Մատչելիության հղումներ

Բաթումիում անցկացվում է Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստը


Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Բաթումիում ողջունում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռոուզ Գյոթեմոլլերին, 3-ը հոկտեմբերի, 2019թ․
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Բաթումիում ողջունում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռոուզ Գյոթեմոլլերին, 3-ը հոկտեմբերի, 2019թ․

Այսօր Բաթումիում աշխատանքները կշարունակի Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցելու նպատակով Աջարիայի մայրաքաղաք են ժամանել դաշինքի անդամ բոլոր 29 պետությունների ներկայացուցիչները:

Վրացական կողմի հետ քննարկումների ընթացքում Հյուսիսատլանտյան դաշինքի պատվիրակությունը ղեկավարում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմոլլերը:

Մի քանի ժամ շարունակված դռնփակ քննարկումների ավարտին ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները նախօրեին կրկին ընդգծում էին․ - «Վրաստանը դաշինքին անդամակցելու լիարժեք իրավունք ունի, անգամ եթե Ռուսաստանը հետևողականորեն ընդդիմանում է դրան»:

«Ռուսաստանը չի աջակցում Վրաստանի եվրատլանտյան ձգտումներին, դա որևէ մեկի համար նորություն չէ: Բայց այդ հանգամանքը որևէ կապ չունի այն տեսակետի հետ, որին հակված է Հյուսիսատլանտյան դաշինքը: Վրաստանի խնդրում մենք շարունակում ենք հակված մնալ այն նույն մոտեցմանը, որ պաշտոնապես հայտնել ենք դեռ Բուխարեստի գագաթնաժողովի ընթացքում, մեր ղեկավարների շուրթերով վերահաստատել ենք նախորդ տարի Բրյուսելում, և որն ընդգծվել է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի կողմից քիչ առաջ հրապարակված համատեղ հայտարարության տեքստում», - նշում էր Գյոթեմոլլերը նիստի առաջին օրվա աշխատանքներն ամփոփող մամուլի ասուլիսի ընթացքում` հատուկ ընդգծելով, որ Վրաստանի` դաշինքին անդամակցության գաղափարը լիովին համապատասխանում է միջազգային ընդունված չափանիշներին:

«ՆԱՏՕ-ն հավատարիմ է կարևոր միջազգային մի չափանիշին`ցանկացած երկիր, որքան էլ մեծ կամ փոքր լինի այն, իրավունք ունի ինքնուրույնաբար որոշել, թե ինչպես է ապահովելու իր անվտանգությունը: Վերջ, ՆԱՏՕ-ի տեսանկյունից դա կարևոր մի չափանիշ է», - հայտարարում էր դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալը:

Վրաց լրագրողներից մեկի հարցին էլ, թե արդյոք Թբիլիսին կարող է դաշինքին անդամակցության հարցում որոշակի առաջընթաց ակնկալել դեկտեմբերի սկզբին Լոնդոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում, Ռոուզ Գյոթեմոլլերը թափանցիկ կերպով ակնարկեց, որ դա գրեթե անհնարին է: ՆԱՏՕ-ի ներկայացուցչի խոսքով՝ դաշինքի ղեկավարները Լոնդոնում հազիվ թե Վրաստանի անդամակցության հարցը քննարկելու ժամանակ գտնեն:

«Իրականում Լոնդոնում ոչ թե ՆԱՏՕ-ի գագաթնաժողով է նախատեսված, այլ [անդամ պետությունների] ղեկավարների հանդիպում: Դա շատ կարճ հանդիպում է լինելու, և գործընկեր պետություններից և ոչ մեկին հնարավորություն չի տրվի հանդիպել դաշինքի ղեկավարության հետ: Դրա հետ մեկտեղ, Լոնդոնում ՆԱՏՕ-ի հանրային համաժողովն է գործելու, որի ընթացքում Վրաստանը կարող է ներկայացնել այն առաջընթացը, որ արձանագրել է եվրատլանտյան ինտեգրման և բարեփոխումների ճանապարհին», - հայտարարում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը:

XS
SM
MD
LG