունում։

XS
SM
MD
LG