Մատչելիության հղումներ

Վրաստանի պաշտպանության նախարարի կարծիքով՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում կարևորը համբերությունն է


Վրաստան - Վրաստանի և ՆԱՏՕ-ի դրոշները Կրծանիսիի Համատեղ ռազմաուսումնական և գնահատման կենտրոնում, արխիվ
Վրաստան - Վրաստանի և ՆԱՏՕ-ի դրոշները Կրծանիսիի Համատեղ ռազմաուսումնական և գնահատման կենտրոնում, արխիվ

«Վրաստանի բնակչությունը պետք է իրատեսական սպասելիքներ ունենա Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հեռանկարներից», - նախօրեին Թբիլիսիում, ամփոփելով պաշտպանության և անվտանգության հարցերին նվիրված ՆԱՏՕ-ի 13-րդ համաժողովի արդյունքները, հայտարարեց Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին:

«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերություններին և այդ դաշինքից մեր սպասելիքներին, ապա մենք պետք է մեր երկրի քաղաքացիների մոտ ճիշտ ակնկալիքներ ձևավորենք: Չի կարելի մարդկանց հուսադրել, կեղծ սպասելիքների մթնոլորտ ստեղծել, հետո հուսախաբ անել նրանց: Դա շատ մեծ սխալ է, որ թույլ է տրվել նախորդ իշխանությունների կողմից», - հայտարարում էր Ղարիբաշվիլին:

Վրաստանի պաշտպանության նախարարի խոսքով՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում կարևորը համբերությունն է:

«Մենք ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցության պայմաններում շատ ճիշտ քաղաքականություն ենք որդեգրել: Մենք նաև բավական արդյունավետ քաղաքականություն ենք իրագործում հասարակության տեղեկացվածության տեսանկյունից: Պարզապես հարկավոր է համբերատար լինել` միաժամանակ պատրաստ լինելով անդամակցությանը», - ասում էր Իրակլի Ղարիբաշվիլիին:

Առաջին անգամ Վրաստանի` Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու ցանկության մասին 2002 թվականին հայտարարեց երկրի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն: 2008-ի գարնանն արդեն` Բուխարեստում կայացած գագաթնաժողովի ընթացքում, դաշինքի անդամները Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցության սկզբունքային որոշում կայացրեցին` չնշելով, սակայն, անգամ դրա մոտավոր ժամկետները: ՆԱՏՕ-ի անդամ պետություններից մի քանիսը, այդուհանդերձ, լուրջ մտավախություններ ունեն, որ Վրաստանի ընդգրկումը դաշինքի կազմում կարող է բախվել Ռուսաստանի կտրուկ հակազդեցությանը:

Վրաստանի բնակիչների ճնշող մեծամասնությունը կողմ է ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարին: Ամերիկյան Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) պատվերով անցկացված վերջին հարցման համաձայն՝ Վրաստանի բնակիչների 71 տոկոսը կողմ են երկրի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին:

«Վրաստանի քաղաքացիների միակ խումբը, որի շարքերում ՆԱՏՕ-ին անդամակցության հակառակորդները ավելի շատ են, քան կողմնակիցները, ազգային փոքրամասնություններն են` հայերն ու ադրբեջանցիները», - վկայում են NDI-ի հարցման արդյունքները:

XS
SM
MD
LG